2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի հետ կապված կան ռիսկեր. Վարդան Արամյան

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում  Կառավարության անդամների արած հայտարարությունները, թե ԵԱՏՄ անդամ պետութունների շարքում Հայաստանում արձանագրվել է  ամենաբարձր տնտեսական աճը․ տնտեսական աճը ամենաբարձրը չէ, բայց գնաճի դեպքում ունենք բարենպաստ վիճակ։

Վ․ Արամյանը պնդում է՝ Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած ցուցանիշները բոլորովին այլ պատկերի մասին են վկայում։

«Իրականում համեմատության մեջ տեսնում ենք, որ ԵԱՏՄ և տարածաշրջանային երկրների շարքում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել 7.4 %, վերականգնվել՝ 5.8%, իսկ Ադրբեջանում անկումը կազմել է 4.3 %, վերականգնումը՝ 5.3%, Բելառուսն անկում է ունեցել 0.9 %, վերականգնվել՝ 2.3%, Վրաստանում անկումը կազմել է 6.2%, տնտեսական աճը՝ 10.6%, Ղազախստանում՝ 2.6% անկում է արձանագրվել, վերականգնումը 4.5% է։ ԱՊՀ միակ երկիրը, որը Հայաստանից ավելի վատ ցուցանիշ է արձանագրել, այսինքն՝ ունեցել է տնտեսության ավելի խորը անկում, իսկ վերականգնման տեմպն էլ մեզանից ավելի դանդաղ է եղել, Ղրղըզստանն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վարդան Արամյանը՝ ներկայացված վիճակագրությամբ հերքելով Կառավարության անդամների պնդումները, որ ԵԱՏՄ անդամ պետությունների համեմատ՝ Հայաստանում արձանագրվել է ամենաբարձր տնտեսական աճը։

Նա նաև ընդգծեց՝ Հայաստանի տնտեսության վերականգնման դանդաղ տեմպից՝ 5.8% աճից է՛լ ավելի վտանգավոր է նաև մեր երկրի տնտեսական աճի կառուցվածքը, որը գնալով ավելի է վատացել, որովհետև տնտեսական աճը հիմնված է մեծամասամբ սպառման վրա, իսկ դա նշանակում է, որ չնայած ներդրումներն աճել են ընդամենը 1%-ով, իսկ տրանսֆերտներն էապես նվազել են, Կառավարությունը ոչ միայն գործիքներ չի կիրառում դրանք ավելացնելու ուղղությամբ, այլ նաև գնալու է կապիտալ ծախսերի թերակատարման՝ փող խնայելու համար։

«Գնում են կապիտալ ծախսերի տուգանման՝ կրճատման, որովհետև գնաճի ֆոնի վրա մեծանալու է սոցիալական ծախսեր անելու անհրաժեշտությունը, իսկ այդ ժամանակ Կառավարությունը կանգնելու է հարցի առջև՝ իսկ որտեղի՞ց վերցնել այդ գումարը։ Եթե դա անելու են արտաքին պարտքի հաշվին, ապա Կառավարությունը խիստ վտանգավոր խաղի մեջ է մտնում և կարող է Հայաստանին Հունաստանի պես կանգնեցնել դեֆոլտի առաջ։ Նման խնդրի առաջ չկանգնելու համար Կառավարությունը պետք է իր ծախսային քաղաքականությունն այնպես կառավարի, որ ՀՀ եկած փողը չվերցնի ու որպես խնայողություն պահի, իսկ այդ դեպքում Կենտրոնական բանկը չէր մնա գնաճը զսպելու խնդրի հետ միայնակ, ստիպված չէր լինի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, սակայն Կառավարությունն այս անհրաժեշտ քայլերը չի կիրառում»,- ասաց Արամյանը։

Ուստի, նրա փոխանցմամբ՝ երբ ԿԲ-ն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ Կառավարությունն անընդհատ ներքին պարտքն է ավելացնում, դա նշանակում է, որ Կառավարությունը գումարը տնտեսությունից դուրս է բերում, խնայողություններ է անում։ Այսինքն՝ պետությունից խլում է իր ֆինանսական ռեսուրսները, որպեսզի ֆինանսավորի իր ծախսերը։

Վ․ Արամյանը պնդեց՝ Կառավարության վարած այդ քաղաքականությունը բերում է տնտեսական աճի պոտենցիալի թուլացմանը, ինչն արդեն իսկ պարզորոշ երևում է նաև վարկերի տեսքից՝ վարկերի ծավալները նվազել են, ավանդները՝ ավելացել։

«Վտանգավորն այստեղ այն է, որ վարկերի տոկոսների թանկացման հետևանքով մասնավոր հատվածը կսկսի քիչ վարկեր վերցնել, իսկ եթե սրան էլ գումարում ենք այն, որ Կառավարությունը չափից շատ գումար է վերցնում տնտեսությունից ու խնայում, ուստի ակնհայտ է դառնում, որ տրանսֆերտների աճի հաշվին ֆինանսավորվում է սպառումը, իսկ Կառավարությունը գործողություն չի անում տնտեսական աճի պոտենցիալը ուժեղացնելու համար։ Արդյունքում մենք կունենանք  բարձր գնաճ ու ցածր տնտեսական աճ, հետևապես՝ 2022 թվականի 7 տոկոսանոց կանխատեսված աճը բավականին ամբիցիոզ է»,- խոսքը եզրափակեց Արամյանը։

Հարցազրույցի մանրամաները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս