«Դիահերձումների թիվը Հայաստանում կտրուկ աճել է՝ 36 տոկոսից հասել է 90 տոկոսի. իրականացվում են անհարկի դիահերձումներ». Նարեկ Զեյնալյան
Այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Քննարկելուց հետո օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն։
Ըստ Նարեկ Զեյնալյանի, նախագծով նախատեսվում է, որպեսզի ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն միայն բժշկական հասատատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում։
«Ժամանակին այդպես է եղել, եթե չեմ սխալվում՝ 2012 թվականին հնարավորություն է տրվել նաև այլ կազմակերպություններ, ՍՊԸ-ներ իրականացնեն ախտաբանաանատոմիական դիահերձում, որոնք կարող են կից չլինել բժշկական հաստատությանը կամ ընդհանրապես բժշկական հաստատության հետ որևէ կապ չունենան։ Սա բերել է այն բանին, որ դիահերձումների թիվը Հայաստանում կտրուկ աճել է՝ 36 տոկոսից հասել է մինչև 90 տոկոսի, այնինչ եվրոպական միջին ցուցանիշը 26,5 տոկոս է։ Իրականացվում են անհարկի դիահերձումներ, ինչն իր հետ բերում է նաև ֆինանսական ծախսեր հարազատների կողմից, ինչպես նաև որակի վերահսկողություն այստեղ չի իրականացվում։ Տեսչական մարմինն իրականացնում է միայն լիցենզիայի պայմանների ստուգում։ Որակի վերահսկողությունը բժշկական հաստատություններն իրականացնում են իրենց ենթակայությամբ գործող ախտաբանաանատոմիական ծառայություններում: Պետք է նաև ընկալել, հասկանալ ու գիտակցել, որ ախտաբանաանատոմիական ծառայությունը դա բժշկագիտություն է, այլ ոչ զուտ դիահերձում»,- հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ այսօր կա 8 մասնավոր կազմակերպություն, որոնց գործունեությունն օրենքի ընդունման դեպքում ախտաբանաանատոմիական մասով կսահմանափակվի, քանի որ նրանք այլ ծառայություններ ևս մատուցում են։
«Նրանք ժամանակին ստացել են լիցենզիա ախտաբանաանատոմիական դիահերձում իրականացնելու, մենք դրույթ ենք մտցրել, որ 6 ամիս անց նրանց լիցենզիան կկասեցվի։ Որակի վերահսկողություն չի իրականացվում, նրանք չունենք հյուսվածքաբանական լաբորատորիա, այսինքն՝ հյուսվածքը հետազոտելու և ճիշտ մահվան պատճառը բացահայտելու, նաև բժշկական սխալը բացահայտելու, ճիշտ վիճակագրություն ունենալու հնարավորություններ»,- հավելեց ԱԺ պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում