Պատվաստանյութը չբերության չի տանում, չիպ չի, պատվաստվելուց հետո էլ հարս կտանեն. «կարելին» և կատեգորիկ «չի կարելին». բժշկի խորհուրդները
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան, «Քովիդ» կենտրոնի վարակաբան Մկրտիչ Մխիթարյանն է:
Բժիշկ Մխիթարյանը շուրջ 11 տարի ուսանել և աշխատել է Մոսկվայում, 2020 թվականին ՌԴ իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է երկու շքանշանների:
Մկրտիչ Մխիթարյանը նշել է.
- Կորոնավիրուս տերմինն առաջին անգամ հիշատակվել է 1968 թվականին:
- Այսօր արդեն գոյություն ունեն կորոնավիրուսի 43 տեսակներ, 2 ենթաընտանիքներ և 7 տեսակներ, որոնք մարդու համար կարող են վարակիչ լինել: 100-ից ավելի շտամներ կան, բայց դրանցից Դելտա շտամն ագրեսիվ բնույթ ունի:
- Դելտա շտամի սիմպտոմը նման է սովորական ORV-ի նշաններին՝ հարբուխ, բարձր ջերմություն, մկանային ցավեր և գլխացավեր:
- Միանշանակ է՝ պետք է անպայման պատվաստվել:
- Բնակչության նվազ պատվաստված լինելը հանգեցնում է վարակելիության և մահվան մեծ թվի:
- Բացի ջերմիջեցնող դեղամիջոցներից, հիվանդության առաջին 7 օրվա ընթացքում այլ դեղամիջոցներից պետք է խուսափել, հակաբիոտիկները կատեգորիկ հակացուցված են:
- Հակաբիոտիկները որևէ կապ չունեն կորոնավիրուսի բուժման հետ, դրանք իջեցնում են մարդու իմունիտետն այն ժամանակ, երբ դա չի կարելի:
- Վարակվածության առաջին 7 օրերի ընթացքում դեղամիջոցներով, ներարկումներով միջամտելը սխալ է, միջամտել պետք է միայն բժշկի ցուցումով, երբ նա տեսնում է, որ թոքաբորբն ագրեսիվ ընթացք ունի:
- Իմունային համակարգը պետք է բարձրացնել ճիշտ սննդակարգի, բնական միջոցներով՝ հյութերի և այլն:
- Պատվաստումների նվազ քանակն ու Հայաստանի բնակչության պասիվությունը պայմանավորված է ոչ պատշաճ իրազեկված լինելով:
- Մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, իրազեկել:
- Միջին վիճակագրական տվյալներով՝ պատվաստված մարդիկ ավելի թեթև են տանում վարակը, քան չպատվաստվածները:
- Այնպես, ինչպես մեր հանրությունն է կրում դիմակները՝ նոնսենս է, եթե դիմակը չի փոխվում 2-3 ժամը մեկ, ապա դրա կրումը բացարձակ անիմաստ է:
- Բաց տարածքում, բացարձակ մենակ քայլելիս դիմակ կրելը ևս անիմաստ է:
- Միֆեր են, որ պատվաստանյութը բերում է չբերության:
- Պատվաստանյութը չիպ չի, պատվաստվելուց հետո հարս կտանեն… դրանք հորինված կեղծ միֆեր են:
- Խուճապը, տագնապի զգացումը կորոնավիրուսի դեպքում միայն բացասական էֆեկտ են ունենում, խորացնում են հիվանդությունը:
- Քաղաքացուն այնքան պետք է իրազեկել, որ ինքնակամ գնա պատվաստվելու: