«Պետք է խոսել նրա մասին, թե ինչու թիկունքում չկա համապատասխան ստորաբաժանում, որպեսզի օժանդակ օգնություն ցուցաբերի դիրքում կանգնած մեր տղաներին». Ռազմական փորձագետ

Տելեգրամյան ալիքները երեկ երեկոյան տեսանյութ էին հրապարակել, որտեղ ադրբեջանցիները զինված մոտենում են հայկական դիրքերին և զենքը հայ զինվորների վրա պահելով՝ հորդորում են թողնել դիրքերը։ Թեև այս մասին Պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չհաղորդեց, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ հայ զինվորին կրակելու հրաման չի տրվել ՊՆ-ից ու ԳՇ-ից, այդ պատճառով էլ թշնամին անարգել մոտեցել է հայկական դիրքերին։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան՝ դժվարացավ ասել, թե ինչու հայ զինվորներին կրակելու հրաման չի տրվել, սակայն ենթադրվում է, որ հայկական կողմը սադրանքների չի տրվում՝ իրենց տրամաբանությամբ, ռազմական բախումներ չհրահրելու համար։

«Սակայն այստեղ խոսքը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման մասին և այստեղ ռազմական բախումը չի կարող լինել պատճառ, որպեսզի մենք չկրակենք, այսինքն՝ չպաշտպանենք այն, ինչն ի պաշտոնե տրված է ՊՆ-ին և ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ։ Այստեղ ես ուզում եմ խոսել ոչ միայն չկրակելու մասին, այլև պետք է խոսել նրա մասին, թե ինչու թիկունքում չկա համապատասխան ստորաբաժանում, որպեսզի օժանդակ օգնություն ցուցաբերի։ Ենթադրում եմ, որ մեր տղաները չեն կրակել, քանի որ վստահ են եղել, որ թիկունքից իրենց օգնության չեն հասնի և իրենք կա՛մ գերի կընկնեն, կա՛մ կզոհվեն։ Մենք պետք է նաև այս տեսանկյունից դիտարկենք, թե ինչու թիկունքում չկա օժանդակ ստորաբաժանում, որը կկարողանա աջակցություն ցուցաբերել դիրքում կանգնած մեր տղաներին»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում թշնամու տեղադրած մաքսակետերին և Գեղարքունիքում հրահրած սադրանքներին և այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ, ցավոք, այսօր Հայաստանը չի գտնվում այնպիսի վիճակում, որպեսզի դառնա նախաձեռնող կողմ և տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացի։ Այսինքն՝ ՀՀ-ն չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել, քանի որ չունի որևէ տեսակի լծակներ և առհասարակ գործունյա քայլեր չի կարող կատարել՝ բացի թշնամու կողմի պահանջները կատարելուց։

«Սյունիքում մաքսակետեր տեղադրելով, թշնամին նպատակ ունի շրջափակման մեջ վերցնել տարբեր գյուղեր, լավ հասկանալով, որ մաքսակետ տեղադրելուց հետո, այդ ճանապարհներով հայերը չեն երթևեկի։ Մինչդեռ Ադրբեջանը միջազգային հարթությունում իրեն ապահովագրում և ասում է, որ ճանապարհը չի փակել, այլ պարզապես մաքսակետ է տեղադրվել։ Այո, ադրբեջանական մաքսակետը տեղադրված է ՀՀ սուվերեն տարածքում, և բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանը պետական մակարդակով հայտարարել է, որ այդ տարածքներն ադրբեջանական տարածքներ են։ Այսօր որքան էլ մենք ասենք, որ դրանք հայկական տարածքներ են, միևնույն է, արդեն պետական մակարդակով հայտարարվել է, որ դրանք ադրբեջանական են։ Այստեղ թշնամին օգտվել է հենց այդ հայտարարությունից»,- հավելեց ռազմական փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանին ձեռնտու չէ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծել, սակայն առաջացած խնդիրները հնարավոր է միջազգային հարթությունում լուծել իրավական ճանապարհով։

«Հայկական կողմը միջազգային հարթությունում կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար, ինչը, ցավոք, չի արվում։ Պատերազմի ակտիվ փուլից հետո, բազմիցս եմ ասել, որ մենք Ալիևի համար կարող ենք ստեղծել բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ռազմական հանցագործություններից՝ մինչև ագրեսիա սուվերեն պետության նկատմամբ։ Այսինք՝ այս փուլում մենք ամեն ինչ պետք է տեղափոխենք իրավական դաշտ, մինչև կարողանանք ռազմականապես ոտքի կանգնել։ Հայաստանն այս պահին նման բան չի անում և նույնիսկ գերիների խնդիրներով պաշտոնապես չի դիմում միջազգային կառույցներին, փոխարենը դիմում է միջնորդ կողմերի»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս