Եթե միմյանց հետ զրուցելիս կես քայլ հետ կանգնենք, արդեն բացօթյա տարածքում իրար չենք վարակի. համաճարակաբան
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը չի վերաբերում միայն մինչև 5 տարեկան երեխաներին, քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողներին՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնողներին, բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում գտնվողներին, սակայն ոչ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության դեպքում
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ սա սխալ որոշում է, քանի որ այն չի կարող կասեցնել վարակի տարածումը:
«Բացօթյա տարածքում տեսականորեն հնարավոր է՝ վարակվեն շատ սերտ շփման ժամանակ, երբ համբուրվում են, ձեռքով բարևում, և այլն: Մնացած դեպքերում անհնար է: Եթե միմյանց հետ զրուցելիս կես քայլ հետ կանգնենք, արդեն բացօթյա տարածքում իրար չենք վարակի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց համաճարակաբանը:
Ինչ վերաբերում է գոնե մեկ շաբաթով լոքդաունի գնալուն, ապա Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ մեր բնակչության դեպքում դա անիմաստ կլինի:
«Մեր բնակչությունը լոքդաունի իր հնարավորությունը սպառել է: Չգիտեմ, կարո՞ղ է մեզ օգնել դա, թե՞ ոչ: Արդյո՞ք մեր ժողովուրդը լոքդաունի դեպքում տանը նստելու փոխարեն՝ մեկ ուրիշի հյուր չի գնա: Օրինակ, 2020թ. գարնանը կարանտին հայտարարվեց, մարդիկ գործի չէին գնում, ուրիշ տեղ էին գնում, ու արդյունքում՝ վիրուսի տարածումը շարունակվեց»,- նշեց համաճարակաբանը:
Մեր դիտարկմանը՝ մարդկանց որոշակի հատված դեռևս խուսափում է նաև պատվաստվելուց, սա ևս խոչընդոտներ է ստեղծում, ի՞նչ քայլեր պետք է արվի, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ի սկզբանե պետք է չվարկաբեկվեր պատվաստման գաղափարը: Առաջին հերթին պետք է պատվաստեին դեռևս չվարակված մարդկանց՝ հիմնականով սկսելով ռիսկի խմբերից, որպեսզի մահացությունը նվազեցվեր, հիվանդանոցները քիչ ծանրաբեռնվեին: Պետք է հայտարարեին, որ եթե մարդն իրեն մի թեթև վատ է զգում՝ անմիջապես հետազոտվի: Համը, հոտը մարդը կորցրել, գնացել է պոլիկլինիկա, որ հետազոտվի, ասել են՝ մինչև երեք օր 38.5 աստիճանով չջերմես՝ չգաս: Խայտառակություն է, մարդը շարունակում է գնալ գործի: Այսինքն, համաճարակը շարունակվում է, քանի որ մարդուն չեն հետազոտել, հնարավորություն չեն տվել աշխատանքի չգնալ: Ավելին, եթե գործատուն հնարավորություն չի տալիս մարդուն հիվանդ լինելու դեպքում աշխատանքի չգնալ, ու նա գնում է գործի, վարակը տարածում է տրանսպորտում, աշխատավայրում: Համաճարակի սկզբից ասվում էր, որ պետք է աշխատել գործատուների հետ, որպեսզի վատ զգալու դեպքում մարդիկ կարողանան աշխատանքի չգալ, գումարային վնաս չկրեն: Այս մի որոշումը որ կայացվեր՝ համաճարակը այսպես չէր զարգանա»։
Հավելենք, որ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, արվել է 12.835 թեստավորում, կա 1641 առողջացած և, ցավոք, մահացել է 51 հոգի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309.397 դեպք, որոնցից 270.741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30.978 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
Ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում: