Իսկ ի՞նչ եք անելու, եթե մարդիկ դժգոհեն, որ իրենց վճարած հարկերի հաշվին անվճար պատվաստում եք քաղաքացիներին

Իշխանությունները ցանկալին իրականության տեղը ներկայացնելու վատ սովորություն ունեն։ Երբ պետք է, կարող են իրականությունը գլխիվայր շուռ տալ ու այնպես ներկայացնել, ինչպես այդ պահին պետք է, միայն թե արդարացնեն իրենց տրամաբանությունից զուրկ քայլերը։ Զավեշտն այն է, որ դա փորձում են անել՝ թաքնվելով հասարակության հետևում։

Ասածի հերթական օրինակը օրերս մեկ անգամ ևս տեսանք։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանկարծ որոշեց, որ հասարակության մեջ շարժում է ձևավորվում՝ չպատվաստված քաղաքացիներին պետության հաշվին անվճար բուժօգնություն ցուցաբերելու դեմ։

«Մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և անվճար բուժվեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե որտեղից են վերցրել, որ հասարակության մեջ այդպիսի շարժում է ձևավորվել, անհայտ մնաց։ Մինչ այդ նման շարժման մասին խոսք չի եղել։

Փոխարենը՝ վաղուց մեր երկրում մեկ այլ շարժում է տարածված. մարդիկ բողոքում են պատվաստման կամ 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ ներկայացնելու դեմ, իսկ վարչապետը կամ կառավարությունը տարօրինակ ձևով այս մարդկանց չեն լսում կամ լսելու չեն տալիս։ Կարծես նրանք հասարակությանը չեն ներկայացնում, իսկ չեղած շարժման մասնակիցները ոչ միայն ներկայացնում են, այլև նրանց չլսված ձայնն արդեն հասել է կառավարությանը։

Ավելին, կառավարությունում միանգամից գործի են անցել։ Քննարկել են ու եկել եզրակացության, որ չպատվաստված քաղաքացիներին պետք է զրկել հարկատուների հաշվին անվճար բուժօգնություն ցույց տալու հնարավորությունից։

Արդեն նախանշվում են նաև այն ժամկետները, թե երբվանից պիտի հարկատուների փողերը «տնտեսեն»՝ կորովիրուսով վարակված ու չպատվաստված հիվանդներին բուժօգնություն տրամադրելուց հրաժարվելու հաշվին։

Իհարկե, լավ է, որ կառավարությունը հանկարծ հիշել է հարկատուների փողերի մասին։ Բայց հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նախկինում չէին հիշում այդ մասին։ Առաջին անգա՞մ է, որ հասարակությունը կամ հասարակության ինչ-որ մի հատված բարձրացնում է հարկատուների փողերի հարցը։

Արդեն 3 տարի է, հասարակությունը դժգոհում է, որ հարկատուների փողերի հաշվին կառավարությունը մասսայական պարգևավճարներ է բաժանում բարձրաստիճան պաշտոնյաներին ու պետական կառավարման համակարգի մանր ու միջին չինովնիկներին, բայց բանի տեղ դրող չկա։

Եթե այդքան մտածում եք հարկատուների փողերի մասին, ինչո՞ւ չեք ուզում լսել հասարակության ձայնը։ Թե՞ այդպես մտածողները հասարակության անդամ չեն։

Երբ վարչապետը պետական բյուջեի հաշվին կառավարության վերանորոգված ամառանոցն էր կրկնավերանորոգում, ինչ է, թե՝ այնտեղ մի քանի ամիս ապրել էր Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ չէր մտածում հարկատուների փողերի մասին։ Կամ, երբ ձեռք էր բերում վարչապետին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, դրանք հարկատուների փողերը չէի՞ն։

Երբ հասարակության մի ստվար հատված բողոքում էր ինչ-որ անհասկանալի տոներ մեր իրականության մեջ ներմուծելու համար, կառավարությունը հարկատուների հաշվին լավ էլ միլիոններ էր ծախսում այդ տոները նշելու ու խորովածի փարթիներ կազմակերպելու վրա։ Բա ինչո՞ւ այդ ժամանակ հարկատուներին չէիք հիշում, ովքեր դեմ էին իրենց վճարած հարկերի հաշվին տասնյակ միլիոն դրամների չպատճառաբանված ծախսեր կատարելու համար։

Հարկատուների փողերի հաշվին փողոցներում գորգեր էին լվանում, կարծես այդ փողերն ուրիշ ծախսելու տեղ չկար։

Մեկն էլ կարող է վաղը շարժում սկսել, թե ինչո՞ւ եք իր վճարած հարկերի հաշվին անվճար պատվաստում քաղաքացիներին։ Ինչ է, պիտի վերցնեք ու վերացնե՞ք անվճար պատվաստումը։

Մեկ ուրիշն էլ կարող է մյուս օրը շարժում սկսել նրա համար, թե ինչո՞ւ իր վճարած հարկերի հաշվին չեք բուժում կորոնավիրուսով հիվանդներին։

Ինչ ասել է՝ մարդիկ բողոքում են, թե ինչո՞ւ պիտի իրենք հարկեր վճարեն, իսկ պետությունն այդ հարկերի հաշվին անվճար բուժօգնություն տրամադրի պատվաստում չանցած քաղաքացիներին։ Իսկ մեկը հարցրե՞լ է, թե ինչո՞ւ է պետությունն այդ հարկատուների վճարած հարկերի հաշվին այնպիսի ծախսեր անում, որոնց այդ մարդիկ դեմ են։

Սա ի՞նչ տրամաբանություն է, որով շարժվում է կառավարությունը։ Մի բան անելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, փորձեք ավելի հիմնավոր պատճառաբանություններ գտնել։

Ինչպե՞ս կարելի է այդքան պրիմիտիվ լինել ու փորձել ամեն կերպ մոլորեցնել հասարակությանը։

Եթե պատասխանատուները չեն կարողանում համոզել հասարակությանը պատվաստումների անհրաժեշտության, նպատակահարմարության ու արդյունավետության հարցում, դա նրանց թերացումն է։ Նման դեպքերում պատասխանատվություն են կրում թերացողները, և ոչ թե պատժվում են քաղաքացիները։ Եթե մարդիկ մտահոգություններ ունեն պատվաստումների հետ կապված, պետք է փորձել փարատել այդ մտահոգությունները, և ոչ թե հարկադրանքի ու շանտաժի միջոցներ կիրառելով՝ ստիպել անել մի բան, ինչին նրանք անձնապես դեմ են։

Համավարակն իսկապես գնալով նոր տեմպեր է ստանում։ Եվ, որ ավելի վատ է, ավելանում են մարդկային կորուստները։ Առանձին օրերին մահերի թիվն անցնում է նույնիսկ 30-ից։ Վերջին տասնօրյակում ավելի քան 250 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սա լուրջ ահազանգ է հասարակության ու պետության համար։ Բայց մի՞թե խնդիրը միայն պատվաստվել-չպատվաստվելու մեջ է։

Կորոնավիրուսի հետ կապված՝ մեր երկրում իբր արտակարգ դրություն է հայտարարված։ Իսկ ինչքանո՞վ են պահպանվում արտակարգ դրության կանոնները։ Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում հասարակական տրանսպորտում։ Մարդիկ իրար գլխի լցված են երթևեկում։

Նույն կառավարությունը, որն այդքան «մտահոգված է» կորոնավիրուսի տարածմամբ, ու կառավարության նիստերին ձև են անում, թե դիմակ են կրում, ինքն է նպաստում համավարակի տարածմանը՝ իր կազմակերպած մասսայական միջոցառումներով։

Պատվաստումները՝ պատվաստում, բայց դա երբեք չպետք է մահակ դառնա մարդկանց գլխին։ Այն, ինչ փորձում է անել կառավարությունը՝ պատճառաբանելով հարկատուների փողերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս