«Նիկոլին լսում՝ ներվայնանում եմ․ անջատեցի, փոխեցի ալիքը»․ քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին

Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հրավիրած ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ, ըստ հայտարարության՝ պետք է պատասխաներ՝ ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկված հարցերին։ Բայց, ինչպես հաջորդ օրը ֆեյսբուքյան գրառումներով դժգոհություն հայտնեցին որոշ լրատվամիջոցների խմբագիրներ, իրենց ուղարկած հարցը խմբագրել էին, փոփոխության ենթարկել, և այլն:

Չնայած գործադրած ջանքերին, ֆեյսբուքյան դիտումների քանակը վկայում էր, որ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները նախկին վարկանիշը չունեն, դիտումներն անհամեմատ նվազել են։

168.am-ը շրջել է մայրաքաղաք Երևանի փողոցներով՝ քաղաքացիներից պարզելու, թե արդյոք հետևե՞լ են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ի՞նչ կարծիք ունեն։

«Լսեցինք, խոսում է, ինքը չի կարող ոչ մի բան անել․․․»,- ասաց մեծահասակ մի կին։

Մի տղամարդ էլ՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հետևե՞լ եք հարցին այսպես արձագանքեց.

«Չեմ հետևում, աշխատում եմ չհետևել։ Լսում եմ՝ ներվայնանում եմ, ներվայնանում եմ ուղղակի տարբեր խոստումներով։ Պատերազմը սարքեց, կարող է՝ ուղղակի, կարող է՝ անուղղակի, չգիտեմ․ հիմա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ո՞նց կարող է Թուրքիայի հետ խաղաղություն լինի, այն դեպքում, երբ նա պայմաններ է դնում՝ էս տուր, էն տուր, էն տուր։ Թուրքին ոնց ուզում ես՝ պահի, դանակը իր ձեռքն է, երբ ուզեցավ, երբ մտքով անցավ․․․ Բացառվում է թուրքի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, դարեդար եկել է դա, թուրքի հետ հնարավո՞ր է խաղաղություն։ Փաշինյանն այդ տարիքին հասել է, բայց չի հասկանում, որ թուրքի հետ խաղաղությունը բացառվո՛ւմ է»։

Հարցված քաղաքացիներից մեկ այլ տղամարդ ևս ասաց, որ չի հետևում Փաշինյանի ելույթներին, հայտարարություններին․

«Ես անջատեցի, փոխեցի ալիքը, ոչ մի բան չեմ լսել, որովհետև չի արվում այն, ինչ ասվում է, ասում են այլ բան, անում են ուրիշ բան, դրա համար էլ չեմ լսում իրեն։ Գեղեցիկ ձևով խոսում է, սխալներ է ընդունում, սխալներ է ման գալիս, մարդկանց սխալ է հանում, բայց այդ մարդիկ, էս 2-3 տարի է՝ դատվում են ու չե՛ն դատվում, ո՞նց հասկանանք»։

Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց՝ տեղյակ էր, որ Փաշինյանը 20։00-ին պետք է առցանց ասուլիս տար, բայց զուտ տանը չլինելու պատճառով չի կարողացել նայել։ Ճշտող հարցին՝ իշխանություններն իրենց տված խոստումները կատարո՞ւմ են, քաղաքացին պատասխանեց, թե ամեն ինչ ուզում ենք միանգամից կատարվի, ապա հավելեց, որ չեն թողնում, իսկ թե ովքե՞ր չեն թողնում, 4 տարի է՝ այս իշխանությունն է երկրի ղեկին, պատասխանեց․

«Կապ չունի, այսքան որ դուրս են գալիս ցույցերի, նորից ընտրություն-նորից ընտրություն, հայ ենք, չէ՞, վերջը, չե՛ն թողնում․․․»։

Հարցվածներից մեկն էլ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը որակեց՝ մանիպուլյացիա․

«Մանիպուլյացիա, խաբեություն, ես իրա ոչ մի խոսքին չեմ հավատում, ինքը շատ խաբեբա է, խաբեբա տղա դուրս եկավ․․․»։

Քաղաքացիներին նաև հարցրեցինք, թե ստեղծված ծանր վիճակից ելքն ինչպե՞ս են պատկերացնում։ Մեծ մասը պատասխանեց՝ համենայն դեպս այս իշխանությունները չեն կարող երկիրն այս վիճակից հանել։

«Միակ մարդուն, որ ես կցանկանայի տեսնել վարչապետի պաշտոնում, դա Արման Թաթոյանն է, ես կցանկանամ, որ ինքը կուսակցություն բացի և զբաղվի քաղաքական հարցերով և հայ ազգին օգնի ինչ-որ հարցով, մենք էլ իր կողմնակիցը լինենք, վարչապետ դառնա և հայ ազգի մասին մտածի, ինքը հայրենասեր տղա է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս