««Զանգեզուրի միջանցքը» Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպումն է». Ռուբեն Մելքոնյան

«Հայաստանը՝ լինելով Թուրքիայի թիրախ, անցնող տասնամյակներին կարողացել է իրեն արժանապատվորեն պահել, տուրք չի տվել թուրքական տարատեսակ նախապայմաններին, արժանապատվորեն պահել է իր պետության իմիջը, իր արժանապատվությունը։ Դրա շնորհիվ ավելի մեծ հարգանք ու ավելի մեծ գործոնի դեր է ունեցել, քան այս պարտվողական, հաշտվողական տրամադրությունների կոնտեքստում»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում Բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երկու բաղադրիչ կա՝ սահմանների բացումն ու  դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, իսկ երկրորդը՝ հաշտության գնալը՝ հաշտությունն էլ  վերաբերելու է տարատեսակ խնդիրների՝ Հայոց ցեղասպանության, պատմական տարատեսակ խնդիրների, Արցախի խնդրին և այլն։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի, այս երկու բաղադրիչները պետք է առանձնացվեն, սակայն իրականում ՀՀ ներկայիս իշխանություններն այնպիսի քարոզ են իրականացնում, որ նշված երկու բաղադրիչները միացվում են միմյանց։

«Ասում են՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք ու դրա դիմաց Հայոց ցեղասպանության, Արցախի հարցերը, Կարսի պայմանագիրը շատ արագ լուծենք ու պրծնենք, բայց այդպես չի լինում, օրինաչափորեն այդպես չի կարող լինել, որովհետև երկու պետությունների հասարակությունների միջև կան խորքային կարծրատիպեր, մոտեցումներ։ Հայ-թուրքական հարաբերություններ հաստատելը, սահմանները բացելը այլ բան է, հաշտության գնալը՝ լրիվ այլ բան։ Թուրքիայի հայտնի նախապայմաններում արդյո՞ք այսօր որևէ փոփոխություն կա, որն այս իշխանություններին ու այլևայլ շրջանակներին թույլ է տալիս դրանք անվանել դրական։ Պարզ ասեմ՝ երեք նախապայմաններում, որոնց այսօր միացել է նաև այլ նախապայման, որևէ դրական ազդակ չի արձանագրվել»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Շարունակելով՝ նա ընդգծեց, որ Թուրքիան ունեցել է երեք նախապայման՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, կամ հրաժարվել Արցախից։ Հետևաբար՝ հարց է առաջանում, այս պահանջն այսօր փոխվե՞լ է՝ ոչ, քանի որ Թուրքիան ասում է, որ Հայաստանի հետ կհաստատի հարաբերություններ, եթե նա ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է՝ Արցախն էլ հետը։ Սա Թուրքիայից եկող մեսիջն է։

Երկրորդ նախապայմանը վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, և ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահներն այս հարցը երբեք չեն քննարկել, չեն քննարկել նաև պատմաբանների հանձնաժողովի հարց։

«Այն դիտարկումները, թե «ցյուրիխյան արձանագրություններում» դա եղել է, բացահայտ կեղծիք է։ Այդ արձանագրությունում չի եղել Արցախ, Կարսի պայմանագիր և Հայոց ցեղասպանություն տերմինը։ Այն ժամանակվա պատասխանատուներն ամենաճիշտ դիրքերում են եղել և որևէ հետքայլ չեն արել։ Պոպուլիզմը որքան էլ գերդոզավորված լինի այս իշխանությունների կողմից, պատմությունն ի վերջո ամեն ինչ տեղն է դնելու»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Միաժամանակ թուրքագետը նշեց, որ Թուրքիայի երեք նախապայմաններին միացել է «Զանգեզուրի միջանցքը», որը կա նաև Շուշիի հռչակագրում։

««Զանգեզուրի միջանցքը» Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպումն է»,- եզրափակեց Ռ. Մելքոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս