Ադրբեջանը 2018թ. պատերազմ սկսելու որոշում չուներ, Դուշանբեի հանդիպման ժամանակ թև առավ. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այսօր «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի շրջանակներում անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմին, նշեց, որ ՀՀ իշխանական քարոզչությունը և իշխանությունների գրպանում ծվարած քաղաքական-հասարակական խմբերը պնդում են, որ պատերազմն ու պարտությունն անխուսափելի էին, ինչի համար էլ տարբեր հիմնավորումներ են բերում, դրանից մեկը, իբր, 30 տարվա թալանն է։

«Այսինքն՝ մարդկանց գիտակցության մեջ միֆ են ստեղծել, որ 1991-92-93 թվականին մենք ունեինք արդեն հզորագույն կազմավորված բանակ, պետություն և այլն, իսկ դրանից հետո ինչ-որ մարդիկ 30 տարի այդ ամենը թալանել են։ Իրականում այդպես չէր, 1988 թվականից սկսած երկրաշարժից ու Խորհրդային Միության փլուզումից սկսած շատ վատ վիճակ էր, և այն մարդկանց, ում այսօր մեղադրում են, թե իբր քանդել են, թալանել են և այլն, իրականում այդ մարդիկ բանակի  հիմնադիրներից են»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Պատերազմի սկիզբը կանխորոշվա՞ծ էր, այս հարցի վերաբերյալ Կարեն Վրթանեսյանն ունի իր կարծիքը, վստահ է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու այդպիսի որոշում չկար։ Թեև Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, դրա մասին խոսել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում նախկին իշխանություններն ասում էին, թե պատերազմ չի լինելու։ Այլ հարց էր, կգնա՞ր այդ քայլին, թե՞ ոչ, սա էլ կախված էր Հայաստանից ու միջազգային իրադրությունից։

«Եթե Ադրբեջանը գիտի, որ պատերազմը չի մարսելու, բնականաբար, չի սկսի, իսկ Ալիևը կորցնելու շատ բան ունի։ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ՝ անկայուն, քաոսային, որ եթե Ադրբեջանն ունենար պատերազմի հստակ որոշում, կսկսեր հենց այդ ժամանակ։ Օրինակ, 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց օրեր անց, ամենավտանգավոր իրավիճակն էր, որովհետև թշնամին Նախիջևանում քայլեր արեց և մնաց անպատիժ։ Նրանք այնպիսի դիրք գրավեցին, որ եթե հայկական կողմից լիներ լուրջ դիմադրություն, չէին կարողանա։ Բարձունքի վրա դիրք գրավեցին, ընդ որում, երկու հայկական դիրքի մեջտեղում։ Հայաստանում ստեղծված քաոսային իրավիճակում, բացի Նախիջևանից, Ադրբեջանն այլ գործողություններ, քայլեր չձեռնարկեց։ Այսինքն՝ իրենք այդ պահին լայնամասշտաբ պատերազմ սկսելու որոշում չունեին։ Նրանք կողքից նայում էին, ինչ-որ բաներ էին փորձում ու եզրակացություններ անում»,- հավելեց փորձագետը։

Ըստ Կարեն Վրթանեսյանի, թշնամին թև առավ Դուշանբեի հանդիպման ժամանակ, և Իլհամ Ալիևը, որը  միջազգային քաղաքականության մեջ «եփվում» էր, Դուշանբեում արագ, մի քանի նախադասություն փոխանակելով՝ արդեն հասկացել է, թե ում հետ գործ ունի։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց համար հասկանալի էր, որ հրադադարի խիստ պահպանումն Ադրբեջանն օգտագործելու է սահմաններում իրենց դիրքերն ամրապնդելու համար, այդպես էլ եղավ։ Մի քանի ամիս շարունակ Ադրբեջանն ակտիվ շինարարական աշխատանքներ էր անում։ Մի բան, որը նախկինում չէին կարողանա անել, որովհետև հայկական կողմից կհարվածեին ադրբեջանական տեխնիկային։ Իսկ երբ այդ աշխատանքներն ավարտեցին 2019 թվականի փետրվարին, սկսեցին Հայաստանին մեղադրել սադրանքների համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս