Չպիտի օրենքը թույլ տա, որ վարչապետը քիթը խոթի տեղական ինքնակառավարման մեջ. Արթուր Հովհաննիսյան

2021թ. տարեսկզբից դադարեցվել էին ՀՀ տարբեր համայնքների ղեկավարների լիազորությունները, որոշ համայնքներում նոր ընտրություններ չէին նշանակվել ՀՀ-ում արտակարգ և ռազմական դրության առկայությամբ պայմանավորված: Այդ համայնքներում, օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում (նրանց լիազորությունները դադարեցվել էին 2021թ. փետրվարի 26-ին), վարչապետի և մարզպետի որոշմամբ նշանակվել էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ, դրա համար հիմք էր հանդիսացել մի կարգավորում, որն ուժի մեջ էր մտել անցած տարի:

2020թ. հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություններ էր կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել էր հետևյալ բովանդակությամբ. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Մի շարք համայնքների ղեկավարներ դիմում էին ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով 18.06.2020 թվականին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասում, ապա նաև 11.07.2020թվականին «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կատարված փոփոխությունների և լրացումների համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին:

Մի քանի անգամ հարցի քննությունը հետաձգելուց հետո ՍԴ-ում քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին՝ այն դեպքում, երբ այդ ժամանակ արդեն որոշ համայնքներում, որտեղ նման կարգավորում էր կիրառվել, արդեն իսկ կայացած կլինեն համայնքապետի ընտրությունները:

ՍԴ դիմած համայնքապետերի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենսդրական այդ փոփոխությունը, որով վարչապետին կամ մարզպետին իրավունք է տրվել համայնքապետի ԺՊ նշանակել, վնասում է տեղական ինքնակառավարման ինստիտուտի անկախությանը:

«Եթե համայնքի ղեկավարի ժամկետը լրացել է, չպիտի օրենքը թույլ տա, որպեսզի վարչապետը մտնի համայնքի ներքին գործերի մեջ, տեղական ինքնակառավարման մեջ մտնի, քիթը խոթի այդտեղ և նշանակում կատարի: Դա տեղական ինքնակառավարման անկախությանն է վնասում և բնակչության ինքնուրույն գործելու սկզբունքին, որը ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրացման դեպքում մի քանի հնարավոր տարբերակներ կային, սակայն ընտվել է ամենահակասահմանադրականը:

«Գործադիրին թողեցին, որ միջամտի տեղական ինքնակառավարման գործերում: Սա ոչ թե միամտություն է, բացթողում, այլ սա դիտավորություն է: Ինչո՞ւ, որովհետև ցանկություն կար՝ մինչև այդ նոր համամասնական ընտրակարգով ընտրվելիք, ձևավորվելիք ավագանիների համայնքներում նշանակվի իրենց ուզած համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, որը մինչև ընտրությունները հնարավորություն կունենա վարչական լծակներ օգտագործելով՝ հետագայում ապահովել իշխող ուժի հաղթանակն այս կամ այն համայնքում…

Մի կողմից՝ աշխատում էր իրենց փոփոխած օրենքը, որն ասում էր՝ եթե համայնքի ղեկավարի ժամկետը լրանում է, վարչապետն է նշանակում: Մյուս կողմից՝ ավագանու ընտրությունները ձգում են, որ նոր ավագանի չընտրվի, նոր ղեկավար չնշանակվի, այստեղ պաշտոնակատարը ժամանակ ունենա անել, ինչ որ պետք է: Երկուսն իրար հետ աշխատող տարբերակ է: Եվ երրորդ ուղղությունն այն էր, որ մենք 2021թ. ապրիլի 1-ից այս դրույթները վիճարկում ենք ՍԴ-ում, ՍԴ-ն որոշում չի կայացնում: Եթե ՍԴ-ն որոշում կայացներ ամենասկզբի նշանակած օրը՝ հունիսին, ու ասեր՝ հակասահմանադրական է, հունիսից հետո մինչև ընտրությունները ոչ մի պաշտոնակատար վարչապետի կողմից չէր նշանակվելու:

Մենք դիմում ենք ՍԴ-ին, օրհասական պահին ասում ենք՝ Դատարան, ընտրություններն արհեստականորեն ձգձգվում է, այս ընթացքում համայնքը մնում է առանց ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարի, նորմա՞լ է, որ վարչապետը պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև ընտրությունները, ՍԴ-ն երեք անգամ հետաձգում է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեծ է հավանականությունը, որ այս անգամ ևս կհետաձգվի քննությունը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների մի մեծ խմբի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 5-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս