Գիտնականների ստատուսը հնարավորինս իջեցվել է, նրանք դարձել են օրվա հացի կարոտ, տեղի է ունեցել մեծ արտագաղթ. Արթուր Իշխանյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը կարծում է, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի մասին օրենքի նախագծով ենթադրվում են մի շարք փոփոխություններ, որոնք ակնհայտ վտանգներ են պարունակում:
Օրինակ, դրանցից մեկը գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը Հոգաբարձուների խորհրդին հանձնելն է: Խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ և, եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ եթե ունենք գիտահետազոտական 50 կազմակերպություն, ապա 400 նման մասնագետի գտնելը մեր երկրի պարագայում շատ խնդրահարույց է, որովհետև դժվար է պատկերացնել համապատասխան որակավորում ունեցող նման մարդկանց առկայությունը:
«Ընդհանրապես այս օրենքի տրամաբանությունն առավել դեմոկրատական վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան, հնարավոր է՝ բերի խեղաթյուրումների: Ինստիտուտները եթե անջատվեն և գործեն ինքնուրույն, ապա նրանց կառավարելու հնարավորությունը շատ խիստ իջեցվում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք վատ են գործում: Կան ինստիտուտներ, որոնք չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին ձգտում ենք: Առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմի փուլում, հետևաբար՝ այդ ինստիտուտների դերն ընդհանրապես բարձրանում է: Բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն, մենք կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը»,- ասաց Արթուր Իշխանյանը:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն էլ նշեց՝ օրենքի առաջին 5 էջը կարդալուց հետո մտածել է՝ գուցե վերնագիրը սխալ է կարդացել: Ուզել է հասկանալ՝ այն բարձրագույն կրթության և գիտության մասին օրե՞նք է, թե՞ միայն բարձրագույն կրթության:
«40 անգամ գիտություն և գիտական կազմակերպություն է գրված ու մոտ 400 անգամ՝բարձրագույն կրթություն: Լրամշակումից հետո մի քիչ լավ վիճակ է, մոտ 60 անգամ է գիտություն բառը կրկնվում: Համաձայն եմ ցանկացած կառուցողական փոփոխության, օրենքի ընդունման, եթե դրա տակ կան օբյեկտիվ հաշվարկներ: Ցավոք, ՀՀ-ում ընդունված է՝ բոլոր բնագավառներում որոշում կայացնել անորոշության պայմաններում: Դրա համար ստարտն արդեն սխալ է տրվում: ԳԱԱ-ում ունենք արդյունավետ ինստիտուտներ և ոչ արդյունավետ: Չեմ տեսել օբյեկտիվ վերլուծություն, թե ինչու հայաստանյան պայմաններում կարող ենք ունենալ տարբեր գործող ինստիտուտներ: Եթե վերլուծություններից հետո հատկապես գիտական հանրությամբ որոշեինք, որ ԳԱԱ-ն է մեղավոր այս իրավիճակի համար, կասեի՝ այո, եկեք գնանք այդ փոփոխություններին, բայց, ցավոք, մենք դա չունենք: Ավելին, այսօր մոդայիկ է դարձել անընդհատ ԳԱԱ-ին փնովելը: Փոփոխությունը կարող է բերել կոլապսի, դրա համար պետք է զգույշ լինենք, որովհետև գիտությունը մեկ կամ երկու օրում չի ստեղծվում»,- նման կարծիք հայտնեց Լիլիթ Սահակյանը՝ հորդորելով հասկանալ, թե ինչն է խնդիրը, ինչն են փոխում և ինչ են ակնկալում:
Հարցին՝ ո՞վ է մեղավոր այս վիճակի համար, Արթուր Իշխանյանը պատասխանեց. «Բոլոր կառավարությունները: Նրանց վերաբերմունքը, որն արտահայտվել է, առաջին հերթին՝ ֆինանսավորման անընդունելի ծայրահեղ ցածր մակարդակով: 30 տարի գիտությունը պահվել է գոյատևման, դանդաղ մահվան ռեժիմում՝ նրան հատկացնելով ՀՆԱ-ի 0.25 տոկոսը: Գիտնականների ստատուսը հնարավորինս իջեցվել է, նրանք դարձել են օրվա հացի կարոտ, տեղի է ունեցել մեծ արտագաղթ, և այլն: Ի ուրախություն բոլորիս, վերջին տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ ենք տեսնում, դա ֆինանսավորման էական ավելացումն է, բազային աշխատավարձերի բարձրացումը և մի շարք նպատակային ծրագրերի գործարկումը: Պետք է խնդիր դնենք, թե ինչի ենք ուզում հասնել: Ներկա համակարգն ի զորու է գործել, իրականացնել ինքն իրեն փոփոխություններ, ցուցադրել արդյունքներ: Մեզ անհրաժեշտ է ժամանակ»: