«Մենք զեղչ հասկացություն չունենք․․․ Ապրանքը մի քանի օր առաջ թանկացնում են, հետո զեղչում». Բաբկեն Պիպոյանը՝ «Սև ուրբաթ»-ի մասին
«Սև ուրբաթ»-ն այս տարի նշվելու է վաղը՝ նոյեմբերի 26-ին: Այն մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնում են ԱՄՆ-ում, որով խանութներում մեկնարկում է Սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը:
«Սև ուրբաթ»-ը չի համարվում ավանդական տոն, բայց աշխատողների մեծամասնությունն այդ օրն արձակուրդ են վերցնում՝ բացի մանրածախ առևտրի աշխատակիցներից, քանի որ գնորդների թիվը զգալիորեն մեծանում է։ Խանութները շատ շուտ են բացվում՝ առավոտյան 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-80%:
«Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ գործածվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր ճանապարհների խցանում ուրբաթ օրը՝ Գոհունակության տոնից հետո:
Ի տարբերություն նույն ԱՄՆ-ի կամ աշխարհի շատ երկրների՝ Հայաստանում այս օրվա զեղչը, ինչպես գնորդներն են պնդում, իրական չէ, որովհետև պարզապես մի քանի օր առաջ ապրանքների գները բարձրացնում են, հետո իջեցնում՝ համարելով զեղչ:
Այս առիթով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) նոյեմբերի 18-ին հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
Մասնավորապես, կոչ է արվում ձեռնպահ մնալ՝
– ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
– մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձրացումը սահմանված գնով վաճառելուց և այլն,
– ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը:
«Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար»,- պարզաբանում են Հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:
Քաղաքացիներին հորդորում են նմանատիպ խնդիրների բախվելիս դիմել Հանձնաժողով:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ թերևս, առաջին անգամ պետական կառույցն ականջալուր է եղել և գոնե հայտարարություն է արել, որը մասնակիորեն կանխարգելող ազդեցություն կունենա, որովհետև, եթե բիզնեսն ազատ է, բոլոր մարքետինգային հնարքներն անելու է:
«Մենք զեղչ հասկացություն չունենք, ու եթե այն չենք սահմանում՝ տնտեսվարողը կարող է, այսպես ասենք՝ օրենքը պահելով՝ սպառողին մոլորեցնի, և պատասխանատվության կանչելու մեխանիզմ մրցակցային մարմինը չունենա: Առաջարկել եմ, որ, ի վերջո, սահմանվի զեղչ հասկացությունը, որպեսզի դրա նկատմամբ հնարավոր լինի ավելի լավ հսկողություն իրականացնել: Տեսեք, շուկան պետք է որոշ ժամանակ ազատ թողնես՝ հույս ունենալով, որ այն կինքնակարգավորվի: Հետո, երբ զգում ես, որ ինքնակարգավորման չի գնում, պետք է լրացուցիչ գործիքակազմ կիրառես: Ժամանակակից կյանքում ամեն բան անընդհատ փոխվում է, իսկ հայկական շուկան դեռ փոքր է, իր համար դա նորություն է ու, բնականաբար, խնդիրներ են լինելու: Ուստի կողքից պետք է և՛ աջակցես, և՛ հսկես: Քանի դեռ դա չենք արել՝ անընդհատ խնդիր ունենալու ենք: Բայց շատ կարևոր է այն, որ կամայական սպառողը, ով ակնհայտ նկատել է պրոբլեմը, այլ ոչ թե ենթադրում է, ինֆորմացիան փոխանցի և հետևողական լինի, որ պետական կառույցը գործառույթ իրականացնի դրա նկատմամբ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը ընդգծեց՝ հիմա լրիվ ուրիշ մեխանիզմ է գործում, և մենք գիտենք, թե ինչպես է աշխատում այն:
«Ապրանքը մի քանի օր առաջ թանկացնում են, հետո զեղչում: Եվ, ի վերջո, զեղչածը կարող է հին գնին վերադառնա, լինի դրանից մի քիչ էժան կամ հին գնից մի քիչ թանկ: Կարող է և նորմալ զեղչ էլ լինի, բայց մենք հստակ պետք է իմանանք, որ այս ապրանքը եղել է 10.000 դրամ, հիմա զեղչով 9000 դրամ է: Եվ շատ կարևոր է հսկել, որպեսզի պետական կառույցը, հայտարարություններից զատ, նաև գնա այդ բողոքների հետևից: Այս շղթան պետք է սկսի աշխատել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը: