«Պետական համակարգի բոլոր մարմիններ՝ մենք պարտադիր մտնում ենք». Արթուր Ասոյան

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի փոխանցմամբ՝ հունվարի 1-ից կորոնավիրուսի դեմ նոր խստացումների վերաբերյալ կարգավորումները մշակման փուլում են, դրանք վերաբերում են հանրային վայրեր՝ առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման թերթիկի մարդկանց մուտքն արգելելուն։

«Դրանք վերջնական տեսքի չեն բերվել, երբ վերջնական տեսքի բերվեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե ում ինչ վերահսկողական գործառույթներ են վերապահվելու, հաշվի առնելով, որ վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն Տեսչական մարմնի, այլև ոստիկանության կողմից։ Որոշակի գործառույթներ ու պարտավորություններ ունեն նաև տնտեսվարողները։

Ռեսուրսների խնդիրը միշտ կա, և դա բնորոշ չէ միայն Հայաստանին, ամբողջ աշխարհում խնդիրը կա։ Այնպես չէ, որ վերահսկողական գործառույթ իրականացնում է միայն Տեսչական մարմինը, մեծ գործառույթ է իրականացնում ոստիկանությունը, օրինակ՝ նույն դիմակի պարտադիր կրման պահանջի վերաբերյալ։ Այդուհանդերձ, իհարկե, ռեսուրսների խնդիր կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ասոյանը։

Հարցին, թե, օրինակ, մարդկանց մուտքը համերգասրահներ ինչպե՞ս են վերահսկելու, պաշտոնյան պատասխանեց, որ դեռևս վերջնական կարգավորումներ չկան, այդ պատճառով էլ հստակ որևէ բան չի կարող ասել։ Միաժամանակ չի կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին, ճիշտ չի լինի։

Ինչ վերաբերում է դիմակներ կրելուն, Տեսչական մարմնի ներկայացուցիչն ասաց, որ նույնիսկ տոտալ վերահսկման պայմաններում հնարավոր չէ ապահովել անվտանգության այն ցանկալի մակարդակը, որն ակնկալում են, քանի որ կա անձնական պատասխանատվության հարց։ Հետևաբար՝ ցանկացած քաղաքացի նախևառաջ՝ ինքը պետք է հետևի անվտանգության կանոններին։

Այդ դեպքում ինչո՞ւ շատ պաշտոնյաներ դիմակ չեն կրում, օրինակ, նույն ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, Ա. Ասոյանը պատասխանեց, որ ոստիկանությունը հետևողական է, և այդ հարցերին արձագանքում է։

«Պետական համակարգի բոլոր մարմիններ մենք պարտադիր մտնում ենք։ Եթե կհիշեք, խստացված վերահսկողության ժամանակահատվածում նույնիսկ գործունեություններ էինք կասեցնում, նույնիսկ մի քանի անգամ կասեցվել է պետական հաստատությունների սննդի հատվածը։ Օրինակելի է, օրինակ, ՊԵԿ-ը, վերջերս այնտեղ էինք մտել, կարելի է ասել՝ իդեալական վիճակ էր՝ կանոնների պահպանման մասով իսկապես խնդիր չի եղել։ Թերացող կառույցներ կան, բայց ազնվությամբ, այս պահին նրանց անունները չեմ հիշում, որովհետև ծավալը շատ շատ է։ Կառավարության 3-րդ մասնաշենք ենք մտել, թերացումներ կար ՏԿԵ-ում, բայց տեղում արագ շտկվել են, խնդիր կար նաև ճաշարանային հատվածում»,- եզրափակեց Արթուր Ասոյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս