«Նախագիծը միաձայն պետք է ընդունվի, որպեսզի թշնամին չկարողանա օկուպացրած տարածքները սեփական տարածք ներկայացնել միջազգային կառույցներում». Մետաքսե Հակոբյան
Արցախում ուզում է լինի օրենսդիր, գործադիր թե շարքային քաղաքացի, հակված է այն մտքին, որ մենք մեր տարածքները պետք է ազատագրենք:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ՝«Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների ղեկավարների համահեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ՝ ադրբեջանական օկուպացիայի վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ներկայացնելով նախագծի մանրամասները, նախ ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո տարբեր առաջարկներ են եղել, սակայն որևէ անգամ դրանք համակարգված չեն դիտվել, քանի որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, որն այլևս չի համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։
«Մեր Սահմանադրության մեջ հստակ գրված է, թե որոնք են Արցախի Հանրապետության սահմանները։ Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ այլևս սահման չունենք, այլ ունենք շփման գիծ, քանի որ թշնամին օկուպացրել է մեր հայրենիքի զգալի մասը։ Հետևաբար, անհրաժեշտություն կա իրավական կարգավորման, որպեսզի թշնամին օկուպացրած տարածքները չկարողանա որպես սեփական տարածք ներկայացնել միջագային կառույցներում և ներգրավել ներդրողների, որի մասին իրենք են հայտարարել։ Երբ նախագիծն ընդունվի, դրանով իրավական հիմք կստեղծվի, որպեսզի միջազգային այն ներդրողները, որոնք ցանկանում են թշնամու կողմից օկուպացրած տարածքներում որևէ ներդրում կամ շինարարական աշխատանքներ կատարեն, ապա այդ ամենը պետք է անպայման համաձայնեցվի Արցախի կառավարության հետ, և ունենան այդ թույլտվությունը։ Հակառակ դեպքում դա կընդունվի ոչ օրինական, և հետագայում որևէ մեկը մեզանից չի կարողանալու որևէ բան պահանջել։ Արցախում ուզում է լինի օրենսդիր, գործադիր թե շարքային քաղաքացի, հակված է այն մտքին, որ մենք մեր տարածքները պետք է ազատագրենք»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, նախագծի վերաբերյալ Հայաստանի հասարակության կողմից կա դրական արձագանք, իսկ իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, քանի որ այն նրանց համար ոչ ձեռնտու տարբերակ է։
Միաժամանակ Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագիծը դեռևս կլրամշակվի, իսկ փետրվարին տեղի կունենա առաջին ընթերցումը։
«Փոփոխություններ հաստատ կլինեն, քանի որ մենք հակված ենք նախագծի մեջ ավելացնել այն տարածքները, որոնք թշնամու կողմից բռնազավթվել են 1990-ականներին՝ Շահումյանի շրջանն՝ իր գյուղերով, Գետաշենը, նաև Մարտունու և Մարտակերտի գյուղերը։ Համոզված եմ, որ նախագիծը կստանա դրական եզրակացություն, որովհետև խորհրդարանը նման նախագիծ ընդունելու առումով նույնիսկ ուշացել է։ Այլ տարբերակ չկա, կարծում եմ՝ օրենքի նախագիծը միաձայն պետք է ընդունվի։ Նախագծի վերաբերյալ որևէ անհամաձայնություն չկա»,- նշեց Մ. Հակոբյանը։
Հարցին՝ անհրաժեշտություն կա՞, որպեսզի նման նախագծով հանդես գա նաև ՀՀ ԱԺ-ն՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ եթե նման առաջարկով հանդես գան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ դրան հավատում է, սակայն իշխող խմբակցությունում միաձայն դրան դեմ կքվեարկեն, որի արդյունքում կրկին տգեղ շահարկումներ կլինեն Արցախի շուրջ։
«Իհարկե, անհրաժեշտություն կա, բայց ո՞վ պետք է ընդունի, որովհետև այդ իշխանությունն է այս աղետը բերել Արցախի գլխին, և նա է հակված, որ ազատվի Արցախից։ Այդ իշխանությունն իր հաշվարկներում այնքան է սխալվել, որ Արցախի 25 տոկոսը չի հանձնել։ Հետևաբար, նա թույլ չի տա, որպեսզի նման նախագիծ մտնի շրջանառության մեջ։ Նրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են այս ամենն անում, ինչպե՞ս կարող են իրենց ծրագրերին հակառակ բաներ անել։ Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ ՀՀ իշխանություններն ամեն բան պետք է անեին, որպեսզի սա իրավական հիմք ունենար նաև Հայաստանում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։