Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները փորձեին ռուսներից փախչել «ձախ», այնուամենայնիվ, Ադրբեջանում լուրջ դպրոց անցած մարդիկ են. քաղտեխնոլոգ
Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հաստատեց՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ բանակցությունները կկայանան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ոչ պաշտոնական աղբյուրները նշում էին հանդիպման մասին՝ թեև այս հարցի շուրջ ԱԳՆ-ի կողմից հնչող պարզաբանումն այդքան էլ պարզ չէր:
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասել էր Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հենց այս համատեքստում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը դիտարկում է իբրև արարողակարգային հանդիպում.
«Այդ հանդիպումը ֆորմալ առումով թույլ է տալիս ԵՄ-ին զուտ քաղաքական, բայց ոչ պրակտիկ առումով մասնակից լինել բանակցային գործընթացին: Այն, կարծում եմ, չի ենթադրելու փաստաթղթերի ստորագրում, որովհետև ամեն դեպքում, այս պրոցեսի մոդերատորը Ռուսաստանն է, և մեկ տարվա բոլոր գործընթացները հուշում են՝ պրոցեսի հնարավոր ավարտն էլ, կամ որևէ շրջանակային փաստաթղթի ստորագրումն էլ լինելու է հենց այդ եռակողմ ֆորմատի շրջանակներում: Առհասարակ, չեմ էլ կարծում, թե բրյուսելյան հանդիպումը առհասարակ կարող էր տեղի ունենալ, եթե համաձայնեցված չլիներ Ռուսաստանի հետ:
Ասեմ ավելին՝ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները փորձեին ռուսներից փախչել «ձախ», ինչը ՀՀ իշխանություններից հեռու չէ՝ հաշվի առնելով իշխանության որակը և իշխանությունը ձևավորողների թե՛ մասնագիտական, թե՛քաղաքական, թե՛ պրոֆեսիոնալ և մարդկային տեսակը, ու եթե համարենք, որ նման «դուխ» կունենային, ինչպես հենց իրենք են սիրում ասել, այնուամենայնիվ, Ադրբեջանում լուրջ դպրոց անցած մարդիկ են, ու իրենց պարագայում դժվար է պատկերացնել, թե իրենք իրենց համար շատ շահեկան ֆորմատից կփորձեն փախչել բրյուսելյան ֆորմատում տեղավորվելու համար»: