Ի՞նչ է սպասվում Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներին. շահառուներն ահազանգում են, նախարարությունից՝ արձագանքում

Վարդաշեն, 9-րդ փողոց, 70 շենք. այս հասցեով է գործում Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամը, որը շուրջ 100 անօթևան շահառուների կացարան և սնունդ է տրամադրում: 168.am-ի նկարահանող խումբն այսօր ահազանգով այս հասցեում էր. կացարանի բնակիչները նշում էին՝ կացարանն ազատելու համար իրենց երկու օր ժամանակ են տվել: Ի դեպ, այս որոշումը վրդովեցրել էր նաև կացարանի 30 աշխատակիցներին:

«Արդեն 1 տարի 4 ամիս է՝ բնակվում եմ անօթևանների կացարանում: Մի ժամ առաջ ժողով հրավիրեցին, ասեցին, որ նախարարության որոշումով մեզ այստեղից հանում են: Պատճառաբանությունն այն է, որ Սոցապնախարարությունը էլ չի կարողանում ֆինանսավորի:

Մեր մեջ կան նաև հաշմանդամներ, կռված տղաներ. հիմա այս 93 հոգին ի՞նչ անեն: Մեզ այստեղ լավ են վերաբերվում, մենք այստեղ լողանում ենք շաբաթը մի անգամ, մեզ այստեղ կերակրում են: Ու հիմա հայտարարեցին, որ մեզ այստեղից հանում են: Մենք վաղը բոլորով գնալու ենք կառավարություն, կառավարության նիստի օր է, մենք մեր պահանջը ներկայացնելու ենք ու մնալու ենք այնտեղ. մենք, իրոք, տեղ չունենք գնալու»,- մեզ հետ զրույցում ասաց շահառուներից Արտաշես Վարդանյանը:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այլընտրանք չի առաջարկվել՝ Արտաշես Վարդանյանը նկատեց, որ չի առաջարկվել: Կացարանի բնակիչներից մեկը, սակայն, նկատեց, որ որպես այլընտրանք՝ առաջարկվել է 4-րդ գյուղում գործող անօթևանների կացարանը, ինչին կացարանի բնակիչները դեմ են:

«Մեզ ուղղություն են տալիս՝ գնալ միգուցե 4-րդ գյուղ, սակայն այնտեղ էլ ասում են՝ տեսեք՝ տեղ կա, կընդունեն, բայց ձմեռ է, ու մնացել է մեկ օր, իսկ մենք բոլորս՝ հիվանդ: Ես երկու անգամ վիրավորվել եմ արդեն, ծառայած եմ»,- նշեց կին շահառուներից մեկը:

Կացարանի բնակիչներից Մանվել Հարությունյանը, որը ևս պատերազմի մասնակից է և ՄԻՊ աջակցությամբ է հայտնվել կացարանում, հավելեց.

«Ձեր հավատքը մեռնի, ղեկավարություն, ո՞ւր եք, դուք քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման: Եթե քրիստոնյա եք, ես համաձայն եմ՝ մեզ հանձնեք թշնամուն: Ո՞ւմ համար ենք կռել, որ մեզ հանեք քուչե՞ն»:

Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամի տնօրեն Շահեն Խաչատրյանն ու փոխտնօրեն Հմայակ Ղազարյանը պնդում են՝ խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է:

«Ամեն տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում, և մենք մասնակցում ենք, որովհետև միակ կազմակերպությունն ենք, որ ունենք համապատասխան լիցենզիա՝ անօթևան մարդկանց պահելու համար: Հանրապետությունում չկա նման տիպի մի կազմակերպություն. անօթևաններով զբաղվում ենք 2004  թվականից:

Այս տարվա մրցույթին մենք չենք դիմել՝ ինչ-ինչ խնդիրներ կային, և պետք է նոր մրցույթ հայտարարվեր: Ամեն տարի եղել են նման դրամաշնորհային մրցույթներ, որոնք կա՛մ կայացել են, կա՛մ չեն կայացել, հետո 1 կամ 3 ամիս անց մրցույթ են հայտարարել, իսկ մեզ հետ կապել են պայմանագիր՝ մեկ ամսով կամ երեք ամսով, մինչև մրցույթի կայանալը, և մարդկանց մենք պահել ենք:

Դեկտեմբերի 22-ին ես նամակ եմ հղել Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար պարոն Մկրտչյանին, որպեսզի մեզ ասեն տվյալ մարդկանց հետագա ճակատագիրը և մեր անելիքները: Այսօր 29 է, և  մինչև օրս որևէ ինֆորմացիա չունեմ, իսկ պայմանագրի ժամկետը լրանում է ամսի 31-ին. ես մարդկանց պետք է զգուշացնեի»,- մանրամասնեց Շահեն Խաչատրյանը:

Անդրադառնալով նախարարության որոշման պատճառներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հետ զրույցում մասնավորապես հայտնեցին.

«Ծառայությունները մատուցվել են ոչ պատշաճ: Իսկ քաղաքացիների այն մտահոգությունները, որ իրենք հունվարի 1-ից չեն ունենա կացարան և այլն, բոլոր կարիքները գնահատված են, բոլորի համար ընթացակարգերով նախատեսված է, թե ինչպես է կազմակերպվելու իրենց տեղափոխումն այլ կացարան»:

Նախարարությունից վստահեցրին՝ շուտով հանդես կգան առավել մանրամասն պարզաբանմամբ:

Տեսանյութեր

Լրահոս