Ալբաներեն ու մակեդոներեն հաճույքներ՝ պետբյուջեի հաշվին. Ալբանիայի նախագահի և Մակեդոնիայի վարչապետի նամակների սպասումով

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության ծախսերը հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կայքում կա բաժին, ուր տեղադրված է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:

Դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ
գ) Թարգմանական աշխատանքներ
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում

2022թ. «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ աջակցություն ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի «Հայ գրականությունը թարգմանություններում» ենթաբաժնում աջակցություն ստացող հեղինակները 10-ն են, այդ թվում՝ Ալեքսանդր Թոփչյան, Մկրտիչ Սարգսյան, Գուրգեն Խանջյան, Հովիկ Աֆյան, Գուրգեն Մահարի:

Ինչպես ուշադիր ընթերցողը կարող է նկատել, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրվածքը ևս դրամաշնորհ ստացող գործերի շարքում է: Այն ալբաներեն թարգմանելու համար հատկացվել է 1.695.000 դրամ գումար:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից «Երկրի հակառակ կողմը» գիրքը ալբաներեն թարգմանելու համար կհատկացվի բավականին պատկառելի գումար:

Հատկանշական է, որ 2020թ. ևս Նիկոլ Փաշինյանի գիրքն ընդգրկված է եղել դրամաշնորհ ստացող գործերի թվում, միայն թե այդ ժամանակ գումարը հատկացվել է գիրքը մակեդոներեն թարգմանելու համար:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով»,- կարդում ենք 2020թ. հունվարի 23-ին ԿԳՄՍ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 16 գրքերի թվում, ի թիվս Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Ֆրանց Վերֆելի գործերի ու Կոմիտասի նամակների, իր «պատվավոր» տեղն ունի նաև Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

Դեռևս հայտնի չէ, թե պետական բյուջեից որքան և որ նախարարությունն է հոգալու Փաշինյանի այդ գրքի հրատարակման ծախսերը:

Այնուամենայնիվ, մենք այդ կապակցությամբ գրավոր հարցումներ ենք ուղարկել Ալբանիայի նախագահին և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետին: Ալբանիայի նախագահ Իլիր Մետային ուղղված հարցում-նամակում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության համար ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել՝ շուրջ 3 000 եվրո գումարի չափով:

Այս առնչությամբ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք Ալբանիայում մեծ է գիրքն ալբաներենով ունենալու պահանջարկը:

2. Ո՞ր երկրի կառավարությունն է հոգալու գրքի ալբաներեն հրատարակության ծախսերը»:

Հարցումն ուղարկվել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետին: Ի դեպ, Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. փետրվարին հանդիպում էր ունեցել:

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետից ևս փորձել ենք ճշտել՝

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի մակեդոներեն թարգմանության համար ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը 2020թ. դրամաշնորհ է հատկացրել:

Այս առնչությամբ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք Մակեդոնիայում մեծ է գրքի մակեդոներեն տարբերակի պահանջարկը:

2. Ո՞ր երկրի կառավարությունն է հոգացել գրքի մակեդոներեն հրատարակության ծախսերը:

3. Արդյո՞ք կա վիճակագրություն գրքի վաճառքի ծավալների վերաբերյալ»:

Պատասխան նամակները ստանալուն պես կհրապարակենք դրանք:

Տեսանյութեր

Լրահոս