Բաժիններ՝

Ո՞ւմ և ինչքանո՞վ է աջակցելու պետությունը

Բարեփոխումներ են կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրերում և ընտանիքում մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվելու է՝ ըստ ծնված երեխաների թվի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես իրականացվում են 3 ծրագրեր, առաջինը միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում տրամադրվում է աջակցություն՝ առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ովքեր պատրաստվում են մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Եվ այստեղ աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե կանխավճար չկա՝ մայր գումարի մարմանը:

Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակներում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվում է աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի տարեկան ապահովագրավճարի մարմանը: Իսկ երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում հիպոթեքային վարկ մարող ընտանիքներում նոր երեխայի ծնվելու դեպքում տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:

«Ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները կրում են շարունակական բնույթ, և 2021թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին որոշ փոփոխություններ և լրացումներ, որոնցից առաջինը վերաբերում է միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքերին: Եթե նախկինում աջակցությունը հաշվարկվում էր ըստ ծնունդի, այսինքն, մեկ երեխայի հաշվով, ապա այժմ աջակցությունը հաշվարկվում է միաժամանակ ծնված երեխաների թվին համապատասխան: Արդեն ունենք 6 շահառու, որոնցից մեկը օրենքի հետադարձ ուժով է ստացել իր աջակցությունը, այսինքն, 1 երեխայի համար էր նախկինում ստացել, իսկ 2-րդի համար վերահաշվարկ արվեց, և ունենք մեկ շահառու, ով վերջերս է դիմել. ընտանիքում միաժամանակ ծնվել է 3 երեխա»,- ասուլիսի ժամանակ մանրամասնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Նա նշեց՝ քանի որ օրենքն ունի հետադարձ ուժ, ապա դա վերաբերում է 2020թ. հուլիսի 1-ից սկսած ժամանակահատվածին, և եթե եղել է նման դեպք, բոլորի վրա տարածվելու է իրավական դրույթը:

«Փոփոխությունների արդյունքում ֆինանսական ռեսուրսների կարիք է եղել և կլինի: 2021թ. համար այդ ռեսուրսներն ապահովվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին ռեսուրսների վերաբաշխման հաշվին, իսկ 2022թ. համար բյուջեի պլանային հաշվարկներն իրականացվել են՝ հաշվի առնելով այս փոփոխությունները և սրանցով պայմանավորված կանխատեսումները: Միայն 2021թ․ երեք անգամ արդեն իրականացրել ենք բյուջեի համալրում՝ 70, 100 և 420 միլիոն դրամով, և տարվա արդյունքը ցույց է տալիս, որ դեկտեմբեր ամսվա համար ևս մեկ անգամ համալրում պետք է անենք՝ մոտավորապես 100 միլիոն դրամի չափով: Այս պահի դրությամբ աջակցություն ստացել է 2000 շահառու, որից 372-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 445-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, և 1183-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով: Ընդհանուր առմամբ վճարվել է 1 միլիարդ 382 միլիոն դրամ, որից շուրջ 1 միլիարդ 45 միլիոն դրամը վճարվել է 2021թ. 1585 շահառուի համար:

2022 թվականի համար բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ՝ մոտավորապես 1850 շահառուի կտրվածքով: Սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերում ընդգրկվելու համար շահառուները չեն հասցրել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը, քանի որ ունենք պահանջ, որ պետք է դիմեն մինչև այդ. 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պահանջը փոփոխվեց հուլիս 15-ին՝ 2021թ.:

Եթե 2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները չեն հասցրել դիմել, հետևաբար կարվի բացառություն և 2020թ. հուլիսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրում՝ անկախ հանգամանքից, որ լրացել է երեխայի 1 տարին»,- նշեց Գայանե Ղարագյոզյանը:

Նրա փոխանցմամբ՝ լինում են մերժումներ, պատճառներից է՝ անշարժ գույքի ձեռքբերման արժեքը, քանի որ կա սահմանափակում՝ արժեքը չպետք է գերազանցի 30 միլիոն դրամը: 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում գումարն ավելացվում է ևս 5 միլիոն դրամով:

Պատահում է, որ ուշ են դիմում, և կան դեպքեր, երբ շահառուն ՀՀ քաղաքացի չէ: Օտար երկրում ծնված երեխան պետք է ունենա ՀՀ անձնագիր:

«Արդեն ունենք շահառուներ, ովքեր ստացել են 4 միլիոն դրամ՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը: Նախկինում այս շեմը 25-ն էր: 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն ստացածների թիվը 351-ն է: Կա դիմումների կտրուկ աճ. 2021թ. առաջին եռամսյակում աջակցություն ստացել է 280 շահառու, 2-րդում՝ 373, 3-րդում՝ 654 շահառու, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ 278 շահառու:

Երևանից 974 շահառու կա, մարզերից՝ Կոտայքից՝ 297, Լոռիից՝ 166, Սյունիքից՝ 116, Արարատից՝ 113, ապա Արմավիրից՝ 102, Շիրակից՝ 96: Պասիվ մարզերն են Գեղարքունիքը՝ 40 շահառու, Տավուշը՝ 39, Արագածոտնը՝ 34, և Վայոց ձորը՝ 23 շահառուներով: Ցավոք, հիմնականում քաղաքային շրջաններում են բնակարան ձեռք բերում և Երևանին մոտ տեղակայված մարզային բնակավայրերում»,- եզրափակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս