«Եթե այս կառավարության հրաժարականն եմ պահանջում, ո՞նց եք կարծում՝ իրենցից ակնկալիք պե՞տք է ունենամ, կամ՝ կա՞ մարդ, որ ակնկալիք ունի այս կառավարությունից»․  Սյունիքում պաշտոնական այցերից մեծ ակնկալիքներ չունեն

Հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այս աշխատանքային խմբի ստեղծման որշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ մեկնեց   վարչապետի հայտնի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ այնտեղ գործունեություն է ծավալելու: Հունվարի 29-ին էլ Սյունիքում կլինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ 2020թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք էր գործուղվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։ Հարությունյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացներ Փաշինյանին։ Արդյունքները, թերևս, գոհացնող չեն եղել, և այժմ էլ Ավինյանն է գործուղվում Սյունիք։

Թեև Սյունիքում շատերը լուրջ ակնկալիքներ չունեն Կառավարությունից, սակայն կարծում են, որ նախկինում որդեգրած պասիվ կեցվածքից լավ է:

Թե ի՞նչ է արել վարչապետի խորհրդականը Սյունիքում, անձամբ իրենից չկարողացանք ճշտել, զանգերն ու համացանցով նրան ուղղված հարցադրումները մնացին անպատասխան:

168.am-ը այցի մանրամասների մասին տեղեկություններ լսելու համար զանգահարեց Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքների ղեկավարներին, նաև՝ Գորիսի տարածաշրջանի Որոտան և Շուռնուխ գյուղերի համայնքապետերին:

Հիշեցնենք՝ սահմանազատման աշխատանքների հետևանքով հենց այս գյուղերում էին առաջացել վիճահարույց հարցեր, ու թշնամին հայտնվել էր այս գյուղի բնակիչների «քթի տակ»:

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը տեղեկացրեց, որ վարչապետի խորհրդականը եղել է համայնքում. «Քննարկվել են հողի, խոտհարքի, շենքերի տանիքները փոխելու, հոսանքի, գազիֆիկացման, արոտվայրերի հետ կապված հարցեր, նաև՝ գյուղի ջերմոցների»:

Հարցին՝ անդրադարձե՞լ եք արդյոք անվտանգության հարցերի, նա պատասխանեց.

«Անվտանգության հարցերի անպայման անդրադարձել ենք, կգան-այդ հարցերով կզբաղվեն՝ արդեն հանձնաժողով է, թե Երևանից կգան, այդ հարցերով զբաղվելու են»:

Սուրեն Օհանջանյանը նշեց, որ փոխվարչապետի հետ հանդիպում նախատեսված չէ:

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Ղուկասյանը նաև իրենց համայնքում է եղել, ծանոթացել խնդիրներին.

«Համայնքի զարգացման հարցերն են, այսինքն՝ ինչ անեն, ոնց անեն: Ժողովրդի հետ առանձին հանդիպելով, իրենց տներն այցելելով՝ խորհրդակցում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ ճիշտ լինի հետագա զարգացման համար, նոր թաղամասի կառուցման հարցն է»:

Դիտարկմանը, թե նոր թաղամաս՝ այն թաղամասի փոխարեն, որը հանձնվել էր ադրբեջանցիների՞ն, Հ. Արշակյանն արձագանքեց.

«Այո՛, 12 տան կառուցումը: Երեկ էլ բերեցին արդեն, մակետը կախվել է պատից՝ ինչպիսի թաղամաս է լինելու»:

Աշխատանքի սկսման ու ավարտի ժամկետներից համայնքի ղեկավարը տեղյակ չէր:

Հարցին, թե ինչ-որ փոխհատուցում կտրվի՞ այդ 12 տների բնակիչներին, և որտե՞ղ են նրանք ապրում մինչև նոր թաղամասի կառուցումը, նա պատասխանեց. «Քննարկման փուլում է՝ այդ փոխհատուցումը կլինի  տան տեսքո՞վ, թե՞ գումարային:

Ես ապրում եմ գյուղապետարանի շենքում, երկու ընտանիք Գորիսում են, մեկը՝ Կապանում, մնացածը՝ այստեղ ազատ տներում են տեղավորվել ժամանակավոր, մինչև իրենց տների հարցը լուծվի»:

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ իր համար առաջնայինը համայնքի անվտանգության հարցն է: Թե ի՞նչ են խոստացել այդ առնչությամբ՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Դե ի՞նչ պետք է խոսք տան, ի՞նչ կարող են անել: Պիտի թուրքը դուրս գա. թուրքը դուրս կգա՞ մեր տներից, մեր թաղամասից՝ հայտնի չի:

Բայց ընդհանուր առմամբ, այս ժողովրդի հետ խոսելը քիչ բան չի, որ ժողովուրդը հասկանա, որ իրենք մենակ չեն: Թեկուզ՝ ինչ-որ մեկը մի տեղից գալիս, մի հինգ րոպե զրուցում է, դա էլ նշանակություն ունի»:

Շուռնուխի ղեկավարը նաև ասաց, որ գիտի փոխվարչապետի՝ Սյունիք այցի մասին, բայց այցի նպատակների մասին տեղեկություն չունի:

Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանը վարչապետի խորհրդականի հետ հանդիպել է պատահաբար, ունեցել է գործնական կարճ հանդիպում:

«Քաղաքական որևէ թեմա չկա, մեր օրակարգը նույնն է՝ նկատի ունեմ՝ այս կառավարության հրաժարականին առնչվող: Եթե հանդիպել եմ օգնականի հետ, դա ոչինչ չի նշանակում»,- ասաց նա՝ անդրադառնալով այդ հանդիպմանը:

Գորիս համայնքի ղեկավարը ևս խոսեց Շուռնուխ համայնքում կառուցվելիք նոր տների մասին՝ տեղեկացնելով, որ իրենք արդեն նախաձեռնել են այդ աշխատանքները.

«Արդեն հողային աշխատանքներ են սկսվում, կարճաժամկետում խնդիրը լուծելու ենք՝ և՛ Որոտանի, և՛ Շուռնուխի:

Մի փոքրիկ հատված կա, որ Գորիսի համայնքապետարանն է անում, իսկ մնացածը՝ մեր ընկերների, բարերարների շնորհիվ»:

Ա. Առուշանյանն ասաց՝ տեղյակ է նոր թաղամասի՝ Շուռնուխում դրված Կառավարության մակետի մասին, սակայն պարզաբանեց.  «Փաստացի այս պահին այն տեխնիկաները, որոնք արդեն աշխատում են, դա մեր տեխնիկաներն են, և այն տները, որոնց նախագծումն ավարտված է, մեր բարերարների նախաձեռնությամբ են, իսկ թե կառավարությունն ինչ պետք է անի՝ ես դեռ հստակ չգիտեմ՝ կանի՞, թե՞ չի անի:  Այսինքն՝ նոր թաղամասը, ես չգիտեմ՝ դեռ երբ կլինի, երբ չլինի, բայց այն, որ արդեն նոր թաղամաս բարերարները սարքում են, դա փաստ է. շինարարությունը սկսված է: Մենք այս պահի դրությամբ սարքում ենք մոտ 25 բնակարան»:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց ամեն ինչ անելու են՝ ավելի կարճաժամկետում ավարտելու համար:

Արդյո՞ք փոխվարչապետի հետ հանդիպում օրակարգում կա՝ հարցին ի պատասխան էլ՝ Գորիս համայնքի ղեկավարը հայտնեց. «Այս պահին դեռ չեմ կարող հստակ պատասխանել»:

Եթե լինի, կգնա՞ք հանդիպման՝ մեր ճշգրտմանն էլ արձագանքեց. «Հրավերը կա, դեռ պետք է որոշեմ:  Կորոշենք վերջնական՝ կգնա՞նք, թե՞ չենք գնա. եթե լինի, տեղյակ կպահենք՝ ինչ ֆորմատով է եղել»:

Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն կառավարությունից՝ մեր վերջին հարցին Առուշանյանը հակադարձեց.

«Մինչև այս պահը մենք մեր մարզի բոլոր խնդիրները մեր մարզի բնակիչներով ենք լուծել (նկատի ունեմ՝ պետական ապարատի աշխատողներն էլ միայն մեր մարզի բնակիչներն են եղել), մենք մեր թիմով ենք կազմակերպել:

Եթե ես այս կառավարության հրաժարականն եմ պահանջում, ո՞նց եք կարծում, իրենցից ակնկալիք պե՞տք է ունենամ, կամ՝ կա՞ մարդ, որ ակնկալիք ունի այս կառավարությունից»:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը չի հանդիպել վարչապետի խորհրդականի հետ, սակայն նշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպում է պլանավորված վաղը:

Ի՞նչ արդյունքներ կունենան Սյունիք աշխատանքային այցելությունները՝ հարցին ի պատասխան՝ Գևորգ Փարսյանն ասաց. «Դժվար է պատասխանել այդ հարցին, տեսնենք»:

Դուք սպասելիքներ ունե՞ք, որ ինչ-ինչ հարցեր կկարողանան կարգավորել՝ մեր ճշգրտող հարցին էլ Կապանի համայնքապետն արձագանքեց. «Մեծ ակնկալիքներ չունեմ, բայց ինչ էլ կարողանան անել, էլի բան է: Թող գան, հանդիպենք, մեր խնդիրները բարձրաձայնենք, պահանջեք, տեսնենք՝ ի՞նչ կարող են անել: Ինչ կարող են, պետք է անեն»:

Նշենք, որ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն՝ Արցախում, այլև՝ ՀՀ որոշ մարզերում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին տեղեկացրել էր՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

 

Տեսանյութեր

Լրահոս