«Եթե այդ խնդիրը չլուծես՝ ուսուցիչների թիվը գնալով պակասելու է». կրթության փորձագետ
Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում:
Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել:
Նշվում է, որ հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է առաջացնում որևէ առարկայի ուսուցչի ֆիզիկական բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային. ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երևանյան դպրոցների տնօրենները։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ նախագիծը վատը չէ, որովհետև եթե չենք կարողանում ուսուցիչ գտնել, ապա ավելի լավ է՝ դասը հեռավար անցկացնել:
«Ակնհայտ է, որ դա դասի անցկացման արդյունավետ ձև չէ, բայց մյուս կողմից էլ, եթե մարդ չեն գտնում, ի՞նչ կարելի է անել. սա է խնդիրը: Իհարկե, սա չի նշանակում, որ եթե դպրոցը մարդ գտնի՝ չի կարող վերցնել, ուղղակի ընտրությունը պետք է կատարես երկու տարբերակի միջև: Մի տարբերակն այն է, որ դու ընդհանրապես ուսուցիչ չես ունենում, մյուսն էլ այն է, որ այդ ուսուցիչը հեռավար է պարապում: Հիմա ակնհայտ է, որ հեռավար պարապելու տարբերակը գոնե չարյաց փոքրագույնն է: Ուղղակի այստեղ մի ուրիշ խնդիր, ռիսկ կա. չստացվի այնպես, որ հեռավար ուսուցիչ գտնենք ու ասենք՝ լավ է, ու էլ ջանք չգործադրենք: Երբ դու ընդհանրապես չունես ուսուցիչ, ավելի ինտենսիվ ես փնտրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հիմա փորձում է դիպլոմների հարցը մի քիչ թեթևացնել, որ, ասենք, մարդը, ով չունի մանկավարժական կրթություն, այնուամենայնիվ, կարողանա դիմել 30 կրեդիտի դեպքում և դպրոցում ուսուցիչ աշխատի:
«Սա, ամեն դեպքում, համալիր լուծում պահանջող խնդիր է: Պետք է այնպես անել, որ ուսուցչի աշխատանքը լինի գրավիչ և ցանկալի՝ ֆինանսական առումով և ոչ ֆինանսական: Ու եթե այդ խնդիրը չլուծես՝ ուսուցիչների թիվը գնալով պակասելու է: Ասենք՝ որոշ մասնագիտություններ ինչո՞ւ չեն սովորում. որովհետև մեջը փող չկա: Չեն ընդունվում կամ էլ ընդունվում են, սովորում են, ավարտում և չեն ուզում աշխատել դպրոցում»,- նկատեց կրթության փորձագետը:
Հարցին՝ առաջարկում են մինչև մենթոր դպրոցի ներգրավումը հեռավար դասավանդման մրցույթ հայտարարել հարևան համայնքների ուսուցիչների համար, քանի որ խիստ կարևոր է իրար հարևան համայնքներում գործող դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար ստեղծել ուսումնական և աշխատանքային արդյունավետ միջավայր, ինչպես նաև ֆիզիկապես նույն տարածաշրջանում գտնվող աշակերտների ուսուցումը կազմակերպել տվյալ տարածաշրջանի ուսուցիչների կողմից, ինքը ևս կիսո՞ւմ է այս կարծիքը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.
«Իհարկե, որովհետև այդպես կարող է ավելի լավ իմանա մարզը, երբեմն, եթե խնդիր լինի՝ այցելի դպրոց: Սա տրամաբանական է, որ հենց տվյալ մարզի բնակչին նախապատվությունը տան»:
Հավելենք, որ մենթոր դպրոցների միջոցով առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում տվյալ առարկայի էլեկտրոնային ուսուցման արդյունքում հնարավոր կդառնա հավասարապես որակյալ կրթություն ապահովել նշված դպրոցներում՝ աշակերտների կրթական կարիքների բավարարման միջոցով, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացման:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:
Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող ուսումնական հաստատության առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Մենթոր դպրոցների ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: