«Ըստ արարողակարգի՝ Հայաստանի պատվիրակության մեքենայի վրա պետք է տեղադրվեր ՀՀ դրոշը, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիայի ներկայացուցչի մեքենայի վրա դրոշը եղել է». Նուբար Չալըմյան
Հունվարի 14-ին ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված երկու երկրների բանագնացների առաջին հանդիպումը։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:
Հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տուն առաջինը ժամանեց ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, նրան սպասարկող մեքենայի վրայից բացակայում էր ՀՀ դրոշը, մինչդեռ Թուրքիայի ներկայացուցչի մեքենայի վրա Թուրքիայի դրոշն առկա էր։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի մեքենայի վրայից ՀՀ դրոշի բացակայությանը, նախ նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ո՞վ է այդ մեքենան տրամադրել Ռուբեն Ռուբինյանին, ո՞վ է հանդիպման կազմակերպիչը։
«Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, սակայն, չեմ կարծում, թե դրա կազմակերպիչը ՌԴ արտգործնախարարությունն է։ Այսպես թե այնպես, ըստ արարողակարգի, Հայաստանի պատվիրակության մեքենայի վրա պետք է տեղադրվեր ՀՀ դրոշը, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիայի ներկայացուցչի մեքենայի վրա դրոշը եղել է։ Եթե ՀՀ ներկայացուցչին այդ մեքենան տրամադրվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան կողմից, բնականաբար, այդ մեքենան ունի դիվանագիտական համարանիշ, ուստի, եթե ունի դիվանագիտական համարանիշ և սպասարկում է դեսպանին, ապա այն հանդիպումների ժամանակ պետք է ունենա դրոշ։
Այս պահին ես կոնկրետ չգիտեմ, թե այն ինչ մեքենա է, ով է այն տրամադրել։ Կրկնում եմ՝ եթե մեր դեսպանատան կողմից է մեքենան տրամադրվել, պետք է տային այն մեքենան, որով սպասարկում են դեսպանին, և այն պետք է ունենար դրոշ, որը տեղադրված է մեքենայի աջ կողմում։ Չեմ կարծում, թե այդ հանդիպումը ՌԴ-ն կազմակերպած լիներ, և ՌԴ կառավարությունը տրամադրած լիներ մեքենան»,- նշեց Նուբար Չալըմյանը։
Ըստ նրա, այս ամենը հանդիպման տեխնիկական կողմն է, և կողմերից որևէ մեկը դրան չի անդրադարձել, սակայն կարող էին նշել, թե հանդիպումը որ երկրի միջնորդությամբ է տեղի ունեցել։
«Եթե Մոսկվայում են հանդիպել, ուրեմն՝ չի բացառվում, որ Ռուսաստանը տրամադրած լինի միայն չեզոք երկրի ստատուսը, որտեղ կարող էին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել։ Չի բացառվում, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում, իսկ մյուսը՝ Հայաստանում։ Սակայն սա առաջին հանդիպումն է, և ՌԴ-ն այդ հանդիպման համար տրամադրել է միայն զուտ տարածքը, այնպես, ինչպես 2009 թվականին Շվեյցարիան՝ որպես չեզոք երկիր, իր տարածքը տվեց հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու համար»,- շեշտեց նա։