Վարդաշենի անօթևանների կացարանի թնջուկը. կացարանի տնօրինությունը պատասխանում է նախարարությանը
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Վարդաշեն 9-րդ փողոցում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շուրջ 100 անօթևան շահառուներ ստիպված են կացարանն ազատել մինչև դեկտեմբերի 31-ը: Այս որոշումը վրդովեցրել էր ոչ միայն շահառուներին, այլ նաև՝ կացարանի 30 աշխատակիցներին:
Կացարանի բնակիչները պնդում էին՝ իրենց «անօթևան թողնելու» պատճառը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորումը չապահովելու հանգամանքն է, իսկ առաջարկված այլընտրանքը, այն է՝ 4-րդ գյուղում գործող անօթևանների կացարան տեղափոխվելը՝ տարակուսելի:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շահեն Խաչատրյանն ու փոխտնօրեն Հմայակ Ղազարյանը ևս վստահեցրին՝ խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է:
«Դեկտեմբերի 22-ին ես նամակ եմ հղել Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար պարոն Մկրտչյանին, որպեսզի մեզ ասեն տվյալ մարդկանց հետագա ճակատագիրը և մեր անելիքները: Այսօր 29-ն է, և մինչև օրս որևէ ինֆորմացիա չունեմ, իսկ պայմանագրի ժամկետը լրանում է ամսի 31-ին. ես մարդկանց պետք է զգուշացնեի»,- փոխանցել էր Շահեն Խաչատրյանը:
Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հետ զրույցում հայտնել էին՝ պատճառը ծառայությունների ոչ պատշաճ մատուցումն է, իսկ շահառուների կարիքները գնահատված են, և կտեղափոխվեն այլ կացարան: Ավելի ուշ նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որով մասնավորապես տեղեկացնում էին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակելու է անօթևաններին կացարան տրամադրելու գործընթացը։ Անդրադառնալով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի գործունեությանը՝ հայտնել էին, որ այն մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարությունը 24.08.21 թ.-ին ընդգրկել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։
«Պարզվել է, որ շահառուների ընտրությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու՝ ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են, և ոչ էլ տարեց, բացի այդ եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Շահառուների ընդունման, հաշվառման, դուրսգրման առկա փաստաթղթերը կազմված են եղել էական թերություններով և բացթողումներով․ ուսումնասիրության պահին ոչ մի շահառու չի ունեցել համապատասխան այցետետր՝ ստացած ծառայությունների, այցելությունների և այլնի նշագրումով։ Բնակիչների հետ չեն տարվել աշխատանքային թերապիաներ, պատշաճ կերպով չի իրականացվել շահառուների ազատ ժամանցի կազմակերպման գործընթացը և այլն։
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտոնական գրություն է ուղարկվել հիմնադրամին՝ առաջարկելով վերոնշյալ խախտումների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանումներ, որոնք, սակայն, եղել են ոչ հիմնավոր։ Ուստի որոշում է կայացվել լուծել պայմանագիրը (պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը սահմանված կարգով 11.08.2021թ․ հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում):
Ուստի, կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը, նախարարությունը սահմանված կարգով կհոգա քաղաքացիների կեցության հարցը՝ մինչև 2021 թ․դեկտեմբերի 31-ը կազմակերպելով վերջինների տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք»,- նշված էր նախարարության պարզաբանման մեջ։
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Հմայակ Ղազարյանը, սակայն, նշեց, որ խախտումների արձանագրումը ամենևին չի առնչվում անօթևանների ծրագրին, այլ իրենց կողմից իրականացվող մեկ այլ ծրագրի՝ Արագածոտնի մարզում տարեցների՝ տնային պայմաններում խնամքին:
Այդուհանդերձ, Հմայակ Ղազարյանը վստահեցրեց՝ անգամ այդ դեպքում ունի տարաձայնություն, քանի որ շահառուներին, որոնց պետք է սպասարկեր իրենց հիմնադրամը, պետք է ուղղորդեին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները:
«Այդ պարզաբանումները ընդհանրապես չեն վերաբերում անօթևանների հարցերին: Իրենց տրված պարզաբանմանն ի պատասխան՝ մենք անպայման հանդես կգանք դիրքորոշումով»,- շեշտեց նա՝ հավելելով, որ դիտարկումները կուղարկեն ավելի ուշ, քանի որ իրենց կացարանում այսօր ամանորյա խնջույք են կազմակերպել շահառուների համար:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենը հավելեց՝ ցայսօր չեն ստացել նախարար Նարեկ Մկրտչյանին ուղղված իրենց պաշտոնական նամակի պատասխանը: