Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը. Ալեքսանդր Թամանյանի թոռանը չի ընդունել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունում
Վերջերս թողարկվել է նոր կայք, որը պատմում է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կյանքի և գործունեության մասին:
Այն ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի ընտանիքի կողմից, մասնավորապես՝ թոռան՝ Գագիկ Յուլիի Թամանյանի և ծոռնուհու՝ Զարուհի Գագիկի Թամանյանի կողմից:
Գագիկ Թամանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2016 թվականին, երբ փակվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, այդ օրվանից պայքարում է, որպեսզի զարհուրելի սխալն ուղղվի, և հայ ազգը կարողանա պատշաճ մակարդակով և հպարտությամբ աշխարհին ներկայացնել իր երախտավորներից մեկի ժառանգությունն ու նվաճումները։
«Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը: Այո, կայք բացեցինք, որտեղ արժեքավոր նյութեր կան՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն դա թանգարանին չի փոխարինի: Գիտեք, Ամիրյան փողոցում թանգարանային շենք կա, որը դատարկ է տասնյակ տարիներ, ու կառավարությունն ինչո՞ւ այն չի տրամադրում, որպեսզի Թամանյանի թանգարանը բացվի: Դա Խրիմյանց գիմնազիայի շենքն է, որը պատկանում է Անգլիայում բնակվող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, ում երկու նամակ եմ գրել, որոնք մնացել են անպատասխան: Ինձ չընդունեցին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ում:
Միայն ճարտարապետ Արթուր Մեսչյանն է ընդունել, ցավոք, ինքը ոչինչ չէր կարողանում անել: Չորս անգամ ընդունելություն եմ խնդրել վարչապետի մոտ, սակայն ապարդյուն»,- նշեց Գագիկ Թամանյանը:
Հավելենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ՝ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է՝ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Թանգարանը գործել է 15 տարի, փակվել է 2016 թվականին:
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ կլինի, եթե Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան լինի:
«Շատ շենքեր կան, դրանցից մեկն Ամիրյան փողոցի նախկին Բրյուսովի շենքն է, որը, 20 տարի է՝ թողնված է այնպես, ինչպես կար: Կարծեմ՝ նախկին արական գիմնազիան է: Շատ լավ տեղ է: Վերանորոգվել էր ու ծառայելու էր՝ որպես Երևանի պատմության թանգարան, բայց հետո վաճառեցին: Ամոթալի է, այո՛, մեր բացթողումներից մեկն է, որ չկա Թամանյանի թանգարան, ինչպես նաև՝ նրա մասին պատմող լավ գիրք: Ցանկություն ունենք մեծ գիրք պատրաստել: Դրսից ով էլ որ գա՝ պատմելու ենք, չէ՞, որ Թամանյանը եկավ 1920 թվականին ու սարքեց Երևանը, որը մինչ այդ գյուղաքաղաք էր՝ փոշոտ, տաղտկալի: Թամանյանի թանգարանը պետք է լինի քաղաքի կենտրոնում՝ «տուրիստների ոտքի տակ»»,- ասել էր Մկրտիչ Մինասյանը: