Նստակյաց կյանքը հանգեցնում է ճարպակալման, նրանք գիրանում են, բարձրանում է խոլեստերինը, ճնշումը, շաքարային դիաբետի հարց է առաջանում. Մանրամասնում է բժիշկը
«Ծնողներս շատ էին ուրախանում, երբ տեսնում էին, որ հետաքրքվում եմ բժշկությամբ: Անընդհատ հարցեր էի տալիս, և դա իրենց դուր էր գալիս»,- ասում է հալեպահայ ընտանեկան բժիշկ, սոնոգրաֆիստ «Սարգիս Կլինիկ»-ի հիմնադիր Վրեժ Սարգիսը, ում հետ և զրուցել ենք մասնագիտության, Հայաստան տեղափոխվելու, բժշկական ոլորտում առկա խնդիրների, հայերի շրջանում գերակշռող հիվանդությունների և այլ հարցերի շուրջ:
– Բժի՛շկ, Դուք ծնվել եք Սիրիայում, Ձեր հայրը եղել է մանկաբույժ: Փոքրո՞ւց էիք որոշել նրա գործը շարունակել:
– Այո՛, ծնվել եմ Սիրիայում՝ Հալեպ քաղաքում: Հայրս հայտնի մանկաբույժ է եղել, մայրս՝ տնային տնտեսուհի: Մանկությունս հիմնականում անց է կացել հայկական միջավայրում: Զբաղվել եմ սպորտով՝ բասկետբոլով, ֆուտբոլով, լողով: Սովորել եմ լեզուներ, հատկապես՝ գերմաներեն և անգլերեն:
Որոշեցի բժիշկ դառնալ, քանի որ հայրս բժիշկ էր: Տանը գրեթե միշտ թեման բժշկությունն էր: Հայրս միշտ պատմում էր բուժումների վարման ընթացքի մասին, ու երբ հաճախում էի իր կլինիկա՝ տեսնում էի, թե ինչպես է աշխատում, ու անընդհատ այդ ուղղությամբ էի մտածում: Աչքս սովորել էր այդ ամենին, ու ելնելով այդ հանգամանքից՝ որոշեցի բժիշկ դառնալ:
– Գերմանիայում ստացել եք բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, անցել վերապատրաստումներ Վիեննայում: Դասերի վարման, պրակտիկայի առումով ի՞նչ տարբերություններ կնշեք: Այն, ինչ այսօր Երևանի բժշկական համալսարանում գուցե չի արվում:
– Իհարկե, շատ բաներ կան, որ նույնն են: Տեսական առումով շատ մեծ տարբերություն չեմ նկատել Հայաստանի և Գերմանիայի միջև: Իսկ գործնական առումով նկատել եմ: Առաջինն այն է, որ Գերմանիայում յուրաքանչյուր ուսանող շատ լավ է տիրապետում պրակտիկ հմտություններին:
– Աշխատել եք Գերմանիայում, ապա՝ Հայաստանում: Ինչպիսի՞ն էին բժիշկ-հիվանդ հարաբերությունները, Գերմանիայում ի՞նչ առավելություններ կան բժշկական սպասարկման ոլորտում, որն այստեղ չկա:
– Աշխատանքային հիմնական փորձս ձեռք եմ բերել Գերմանիայում: Բժիշկ-հիվանդ հարաբերություններում ոչ մի տարբերություն չեմ զգացել: Երկուստեք հարգում են իրար: Կարծում եմ՝ ՀՀ-ն զարգացած է այդ առումով, և ոչ մի բանով հետ չենք: Հայաստանի առավելություններից է այն, որ փոքր երկիր ենք և շատ մեծ քանակի նեղ մասնագետներ ունենք, որը, կարծում եմ՝ մեծ առավելություն է ժողովրդի համար: Առավելություն է նաև այն, որ ցանկացած ժամի հիվանդը կարող է դիմել իր նախընտրելի բժշկին, շատ հեշտ և արագ նրա մոտ գրանցվել՝ ընդամենը զանգահարելով և անմիջապես կապ հաստատելով նրա հետ: Եթե ոչ նույն, ապա հաջորդ օրը կարող է հանդիպել բժշկին, ստանալ համապատասխան կոնսուլտացիա և բուժում ու գտնել բոլոր հարցերի պատասխանները: Ցավոք, Գերմանիայում նման բան գոյություն չունի, շատ դժվար է: Թե՛ Գերմանիայում, թե՛ Եվրոպայում, եթե քո նախընտրած բժշկի մոտ ես ուզում գնալ, կարող է՝ շաբաթներ և նույնիսկ ամիսներ սպասես՝ մինչև հերթդ գա:
– Ինչպե՞ս որոշեցիք Հայաստան տեղափոխվել: Եվ որպես բժիշկ՝ այդ համակարգում ի՞նչն եք փորձում փոխել, ուղղել, կամ կուզեիք, որ փոխվեր: Առանձին կլինիկա ունե՞ք և ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում:
– Երբ Գերմանիայում ավարտեցի ուսումս, ցավոք, Սիրիայում պատերազմ սկսվեց, ուստի որոշեցի տեղափոխվել և հաստատվել Հայաստանում: Արդեն ավելի քան 10 տարի է՝ այստեղ եմ: Ավելին, երբ սովորում էի ՀՀ ԵՊԲՀ-ում, նախքան Գերմանիա մեկնելս երազում էի Հայաստանում փոքր կլինիկա ունենալ, մատուցել առաջնային օղակի՝ ընտանեկան բժշկության և սոնոգրաֆիայի ծառայություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց խնդիրներով դիմել, շուտ հայտնաբերել հիվանդությունները և համապատասխան բուժում ստանալ:
Իսկ Գերմանիայում սովորելիս ուզում էի, որ լինի նաև այնպիսի ծառայություն, որ կարողանամ տնային այցեր կատարել: Երբ եկա Հայաստան՝ այդ նպատակս կյանքի կոչեցի, ու մի շարք մարդիկ, ովքեր անկողնային հիվանդ էին, տնային պայմաններում սոնոգրաֆիա էի կատարում: Դա շատ էր օգնում նրանց. հասկանում էինք՝ արդյո՞ք թրոմբ կամ սրտի լուրջ խնդիր կա, հիվանդը տեղափոխվի՞ հիվանդանոց, թե՞ ոչ: Տան պայմաններում ստանում էին՝ «արդյո՞ք կա լուրջ խնդիր, թե՞ ոչ» հարցի պատասխանը: Ապա բավական տարիներ զբաղվելով տնային այցերով՝ ցանկացա ամբողջացնել ծառայությունը և ստեղծել կլինիկա, որը հնարավորություն կտա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին տեղում ստանալ համապատասխան ախտորոշում և բուժում՝ գլխապտույտի, գլխացավի, ոտքերի ցավի, այրոցի, ծակոցի, թմրածության, սրտի աշխատանքի, հազի, փորլուծության, շնչառության և նմանատիպ գանգատների դեպքում:
– Ո՞ր հիվանդություններն են Հայաստանում շատ տարածված:
– Հայաստանում շատ են անոթային խնդիրները՝ հատկապես ոտքերի շրջանում: Հիմնական ախտանշաններն են՝ ոտքի ցավը, ոտքի այտուցը և մաշկի գույնի փոփոխությունը: Գլխի կամ պարանոցի անոթների խնդրի մասին էլ հուշում են հետևյալ նշանները՝ լինում է գլխապտույտ, գլխացավ, ճնշման տատանում, ականջներում զնգոց, հավասարակշռության խնդիր:
Նույնիսկ վաղ տարիքում սիրտ-անոթային հիվանդություններն են արտահայտված Հայաստանում, ու բավականին շատ են նման հիվանդները դիմում: Պատճառն այն է, որ այստեղ շատ են ծխում և ալկոհոլ օգտագործում: Այս թույները վնասում են մարդու սիրտը, ուղեղը, դրա համար սրտի ինֆարկտը շատ տարածված է:
Սրանք անոթները նեղացնում են, նպաստում ինսուլտի առաջացմանը: Սիրտ-անոթային հիվանդությունների տարածման երկրորդ պատճառը նստակյաց կյանքն է: Մեր ժողովուրդը չի սիրում շարժվել, քայլել, դուրս գալ, սպորտով զբաղվել կանոնավոր կերպով: Ու նստակյաց կյանքը հանգեցնում է ճարպակալման, նրանք գիրանում են, բարձրանում է խոլեստերինը, ճնշումը, շաքարային դիաբետի հարց է առաջանում: Առաջանում է նաև ոտքերի թրոմբ, անոթների վնասում:
Ավելի հեշտ է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել, քան վերջնական փուլում, որի դեպքում բուժումը դժվար կլինի: Ամենակարևորը՝ պետք է կանխարգելել, չթողնել հիվանդությունը զարգանա: Այսինքն, առողջ ապրելակերպին հետևել:
– Շատերն այսօր խուսափում են պատվաստվել՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում: Պատճառը հետագա բարդացումներն են: Արժե՞ որևէ հետազոտություն անցնել, նոր պատվաստվել: Ու ի՞նչ անել՝ չվարակվելու համար:
– Կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն է, ՀՀ-ում մահացության թիվը բարձր է, լուրջ պետք է վերաբերվել, պատվաստվել, որի դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք կունենա: Անպայման պետք է կրել դիմակ, ձեռքերը ախտահանել:
Ժողովուրդը վախենում է հետագա բարդություններից: Գիտնականները պետք է սկսեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, որպեսզի տեսնեն, թե ինչ բարդություններ, հետևանքներ ունի պատվաստումը: Կարծում եմ՝ սրանով նաև ժողովրդի վստահությունը կշահեն:
Իմ կարծիքով, եթե պատվաստումից առաջ ստուգում ես քո հակամարմինների քանակը, և այն բարձր է, սա խոսում է այն մասին, որ դու տարել ես կորոնավիրուս: Եթե հակամարմինների քանակը շատ բարձր է, արդեն համարվում է պաշտպանիչ միջոց, բնական ինքնապաշտպանություն է տալիս: Կարծում եմ՝ իմաստ չի ունենա այդ պահին պատվաստվել: Որոշ ժամանակ անց, երբ նվազեն հակամարմինները, կարևոր է, որ մարդը պատվաստվի, ինչ-որ կերպ ունենա օրգանիզմում այդ պաշտպանությունը: