«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը 1992 թվականին մտել են ԱՊՀ, սա չի նշանակում, որ այդ երկու պետությունների միջև տարածքային խնդիրները լուծված են». Արմեն Աշոտյան

«Ինձ մոտ ավանդույթ է դարձել Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր զառանցանքից հետո գալ ու բացահայտել նրա ստերը և տալ իր հիվանդության պատմության հերթական գլուխը։ Երեկ նա աչքի ընկավ հետևողական մի քաղաքականությամբ, որի ամբողջ նպատակն է հայ ժողովրդի մտքում սերմանել, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն Հայաստանն այլևս երբեք չի հետապնդում»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երեկվա ասուլիսին և նրա կողմից հնչեցրած մի շարք հայտարարություններին։

Ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանի և՛ ստերի որակն է ընկել, և՛ դրանց քանակը, շեշտելով, որ առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ժողովրդին խաբել, որ տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել 1992 թվականին։ Եվ այդ ժամանակներից, այսպես ասած՝ Արցախի հայկական մնալու համար ռումբեր են տեղադրվել։

«Կարծես թե այս ամենն ինձ չէր վերաբերում, թող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դուրս գային ու խոսեին այդ զավեշտալի պնդումների մասին։ Սակայն Արցախի հարցը բոլորինս է, և անկախ նրանից, թե ինչ ընթացք են ունեցել բանակցությունները, պետք է փաստել, որ նախորդ երեք նախագահների օրոք Արցախը հայկական էր ու անկախ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Շարունակելով թեման՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ տարբեր պետություններ, որոնք միմյանց հետ ունեն չլուծված սահմանների խնդիր, գտնվում են տարբեր միջազգային կազմակերպությունների անդամության մեջ։ Այդ միջազգային կազմակերպություներին միանալով՝ կա պահանջ, որ պետք է ճանաչել փոխադարձ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այդ գործընթացն ավելի շատ պրոտոկոլային բնույթ է կրում, քան իրական քաղաքական։

«Եթե մի կառույց մտնելով՝ պետությունները ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը, բա ինչպե՞ս է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան ՄԱԿ-ի անդամ են, բայց միմյանց հետ ունեն հստակ տարածքային վեճ։ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, բայց կրկին ունեն տարածքային վեճ։ Այսինքն՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը 1992 թվականին մտել են ԱՊՀ, սա չի նշանակում, որ այդ երկու պետությունների միջև տարածքային խնդիրները լուծված են։

Երկրորդը՝ Արցախի խնդիրը երբեք որևէ առնչություն չի ունեցել տարածքային ամբողջականության հետ, որովհետև Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ։ Արցախի խնդիրը դիտարկել որպես տարածքային վեճ, սա ադրբեջանական քաղաքականություն է եղել, որով հայր և որդի Ալիևները 25 տարի շարունակ դրսում հանդես են եկել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս