Դիվանագիտական խայտառակություն. Արտգործնախարարությունն ապացուցեց իր չգոյությունը

Նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը գործնականում ապացուցեց իր դիվանագիտական անկարողությունը և չգոյությունը՝ որպես կառույց ու դիվանագիտական սուբյեկտ:

Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակման, ՀՀ տարածքում տեղային ծանր մարտերի ֆոնին ՀՀ արտաքին դիվանագիտական կառույցին չհաջողվեց կոնկրետ իրավիճակն արձանագրող, հասցեական որևէ միջազգային արձագանք ստանալ ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ո՛չ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, ո՛չ Իրանից, ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ որևէ միջազգային կառույցից:

Նախօրեին ՀՀ տարածքում տեղի ունեցողն աննախադեպ երևույթ էր ՀՀ նորագույն պատմության ընթացքում, աննախադեպ էր նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում: Բացի առանձին միջադեպերից, Ադրբեջանը նման լայնածավալ ուժերով երբևէ չէր հարձակվել ՀՀ սահմանների վրա, նման ծավալուն և բացահայտ կերպով չէր խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ու երբևէ նման մասշտաբային կորուստներ կոնկրետ ՀՀ տարածքում չէին եղել ադրբեջանական որևէ գործողության հետևանքով:

Դիվանագիտական բառապաշարին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին ծանոթ պաշտոնյաները, փորձագիտական հանրությունը քաջատեղյակ են, և Հայաստանում այլևս համակերպվել էին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, միջազգային կազմակերպությունները, հարևան երկրները հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի խախտումների դեպքում, նույնիսկ այն դեպքերում, երբ ակնառու էր հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը:

Սա հասկանալի է, նույնիսկ ոչ պաշտոնական խողովակներով սովորաբար դիվանագետները բացատրում են, որ որպես միջնորդ՝ չեն կարող հասցեական հայտարարություններ անել հատկապես, երբ շփման գծում տեղակայված չեն հրադադարը վերահսկող և խախտումներն արձանագրող մեխանիզմներ:

Սակայն իրավիճակը լիովին տարբեր է, երբ հարձակումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա է, և գործողությունները տեղի են ունենում ՀՀ տարածքում, ադրբեջանական կողմը դիրքեր է գրավում, մեծ մարդուժի և զինուժի ներգրավմամբ մարտեր են տեղի ունենում, որը չի արձանագրում ՀՀ որևէ միջազգային գործընկեր:

Տեղային մարտերի վերաբերյալ հայտարարություններ են տարածել ԱՄՆ Պետդեպը, ՌԴ-ի, Իրանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունները, ինչպես նաև՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

ԱՄՆ Պետդեպ. «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտերի առնչությամբ: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա սրացումից խուսափելու նպատակով: Մենք նաև հորդորում ենք կողմերին ուղիղ կերպով ներգրավվել և կառուցողականորեն լուծել բոլոր էական հարցերը, այդ թվում՝ սահմանի դեմարկացիայի հարցը: Ինչպես նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ հակամարտության մնացած բոլոր հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

ՌԴ ԱԳՆ. «Կողմերի հետ շփումների մեջ ենք գտնվում իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն փոխադրելու համար»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հերթին՝ անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումից և կողմերին կոչ արել պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները: Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես՝ հայկական կողմից:

Իրանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու զսպվածություն ցուցաբերել՝ առկա տարաձայնությունները երկխոսությամբ ու խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ «Ստեղծված իրավիճակը վտանգավոր է տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարգավաճման հասնելու համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաթե Խաթիբզադեն, հավելելով՝ Իրանը, ինչպես և անցյալում, պատրաստ է աջակցել երկու կողմին՝ հակասությունները հարթելու, և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու հարցում։

ՄԱԿ-ը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով և զսպվածություն ցուցաբերել: Սա ասել է կառույցի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆարհան Հակը։ «Մենք անհանգստացած հետևում ենք վերջին բռնությունների մասին հաղորդումներին, կարիք ունենք ճշտել այդ տեղեկությունները։ Հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, առաջնորդվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններով և բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության միջոցով՝ խաղաղ ճանապարհով»,-  ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակումը, ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը, որը փաստ է դեռ 2021 թվականի մայիսի 12-ից, չի արձանագրվել, առավել ևս՝ դատապարտվել ՀՀ գործընկերների կողմից:

Ի դեպ, ցավալին այն է, որ ՀՀ տարածք բազմակի և տարաբնույթ ներխուժումների փաստը մայիսի 12-ից սկսած հստակորեն և անմիջապես չեն արձանագրել ՀՀ իշխանությունները: Մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժումը, ինչպես նաև վերջերս Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի Ոստիկանության ապօրինի գործողությունները, ապա այդ և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական մաքսակետերի, անցակետերի տեղադրումից հետո ՀՀ իշխանությունները բազմամակարդակ չեն արձանագրել, որ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, որ դրանք ՀՀ տարածքներ են:

Ավելին, ՀՀ իշխանություններն այս կամ այն միջադեպի առիթով չէին խորշում Ադրբեջանի զբաղեցրած նոր տարածքներն անվանել ադրբեջանական տարածքներ: Ի դեպ, այս հարցի վրա իր անդրադարձներում մշտական ռեժիմով ուշադրություն է դարձնում ՄԻՊ Արման Թաթոյանը: Գուցե սա է նաև պատճառը, որ ՀՀ միջազգային գործընկերները չեն արձանագրում տեղի ունեցողը, քանի որ ՀՀ իշխանություններն իրենք հստակ դիրքորոշում չեն ձևակերպում այս հարցի շուրջ:

ՀՀ ԱԳՆ-ին չի հաջողվել իր ամենամոտ գործընկերներից նման ծանր փուլում ստանալ ակնհայտ փաստի գոնե արձանագրում, ինչը դիվանագիտական խայտառակություն է, կառույցի տոտալ չգոյության փաստ: Համացանցում ևս ակտիվորեն քննարկվում է տվյալ թեման թե քաղաքական գործիչների, թե պարզապես օգտատերերի կողմից, առնվազն որակվելով՝ որպես դիվանագիտական պարտություն, անգործություն:

Ի դեպ, նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն տարածել է իրավիճակի վերաբերյալ մեկ պաշտոնական հաղորդագրություն, իսկ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակը տարածել է անորոշ պատասխաններ Ռուսաստանին ու ՄԱԿ-ին տեղի ունեցածի վերաբերյալ օգնության խնդրանքով դիմել-չդիմելու հարցի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,- նշել է Վահան Հունանյանը՝ ըստ էության հստակորեն չպարզաբանելով հարցը:

Նույնպիսի պատասխան է տրվել նաև ՄԱԿ-ի վերաբերյալ հարցին. «ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»:

Տեսանյութեր

Լրահոս