Բաժիններ՝

Նախարարության «ամանորյա նվերը» անօթևաններին

168.am-ն օրեր շարունակ հետեւում է Վարդաշեն 9-րդ փողոցում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձություններին: Հիշեցնենք՝ այս հիմնադրամի անօթեւանների ծրագրի շուրջ 100 անօթևան շահառուների տեղեկացրել էին ՝ կացարանը պետք է ազատել մինչև դեկտեմբերի 31-ը: Որոշումը վրդովեցրել էր ոչ միայն շահառուներին, այլեւ կացարանի 30 աշխատակիցներին: Կացարանի բնակիչների պնդմամբ՝ իրենց «անօթևան թողնելու» պատճառը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը չի ապահովել ֆինանսավորումը, փոխարենը տարակուսելի այլընտրանք է  առաջարկել:

Ի դեպ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հետ զրույցում վստահեցրել էին՝ շահառուների կարիքները գնահատված են, և նրանք կտեղափոխվեն այլ կացարան:

Երեկ, սակայն, շահառուներին  նախարարության առաջարկած այլընտրանքին՝ «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենքի պայմաններին,  անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ արձագանագրելով. «Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ»:

Այսօր 168.am-ի հետ զրույցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթեւանների կացարանի աշխատակից, քույր-տնտեսուհի Շողիկ Մանուկյանը տեղեկացրեց՝ շահառուներն ու աշխատակիցները հրաժարվել են լքել կացարանը, իսկ երեկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել, որից հետո մի քանի մասնակից բարձրացել են փոխնախարարի հետ հանդիպման:

«Երկար բանակցություններից հետո երկու աշխատակիցների եւ 2 շահառուների թույլ տվեցին առանց լրագրողների վերեւ բարձրանալ: Հանդիպեցինք փոխնախարար Տաթեւիկ Ավետիսյանի եւ այլ աշխատակիցների հետ: Ծերերի հարցերով զբաղվող աշխատակիցը նշեց, թե մենք ուղղորդված ենք տնօրենի կողմից, ինչն ինձ շատ վրդովեցրեց, որովհետեւ տնօրենն ինքն է խնդրում ազատել շենքը, որովհետեւ իր ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին ու ինքը չի կարող կոմունալ ծախսերի եւ սննդի համար վճարել այլեւս»,-ասաց կացարանի աշխատակցուհին:

Շահառուներից Արտաշես Վարդանյանն էլ նախարարությունում կայացած հանդիպման մասին ահա թե ինչ փոխանցեց. «Մեզ վրա երեկ քմծիծաղ էին տալիս. Իրենք շահառուին մարդ չեն համարում, ես էդպես հասկացա իրենց խոսելուց: Եթե նրանք մեզ մարդ համարեին գոնե մի անգամ (չորս տարի է ես էստեղ եմ) կգային-կհարցնեին, կասեին՝ եկել ենք ձեր ղեկավարությունից առանձին խոսենք-հասկանանք՝ արդյոք ճիշտ է, կամ սխալ է»:

Մեր զրուցակիցները նշեցին՝ այսօր եւս նախարարության մոտ բողոքի ակցիա են նախատեսել:

«Մենք շնորհակալ ենք ՄԻՊ գրասենյակին, հանձին՝ պարոն Թաթոյանի. գոնե իրենք արձագանքել են մեր խնդրանքին եւ երեկ երեկոյան գնացել-նկարականել են այնտեղի պայմանները»,- հավելեց Շողիկ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ ՄԻՊ գրասենյակը անդրադառնալով անօթևան մարդկանց համար կացարանի տրամադրման գործընթացին՝ արձանագրել էր՝ նախարարությունը թերի է կազմակերպել գործընթացը, մարդիկ բարդություննների առաջ են կանգնել պետության կողմից խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով:

«Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին: Տարիներ շարունակ մեր երկրում անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը», -մասնավորապես նշված էր պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս