Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին
Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին:
«Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր հայտարարության մեջ։
Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։
Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: