Նիկոլի բարդույթը

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացներն իրականում ոչ մի աղերս չունեն քաղաքականության հետ, ավելին, որպես կանոն, այն, ինչ տեղի է ունենում՝ հակաքաղաքագիտական է։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջնային զարգացումներն ուղղակիորեն պայմանավորված էին հասարակության մոտ մինչ այդ գոյություն ունեցող արժեքների ոտնահարմամբ։ Հենց այդ մեթոդոլոգիան փայլուն ուսումնասիրած լինելով՝ Փաշինյանը կարողացավ փայլուն իրականացնել Մանվել  Գրիգորյանին ձերբակալելու հայտնի «տուշոնկա շոուն» և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումները, որոնք հանրային լուրջ ռեզոնանս ստացան։ Սրանք քայլեր էին, որով նա փորձում էր նախ ինքնահաստատվել հասարակության մոտ, փորձել ցույց տալ, թե ինքը կլինի հենց այն Վիլյամ Վոլոսը կամ Պատրիս Լումումբան, ով «կազատագրի» ու «կվերականգնի արդարությունը», իր բնորոշմամբ՝ «30 տարի ժողովրդին կեղեքած ու թալանած քրեաօլիգարխիայից»։

Բացի այդ, նա ուներ նաև սեփական բարդույթավորված կերպարից դուրս գալու կարիք. նախ ինքն իրեն պետք է ցույց տար, թե որքան «ուժեղ տղա» է, որ կարողանում է մարդկանց կալանավորել ու ձեռքի մեկ շարժումով հարցեր լուծել։ Հավելենք, որ այս գործընթացը, բացի նրանից, որ հակաիրավական էր, ոչ մի բովանդակային հիմքեր չուներ․ փաստացի միայն տեսարաններ մատուցելով, Փաշինյանը կարողացավ հանրության լյումպեն հատվածի մոտ դառնալ կեղծ հերոս, որն էլ ունեցավ իր տրամաբանական շարունակությունը։

Բացառապես ուժայինների միջոցով իշխանություն պահելու նրա այս տենդենցը գնալով խորացավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը, արդեն տևական ժամանակ է՝ չունի ոչ մի քաղաքական այլ հենարան և իր իշխանությունը փաստացի պահում է իրավապահ համակարգի, ուժային կառույցների հլու ծառայության միջոցով։  Որքան էլ փորձի ուժեղ կերպար ձևանալ, միևնույն է, նա բունկերում թաքնված այն վախկոտն է, որը փողոցում մի քանի մետր քայլելու համար հարյուրավոր թիկնապահներ, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ է իր շուրջը հավաքում, որ հանրապետությունում շրջում է մի քանի հարյուր թիկնապահներով և մեկ տասնյակից ավելի զրահապատ և այլ ավտոմեքենաներով:

Նույնիսկ Իլհամը պատերազմից հետո Աղդամից հայտարարեց, որ ինքը հաղթել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Նիկոլ գոյություն չունի, թույլին հաղթելը հերոսություն չէ:

Երեկ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված, և, որ հրավիրվել է հարցաքննության։ Մեղադրանքն առնչվում էր Նիկոլի հեղափոխության սիմվոլ դարձած հայտնի Սիլվա Համբարձումյանի կողմից իբր Սերժ Սարգսյանին կաշառք տալու փաստին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանի  հարցաքննությունը տեղի է ունեցել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Տեղի ունեցածի հետ կապված՝ կարող ենք նշել, որ սա Նիկոլի հերթական թատերական արարն է, որով նա փորձ է անում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան գործընթացներից հանրային ուշադրությունը շեղել։

Փորձենք մի քանի դիտարկումներով մեկնաբանել Փաշինյանի նման քայլն այս շրջափուլում։

Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդամենը 3-4 օր առաջ Սյունիքի հարավում թշնամին անարգել 2 կմ-ից ավելի առաջ է գալիս, առանց որևէ դիմադրության ու որևէ կրակոցի՝ գրավում է մեր սուվերեն տարածքը, զինվորականությունը որևէ դիմադրություն չի ցուցադրում, հայկական կողմից երկու տասնյակից ավելի գերիներ են տարվում Բաքու, ու այս ֆոնին, չգիտես ինչու, ՊՆ ղեկավարություն է փոխվում, իսկ քաղաքական ղեկավարության կողմից՝ զրո արձագանք ու ոչ մի բացատրություն։

Օրերս հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, որտեղ, տեղեկությունների համաձայն, նախատեսվում է նոր փաստաթղթի ստորագրում։ Դրան հավելենք, որ տարբեր շրջանակներում տևական ժամանակ քննարկվում է «3+3» անհասկանալի ձևաչափի ստեղծումը, որն էլ պետք է կարգավորի հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված թնջուկն ու Արցախի խնդրի կարգավորման նոր տարբերակ առաջ քաշի։ Գրեթե ամենօրյա ռեժիմով Ալիևը հայտարարում է, որ «Ղարաբաղի հարցն արդեն լուծված է», շեշտում է «Զանգեզուրում միջանցք կառուցելու» մասին, իսկ հայաստանյան անմեղսունակները ճամարտակում են «խաղաղության դարաշրջան» բացելու անհեթեթ գաղափարի շուրջ։ Ահա այս բարդ ու պատային իրավիճակում լրահոսում կարդում ես Սերժ Սարգսյանի նկատմամբ անհեթեթ ու զավեշտալի մեղադրանքի առաջադրման մասին։

Ստացվում է, որ Փաշինյանը հասարակությունը փորձում է պայթեցնել  ներսից, նման արհեստական ու շինծու գործեր հարուցելով՝ հերթական անգամ մասնատելով այն։ Փաստացի Սարգսյանի դեմ երկրորդ շինծու մեղադրանքն առաջադրելով՝ Նիկոլը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի մի շարք այլ տարածքներ հակառակորդին հանձնելու իր հակահայկական որոշումից:

Եթե վերոշարադրյալին հավելենք, որ Փաշինյանը երեք տարիների ընթացքում բաց տեքստով «պասերով» է խաղում Ալիևի հետ և գրեթե ամեն մի կատարած քայլն ուղղակի ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին, կարող ենք ընդգծել, որ Սարգսյանի նկատմամբ ընթացող գործընթացը ևս այս շարքից է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս