«Չեմ խուսափելու գնահատականներ տալ»․ ՄԻՊ-ի թեկնածուն՝ Փաշինյանի՝ «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտության մասին
Ազգային ժողովը շարունակում է նոր օմբուդսմանի՝ իշխող կուսակցության առաջադրած թեկնածուի շուրջ քննարկումը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջադրել է արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը դիմնելով ՄԻՊ-ի թեկնածուին, ասաց, որ գործող օմբուդսմանը վերջին 1.5 տարվա ընթացքում հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով և այս իշխանությունների ներկայացուցիչների թույլ տված բազմաթիվ խախտումներ է նշել, ապա հարց ուղղեց Գրիգորյանին․
«Խնդրում եմ հաստատել, որ դուք ընտրվելու պարագայում հետամուտ եք լինելու Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերջին 1.5 տարվա ընթացքում ծավալած գործունեությանը, ապահովելու եք կառույցի շարունակականությունը և հանդես եք գալու՝ որպես ամբողջ Հայաստանի ՄԻՊ՝ ներկայացնելով գնահատականներ՝ մարդու իրավունքների խախտումների մասին, օբյեկտիվ, անաչառ, առանց որևէ կողմնակալության»։
Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ դեռ նախորդ շաբաթ իր ելույթում հնարավորություն ունեցել է նաև գնահատական տալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը, ինչպես նաև հնարավորություն է ունեցել ասելու, որ թե՛ Արման Թաթոյանը, թե՛ նախորդ բոլոր պաշտպաններն իրենց ներդրումն են ունեցել նման հեղինակության հասնելու համար․
«Բացի այդ, շեշտել եմ, որ կառույցի ինստիտուցիոնալ զարգացման, ինստիտուցիոնալ շարունակականության ապահովման նպատակն ինձ համար առավել գերակշիռ նպատակ է։ Միևնույն ժամանակ նշել եմ, որ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ մեր օրենսդրությամբ առաջնորդվելով՝ հետամուտ եմ լինելու Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների զեկույցներում, տարեկան հաղորդումներում, արտահերթ զեկույցներում հրապարակված խախտումները վերականգնելու։ Հնարավորություն եմ ունեցել նաև առաջնահերթություններս նշել և այդ առաջնահերթությունների թվում թվել եմ՝ թե՛ անվտանգային միջավայրի հետ կապված, թե՛ իրավապահ համակարգի, հավաքների ազատության հետ կապված խնդիրները, թե՛ ատելության խոսքի հետ կապված այս մարտահրավերը, կանանց իրավունքներ և այլն։ Այսինքն՝ Սահմանադրությամբ և օրենքով ՄԻՊ-ին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ եմ լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն։ Ինչ վերաբերում է ձեր վերջին պնդմանը, թե՝ ամբողջ Հայաստանի Հանրապետության, ինձ թվում է՝ Սահմանադրության և օրենքի կարգավորումներից ակնհայտ է, որ խոսում ենք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի և հետևաբար՝ պաշտպանի մասին»։
Անդրադառնալով ՄԻՊ-ի թեկնածուի՝ ատելության խոսքի դեմ ունեցած սկզբունքային դիրքորոշմանը, Արթուր Ղազինյանը շեշտեց, որ վերջին 3-4 տարիներին ԱԺ ամբիոնից հնչել են բավականին սուր և անընդունելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք, ապա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտություններից մի քանիսը․
«Մասնավորապես՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք՝ շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլն, որոնք որևէ կերպ հիմնավորված և փաստով ամրապնդված չեն։ Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական նման բառամթերքի օգտագործմանը, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»։
ՄԻՊ-ի թեկնածուն գնահատական չտվեց պատգամավորի մեջբերած՝ Փաշինյանի արտահայտություններին, միայն ասաց, որ ատելության խոսքի, հարգանքի կամ քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է, և բոլորը պետք է այդ նշաձողը բարձր պահեն․
«Ուստի այս առումով հետևողական եմ լինելու, նաև չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում