Բնականաբար, ՄԻՊ-ը պիտի բարձրաձայնի, ու շատ ճիշտ է, որ բարձրաձայնում է բոլոր խնդիրները. Ռոբերտ Ղուկասյան
Դեռ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Ու հենց այս աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ առավել հայտնի որպես կալավանցի Ռոբերտ, գործուղվեց Սյունիքի մարզ։
Նկատենք՝ վարչապետի որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, բայց, ինչպես ասում են, եռակողմ հայտարարության հետևանքների մասին կառավարության հաշվարկները «չափազանց լավատեսական էին». Ռոբերտ Ղուկասյանը դեռ Սյունիքում է:
168.am-ի հետ զրույցում վարչապետի խորհրդականն անդրադարձավ միջգերատեսչական խմբի աշխատանքներին՝ մասնավորապես տեղեկացնելով՝ Սյունիքում հիմնական մտահոգություններն անվտանգային հարցերի շուրջ են, իրականացվող աշխատանքների գերակշիռ մասը ևս այդ ուղղությամբ են.
«Ամեն նիստի ժամանակ մինչև 50 կետ ենք հաստատում. աշխատանքային խումբը ստեղծվել է հունվարի 15-ից, ու 10-15 օրը մեկ նիստեր են արվել. ծրագրերի թիվը շատ մեծ է: Վերջին նիստով 54 ծրագրեր ենք հաստատել, որոնք պետք է իրականացվեն, մի շարք ծրագրեր արդեն ավարտին են հասել:
Գումարները հիմնականում ուղղվում են անվտանգային միջավայրի ստեղծմանը, բայց նաև չենք շրջանցում մնացած ոլորտները. Սիսիանի բ/կ-ն ենք տեղափոխում (նոր մասնաշենք է սարքվում. ժամանակավոր տեղ է պետք), Գորիսի պոլիկլինիկայի երկրորդ հարկի շինարարությունն ենք արդեն պատվիրել, շտապօգնության մեքենաներ, դեղորայք, վեց գյուղերում զարգացման կենտրոններ ենք կառուցում, որպեսզի երեխաների համար միջավայր ստեղծենք. մարդիկ չմտածեն դուրս գալու մասին, գյուղտեխնիկայի գնումներ, ջրագծերի կառուցում և այլն»:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ փուլում է այլընտրանքային ճանապարհների կառուցումը՝ նա տեղեկացրեց, որ այդ հարցերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերահսկողության ներքո են:
«Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավելի հրատապ խնդիրներն է լուծում, բայց աշխատանքային խմբում այդ հարցերի շուրջ քննարկումներ ևս ունենում ենք. հավելյալ առաջարկներ են բերվում տարբեր կառույցների կողմից,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը, ապա պատասխանելով հարցին, թե Սյունիք մեկնելիս ո՞ր ճանապարհից է օգտվում, նշեց,- Լինում են դեպքեր, երբ Խոտ-Որոտանով եմ անցնում, լինում են դեպքեր, երբ Տաթև-Աղվանիով, կամ գնում եմ դեպի Բարձրավան, ճանապարհը տեսնում և հետ գալիս-շարունակում, որովհետև Վերին Խոտանանի հատվածում երբ մերկասառույցներ են լինում, փորձում եմ տեսնել-հասկանալ՝ ինչպիսի լուծումներ առաջարկել, նույնը Տաթև-Աղվանի-Քաշունիի հատվածում. Այնտեղ, ի դեպ, ԱԻՆ-ի տաքացման տնակ ենք դրել, ցանկանում ենք նաև ամենագնացներ տրամադրել»:
Դիտարկմանը, թե Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք խումբը մարզում մի շարք խնդիրներ էր արձանագրել, և մասնավորապես տեղեկացրել էր, որ, օրինակ, հենց նշյալ Խոտ գյուղով դեպի Որոտան ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, և հարցին՝ արդյո՞ք համագործակցում եք ՄԻՊ-ի հետ, նա պատասխանեց.
«Ես անձամբ Մարդու իրավունքների պաշտպանին չեմ հանդիպել, բայց տեղյակ եմ, և նաև հետևում եմ իր հրապարակումներին։ Բնականաբար, ՄԻՊ-ը պիտի բարձրաձայնի, ու շատ ճիշտ է, որ բարձրաձայնում է բոլոր խնդիրները՝ հատկապես, ինչ վերաբերում է սահմանին շատ մոտ լինելուն: Ես շատ դրական եմ գնահատում այդ ամեն ինչը, բայց ինչ վերաբերում է՝ այս փուլում որ մեքենաներն են անցնում, կամ՝ ոչ, նախարարության մասնագետները պնդում են, որ ամեն ինչ անում են, աշխատում են այդ ճանապարհների վրա»:
Նրա հավաստմամբ՝ որոշ խնդիրներ արդեն լուծման ճանապարհին են, ինչպես, օրինակ, Որոտանի դպրոցին նոր միկրոավտոբուսի տրամադրումը, գյուղում հացի փռի կառուցումը:
«Մենք հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են և ոչ միայն վերջին իրադարձություններով պայմանավորված, այլև խնդիրներ կան, որոնք եկել են տարիների ընթացքում, և գումարվել է այդ ամեն ինչը, բայց մաքսիմալ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մեղմել»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը: