«Ֆիզգորոդոկի» բնակիչները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին. դատական հերթական նիստի օրը հայտնի է
Հոկտեմբերի 23-ի առավոտյան «Ֆիզգորոդոկում» հերթական անգամ վերսկսվել էին շինաշխատանքները: Գիտավանի բնակիչներից Վահրամ Ասատրյանը 168.am-ին հայտնեց, որ այդ աշխատանքները տևել են 2-3 օր, ապա դադարեցվել են:
Նրա փոխանցմամբ՝ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Արդեն շուրջ 3 ամիս ձգձգվող դատական հերթական նիստի օրը նշանակվել է դեկտեմբերի 3-ին:
Նշենք, որ ավելի վաղ բնակիչները հայտնել էին, որ տարածքի ձախ հատվածում կուտակված և հողից դուրս եկող ջրերի հարցը մնում է չլուծված, մեծ արագությամբ տարածքում տեղադրվել են նոր տնակներ, երբեմն կատարվում են հողի փորման և դուրսբերման աշխատանքները:
ՌԱՏԿՈ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանն էլ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ 2018 թվականից փորձաքննություններ է անցել, և ի սկզբանե բնակչությանն իրազեկել են նախագծի մասին, եղել են հանրային լսումներ:
«Բնակիչների պատճառաբանությունները հետևյալ բնույթի էին հիմնականում. Այնտեղ բնակվողների կյանքի որակը կփոխվի, քանի որ բնակչությունը կավելանա: Կամ սկյուռիկներ կան, շինարարության ընթացքում կփախչեն: Մեքենաների քանակը կավելենա, կողքի շենք արև չի ընկնի, և այլն: Հետո բոյկոտեցին լսումները՝ չուզենալով լսել մեր պատասխանները: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ բոլոր ծառերը, որոնք գտնվում են մեր տարածքում, մեր սեփականությունն են, և իրավունք ունենք տնօրինել մեր հայեցողությամբ: Քաղաքապետարանը հաշվառել է բոլոր ծառերը, և մենք պարտավորվել ենք՝ ինչպես մեր տարածքում, այնպես էլ՝ ամբողջ Ֆիզիկայի բանավանում կրկնակի, եռակի ավելի ծառեր տնկել և խնամել»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՌԱՏԿՈ ՍՊԸ տնօրենը:
Հիշեցնենք, որ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:
ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: