Նիկոլ Փաշինյանի՝ նախապատերազմյան սցենարը. այն հայտնի էր նաև Ադրբեջանին
Պատերազմից հետո իր «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը և առաջ քաշելով տեսակետը, թե ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, որի նպատակը, ըստ նրա, բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից, նաև ակնարկել էր, որ չի բացառվում դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»:
«Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն, ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին, ի վերջո: Այո, կարելի էր անել նաև 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ: Այս փաստարկը, իհարկե, կար»,- 2021թ. հունվարի 4-ին իր հոդվածում նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ թեպետ հուլիսյան մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, սակայն հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, ինչին բանակը կարողացել է դիմակայել:
Միաժամանակ Փաշինյանն ընդունում է՝ հուլիսյան մարտերը բացասական դեր խաղացին արցախյան վերջին պատերազմի սկսման հարցում:
«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- գրել է Փաշինյանը՝ ըստ էության, արդեն իսկ սկսելով խաղարկել դավաճան լինել-չլինելու թեզը, ինչն արել էր նաև պատերազմի ընթացքում՝ չգնալով պատերազմական գործողությունների ավելի վաղ դադարեցման՝ հոկտեմբերի կեսերին, երբ նրան առաջարկել էր ՌԴ նախագահ Պուտինը, նաև՝ Արցախի նախագահը:
Ի դեպ, 2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել:
«Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել»,- շարունակել էր Գրիգորյանը:
Նշենք, որ 2020-ին՝ պատերազմից հետո, ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանին պատերազմից առաջ ներկայացվել են պատերազմի սցենարները, և ավելի լայնածավալ պատերազմի, քան եղավ:
Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի ակնարկին՝ «տարածքների հանձնում՝ ոչնչի դիմաց», և այն արդարացնող փաստարկին՝ պատերազմում հնարավոր պարտությանը, նշենք, որ պատերազմից 2 ամիս առաջ՝ հուլիսյան մարտերի օրերին, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում կանխորոշել էր այն սցենարը, որը հիմա իրականացնում է Փաշինյանը: Այն է՝ Փաշինյանը փորձելու է պատերազմական վիճակներ հրահրելու ճանապարհով ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին «դավաճանության», դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ մեղադրել՝ հիմնավորելու համար դեպի Արևմուտք իր շրջվելը և նոր դաշնակից այդտեղ գտնելը, որը կօգնի ներդրումների և նոր տեխնոլոգիաների հարցում:
«Այս իրավիճակում Փաշինյանը պետք է կատարի Արևմուտքի առաջադրած գլխավոր պայմանը՝ խզել բոլոր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Եվ հաշվի առնելով, որ ընդդիմությունը պրոռուսական է, իրեն ապահովագրելու համար, պետք է մտածված ձևով վստահությունը կոտրի ՌԴ-ի հանդեպ: Իսկ դա կարելի է անել պատերազմական գործողությունների վերսկսման տանելով, և անկախ դրա արդյունքից, հայտարարել, որ Ռուսաստանը մեզ դավաճանել է, որից հետո արդեն Փաշինյանը և նրա կողմնակիցները արդեն բացահայտ ձևով կարող են պրոարևմտյան քաղաքականություն վարել: Ահա մոտավոր սցենարը»,- շեշտել է Ադրբեջանի նախկին պաշտոնյան:
Երկրորդ, Զուլֆուգարովը նկատել էր, որ տնտեսական հնարավորությունների շրջանակում Փաշինյանը ցանկություն ունի ազատվել Արցախի բանակցային սեղանին «դրված» տարածքներից, բայց եթե դա անի բանակցությունների ճանապարհով, նրան կմեղադրեն դավաճանության մեջ, ուստի անհրաժեշտ էր պատերազմական վիճակ: Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որ նա նպատակաուղղված քանդել է ԵԱՀԿ ՄԽ բանակցային ֆորմատը՝ իմիտացիոն բանակցությունները:
«Եթե չկան իմիտացիոն բանակցություններ, նշանակում է՝ պետք է լինի ինչ-որ պատերազմ: Եվ այստեղ Ռուսաստանը ընտրության առաջ կկանգնի՝ ում կողքին կանգնել: Եվ, իհարկե, Ռուսաստանը կանգնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողքին՝ որպես իր տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական գլխավոր գործընկերներ»,- ասել էր Զուլֆուգարովը:
Նշենք, որ ՀՀ սուվերեն տարածքում վերջին օրերին տեղի ունեցած մարտերի և ադրբեջանական սադրանքների ֆոնին ՔՊ-ական որոշ պատգամավորներ, իշխանամերձ հասարակական կազմակերպություններ հորդորում կամ հոխորտում էին Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը խզել և ՀԱՊԿ-ից դուրս գալ:
Ի դեպ, Ալիևը պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 21-ին, Փաշինյանին բանակցությունները շարունակելու առաջարկ էր արել, որն անտեսվել էր: Իսկ թե որքանով է պատրաստ Արևմուտքը իր ուսերին վերցնել մեր անվտանգային խնդիրները, ռիսկերը, երբ այսօր Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները հանձնված են ռուս խաղաղապահներին, թեպետ Նիկոլ Փաշինյանը հրավեր էր ուղարկել միջազգային դիտորդներին, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրներին, ժամանակը ցույց կտա: