«Ադրբեջանը Փաշինյանից բանավոր պայմանավորվածություն է ստացել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իր տարածք գնալու համար Ալիևից պետք է թույլտվություն ստանա». Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը որևէ առնչություն չունի Արցախի հետ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով այս հայտարարություններին՝ նկատեց՝ երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե գործընթացն Արցախի հարցի հետ առնչություն չունի, նախ պետք է բացատրեն հանրությանը, թե Հայաստանի հետ ի՞նչ սահման են ճանաչելու։

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է։ Եթե Տեղ գյուղից այն կողմ ճանաչեն Ադրբեջանի սահման, ապա ինչպե՞ս կարող է Արցախի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն առնչություն չունենալ։ Նման մոտեցումներով իշխանությունը փորձում է մոլորեցնել հանրությանը, սահմանազատման գործընթացը, տարածքների ամբողջականության ճանաչման գործընթացն ուղղակի առնչվում է Արցախի հարցի հետ։

Եթե իրենք Արցախի հարցը դիտարկում են առանց այդ գործընթացի, ապա սահմանազատմամբ պետք է նաև Արցախի հետ սահմաններ ճանաչեն։ Եթե իշխանությունն անկեղծ է և չի փորձում մարդկանց մոլորեցնել, պետք է ասի, որ Տեղ գյուղի սահմանն անցնում է Արցախի Հանրապետության սահմանով։ Եթե այդպես իրականացնեն գործընթացը, ապա մեզ համար ընդունելի կլինի, հակառակ դեպքում այն առնչվում է Արցախի հետ»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Միաժմանակ նա ընդգծեց, որ այս գործընթացում ՀՀ պարտված իշխանությունները չեն կարողանում իրենց նախապայմաններն առաջ քաշել, թերևս այդ պատճառով էլ Արցախի 44-օրյա պատերազմից հետ իրենք պահանջեցին պարտված իշխանության հրաժարականը, իշխանություն, որն իր պարտությունը փորձում էր փաթաթել ժողովրդի վզին։

«Պարտված իշխանությունները չեն կարողանում նախապայման առաջ քաշել, և այդ համատեքստում այսօր Ադրբեջանը կարողանում է հանդես գալ թելադրողի դերում, չի համաձայնում որևէ պայմանի հետ, չէ՞ որ իր առջև պարտված իշխանություն է»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չգնալուն, Դավիթ Գալստյանը նկատեց՝ Արցախ մեկնած ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ու  Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Արցախ մեկնելուց հետո հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի Արցախ չգնալը, նրա խոսքով՝ Ալիևի կողմից առաջ քաշած նախապայմաններից մեկն է, որ Փաշինյանն այլևս Արցախ չգնա և չխոսի Արցախի մասին։

«Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից բանավոր պայմանավորվածություն է ստացել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իր տարածք գնալու համար Նիկոլ Փաշինյանը նրանից պետք է թույլտվություն ստանա։ Հիմա նա թույլտվություն չի ստացել, այդ պատճառով էլ Արցախ չի գալիս»,- շեշտեց Դ. Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս