Բաժիններ՝

«Ալեքսանդր Թամանյանի առանձին թանգարան է անհրաժեշտ, միջնորդություն կարող են ներկայացնել բոլորը՝ սկսած ԳԱԱ-ից, վերջացրած Ֆինանսների նախարարությամբ»

2016 թվականին հայ նոր ճարտարապետության հիմնադիր, 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարանի փակվելուց հետո նրա ընտանիքը պայքարում է այն վերաբացելու համար, սակայն մինչ օրս հաջողության չեն հասել:

«Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը: Կայք բացեցինք, որտեղ արժեքավոր նյութեր կան՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն դա թանգարանին չի փոխարինի: Գիտեք, Ամիրյան փողոցում թանգարանային շենք կա, որը դատարկ է տասնյակ տարիներ, ու կառավարությունն ինչո՞ւ այն չի տրամադրում, որպեսզի  Թամանյանի թանգարանը բացվի: Դա Խրիմյանց գիմնազիայի շենքն է, որը պատկանում է Անգլիայում բնակվող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, ում երկու նամակ եմ գրել, որոնք մնացել են անպատասխան: Ինձ չընդունեցին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ում:

Միայն ճարտարապետ Արթուր Մեսչյանն է ընդունել, ցավոք, ինքը ոչինչ չէր կարողանում անել: Չորս անգամ ընդունելություն եմ խնդրել վարչապետի մոտ, սակայն ապարդյուն»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր  ճարտարապետի թոռը՝  Գագիկ Թամանյանը:

Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը ևս համամիտ է՝ առանձին թանգարան պետք է լինի:

«Ես ամեն ինչ գիտեմ, հետևում եմ իրադրությանը, և այո՛, Ալեքսանդր Թամանյանի առանձին թանգարան է անհրաժեշտ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ այս թեմայով քննարկումներ չե՞ն եղել ԿԳՄՍ նախարարությունում, նա պատասխանեց.

«Ես ԿԳՄՍ նախարարության հետ կապ չունեմ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Քաղաքաշինության կոմիտեի ենթակայության ներքո է: Նոր շենք հատկացնելու համար միջնորդություն կարող են ներկայացնել բոլորը՝ սկսած Գիտությունների ազգային ակադեմիայից, վերջացրած Ֆինանսների նախարարությամբ, որը գտնվում է Թամանյանի կառուցած շենքում: Բայց այնպիսի վիճակ է, որ ոչ ոք ոչ մեկի պետք չէ: Այն թանգարանները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են՝ իրենք կարողանում են ապրել, իսկ դրանից դուրս շատ դժվար է գոյատևել: 2021 թվականը դժվար տարի է եղել, բայց այն կարողացել ենք անցկացնել: Ես շատ եմ ցավում, որ թանգարանի բյուջեն տարեցտարի փոքրանում է, և ստիպված ենք աշխատել բյուջեի փոքրացման պայմաններում»:

Հավելենք, որ Ճարտարապետության թանգարանը, որն այսօր կոչվում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են մեր լավագույն ճարտարապետների արխիվային նյութերը, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ՝ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թանգարանը գործել է 15 տարի, փակվել է 2016 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս