«Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է Արցախի անկախության համար, որևէ մեկն իրավունք չունի այդ պայքարը հարցականի տակ դնել». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի կրած ցավից ու կորստից հետո իշխանությունները մշտապես կողմնակից են եղել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ։ Սակայն որևէ մեկը Հայաստանից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, չպետք է հայտարարի, թե Թուրքիայի հետ սահմանները Խորհրդային Միության ժամանակ են գծվել, կամ Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի, պետք է մոռանալ։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, պետք է մի օր էլ ասեն, թե Շուշիի ու Հադրութի օկուպացիան արդեն 100 տարեկան է։

«Թուրքիայի համար այս ամենը գին ունի. Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերի ճանաչումն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ  շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց՝ դժվար է նորմալ բնորոշումներ գտնել այդ հայտարարությունների վերաբերյալ, դրանք «աներևակայելի» են.

«Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է նրա համար, որպեսզի Արցախը գտնի իր ազատությունը, իր իրավունքի իրացումը։ Սա մի ամբողջ ազգի ինքնության պայքար է եղել։ Հետևաբար՝ որևէ մեկն իրավունք չունի այդ պայքարը հարցականի տակ դնել։ Անձամբ ես, ինձ համար թույլ չեմ տա նման բան անի, կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է որոշի, թե իր արժանապատվության բաժակը երբ կլցվի, ոտքի կանգնելը յուրաքանչյուր սերունդ յուրովի է սահմանում։ Կարծում եմ՝ սա անթույլատրելի է, նրա հայտարարությունները հակասում են իր հայտարարություններին, թեկուզ երկու տարի առաջվա խոսույթին, այսինքն՝ սա ինքնահակասություն է։ Ես պաշտպանում եմ իրենց՝ իրենց ասածներից, իրենց արժանապատվությունն եմ պաշտպանում, երբ ասում եմ, որ սխալ են ասում»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայության ինքնության ամբողջ պայքարը եղել է Արցախը և այդ պայքարը պետք է շարունակվի նաև այժմ, նաև ի հեճուկս իշխանությունների ոչ հայանպաստ խոսքերի, որոնք, ցավոք, այսօր ժամանակավորապես պետական կնիք ունեն իրենց վրա։

«Ահավոր է, որ մենք այս փուլը պետք է ապրենք, բայց պետք է հաղթահարենք, որովհետև սրանք ավելի մեծ պատնեշ  ու խոչընդոտ են, քան թշնամու խոչընդոտները։ Թե որտեղից է սա, ես չեմ կարող ասել, այո, փխրուն է անվտանգության վիճակը: Այո՛, այս անցումը լինելու է վտանգավոր և փխրուն, գիտեմ, որ ճնշումները շատ են, բայց ոչ մեկը պարզապես իրավունք ու հիմք չունի նման բան ասելու։ Ամոթ չասեմ, բայց մեծ ցավ եմ ապրում, որ մարդիկ, ովքեր իրենց մտքով լավ բանի համար են պայքարել, կամովի նման բան են ասում։ Սրան որևէ արդարացում չկա»,- եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս