Ո՞վ է թելադրում մեր տնտեսության օրակարգը

Կյանքը ցույց տվեց, որ իրականությունից կտրված հայտարարություններով տնտեսություն չես զարգացնի։ Դա մեկ անգամ ևս ապացուցեց ճգնաժամը. ճգնաժամը կոտրեց մեր տնտեսության «աննախադեպ» զարգացումների վերաբերյալ մի քանի տարի շարունակ իշխանությունների հյուսած միֆերը։ Տնտեսությունը չդիմացավ ճգնաժամին։

Ճգնաժամի հետևանքներով Հայաստանի տնտեսության կորուստները շատ ավելին էին, քան բազմաթիվ այլ երկրներինը։ Տնտեսական անկումը կրկնակի ավելի մեծ էր համաշխարհայինից։ Ավելի մեծ, քան տարածաշրջանի երկրներինը։

Թե ինչու «աննախադեպ» զարգացումների ճանապարհը բռնած մեր տնտեսությունը չդիմացավ տնտեսական ցնցումներին, պատճառները շատ են։ Փոխարենը հիմքեր ստեղծելու տնտեսության իրական զարգացումների համար՝ մի քանի տարի շարունակ իշխանությունները զբաղված էին կեղծ թեզեր առաջ տանելով, թռիչքային աճերից ու հեղափոխական փոփոխություններից էին խոսում։ Իբր Հայաստանում ստեղծել են իդիալական պայմաններ գործարարության համար, վերացրել են մենաշնորհներն ու բացել դաշտը բոլոր ցանկացողների համար։ Այնինչ՝ ներսից քանդում էին այն հիմքերը, որոնք պիտի երկարաժամկետ հեռանկարում նպաստեին տնտեսության զարգացումներին։

Պատահական չէ, որ ճգնաժամից հետո մեր տնտեսության վերականգնումն էլ է դանդաղ տեղի ունենում։

Հույս չկա, որ այս տարի կհաջողվի ամբողջությամբ հետ բերել կորցրածը։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ամենալավատեսական գնահատականներով, Հայաստանում սպասվում է, լավագույն դեպքում, 5-6 տոկոսին մոտ աճ։

Տնտեսության ամբողջական վերականգնմանը չի հավատում անգամ կառավարությունը։ Այս տարվա համար կառավարության սպասումը 6-6,5 տոկոս աճն է՝ անցած տարվա 7,4 տոկոսանոց անկումից հետո։

Դեռ լավ է, որ արտաքին մի շարք գործոններ նպաստավոր են տնտեսական աճի համար։ Այլապես դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչպիսին կլիներ մեր տնտեսության վերականգնման ընթացքը։

Բայց դրանից, իհարկե, տնտեսության իրական վիճակը չի փոխվում։ Մեր տնտեսությունը լուրջ վերափոխման ու խորքային փոփոխությունների կարիք ունի, որոնք, սակայն, չեն արվում։ Ընդամենը մեկ-մեկ ու կես տարի առաջ իշխանությունները տնտեսության հեղափոխական զարգացումների օրակարգն էին առաջ տանում, համավարակի հետևանքով միջազգային շուկաներում բացված նոր հնարավորություններից ու դրանք նվաճելուց էին խոսում։ Այսօր բողոքում են տնտեսության ցածր արտադրողականությունից՝ կարծես նախկինում չգիտեին այդ մասին։

«Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է միջինը 6,8 դոլար արդյունք,- իր գլխավորած հերթական կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս՝ Ազգային ժողովի ամբիոնից դժգոհում էր Նիկոլ Փաշինյանը։ -Սա շատ վատ ցուցանիշ է, որովհետև, օրինակ, ՌԴ-ում այդ ցուցանիշը կազմում է 11,7 դոլար։ ԵՄ-ի միջին ցուցանիշը 42,7 դոլար է։ ԵՄ երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը ավելի է 100 դոլարից։ Ես կարծում եմ, որ այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը»։

Արտադրողականության այն մակարդակը, որն ունի Հայաստանի տնտեսությունը, իսկապես վատ է ու մտահոգիչ։ Իսկ ի՞նչ է արել իշխանությունը երեք-երեքուկես տարվա ընթացքում այն բարձրացնելու համար։

Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը խուսափում է հնչեցնել։ Պարզ է, թե ինչու, որովհետև ոչինչ չեն արել տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։

Տնտեսության արտադրողականության բարձրացման գլխավոր նախապայմանը տեխնիկական վերազինումն է ու առաջատար տեխնոլոգիաների ներդրումը։ Իսկ դա անհնարին է առանց ներդրումների։ Այն էլ՝ առանց մեծածավալ ներդրումների։ Բայց ի՞նչ ունենք ներդրումների առումով։ Ունենք այն, որ այս իշխանության օրոք մեր տնտեսությունն էլ ավելի կորցրեց իր ներդրումային գրավչությունը։ Մինչև ճգնաժամն էլ Հայաստանումը տեղի էր ունենում ներդրումների նվազում։

2019թ., անգամ իշխանության հռչակած «ոսկե տարում», արձանագրվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի կրճատում։ Անցած տարվա մասին նույնիսկ չարժի էլ խոսել։ Այս տարի էլ վիճակը վիճակ չէ։

Ներդրումային այսպիսի իրավիճակն է ցածր արտադրողականության հիմնական պատճառներից մեկը։ Տնտեսությունը, այսպես թե այնպես, մի օր դուրս կգա ճգնաժամից և կվերադառնա նախկին մակարդակին, բայց դրանով մեր տնտեսության արտադրողականության խնդիրը չի լուծվի։

Կար ժամանակ, երբ փակ սահմանների պայմաններում, տնտեսությունը կարողանում էր լուրջ ծավալի ներդրումներ գեներացնել։ Միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեկան հասնում էին մինչև 1 մլրդ դոլարի։ Այսօր կարելի է միայն երազել այդ մասին։ Մեր տնտեսության ներդրումային գրավչությունը ցածր է, որքան էլ որոշ պետական պաշտոնյաներ փորձեն տպավորություններ ստեղծել, թե տնտեսությունը ներդրումների պակաս չունի։

Տնտեսության մեջ ներդրումների «հորդելու» վերաբերյալ թեզը շատ հաճախ փորձում է առաջ տանել էկոնոմիկայի նախարարը։ Վերջերս նրան էր միացել նաև Սփյուռքի գործերի հանձնակատարը՝ իր այն անհիմն հայտարարությամբ, որ Հայաստանում սփյուռքահայ ներդրողների պակաս չի զգացվում։

Հայաստանում ներդրումների պակաս կա՞, թե՞ չկա, վկայում են ոչ թե օդում կախված հայտարարությունները, այլ հրապարակվող ցուցանիշները։ Իսկ դրանք չեն փայլում իրենց լավատեսությամբ։

Պետք է գտնել հնարավորություններ՝ ներդրումներն ավելացնելու և տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։ Բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, թե հանուն ներդրումների կարելի է վտանգել տնտեսության անվտանգությունը։ Մի բան, ինչի հետ կապված վերջին շրջանում անընդհատ նոր մտահոգություններ են ի հայտ գալիս։ Դրանք ամենևին էլ հիմնազուրկ չեն՝ անկախ նրանից, թե ինչ կասեն պետական պաշտոնյաները։

Ակնհայտ է, որ իշխանությունները գնում են մի ճանապարհով, որով մեր տնտեսության զարգացման հույսը կապում են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, թշնամի հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու տնտեսական կապերի ձևավորման հետ։ Այն դեպքում, երբ դա ավելի շատ ռիսկեր է պարունակում տնտեսության անվտանգության համար, քան զարգացման հեռանկարներ է բացում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս