Կան հակասություններ, սակայն Մոսկվան Թեհրանին հարավկովկասյան ուղղությամբ համագործակցության նշաններ է ցույց տալիս. Սկակով

Իրանի Իսլամական Հանրապետության հարավկովկասյան «արշավի» կարևոր հանգրվաններից մեկն ԻԻՀ նորանշանակ ԱԳ նախարար, իրանցի փորձառու դիվանագետ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի առաջին այցն էր Ռուսաստանի Դաշնություն:

Բացի այն, որ ռուս և իրանցի դիվանագետների համար սա ընդհանուր առմամբ ճանաչողական հանդիպում էր, որի ընթացքում Աբդոլլահիանն առավելապես պետք է ցույց տար իր ռուսաստանցի գործընկերոջը, թե որոնք են Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այցին հավելյալ լարվածություն էին հաղորդում Իրանի նոր դիրքավորման փորձերը Հարավային Կովկասում:

Մինչ Մոսկվա մեկնելն արդեն Աբդոլլահիանը խոսել էր Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և քարտեզային փոփոխություններ թույլ չտալու պատրաստակամության մասին, որն այս բանակցությունների ամենակարևոր երկրորդ ֆոնն էր:

Եվ, իհարկե, պետք է հիշեցնել, որ մինչ Աբդոլլահիանի հետ հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնապես այդ զրույցի միակ թեման նշված էր միջուկային գործարքը:

Ի դեպ, քիչ չեն այն վերլուծաբանները, որոնք հարավկովկասյան ուղղությամբ Իրանի ակտիվությունը գնահատում են շեղող հանգամանք՝ իրական խնդիրները դիտարկելով միջուկային գործարքի շուրջ:

Այնուամենայնիվ, Իրանի համար հարավկովկասյան տարածաշրջանում կան խնդիրներ, որոնց մասին Աբդոլլահիանը բավականին հստակ բառապաշարով խոսեց, կրկնելով, որ Իրանը չի հանդուրժի քարտեզի փոփոխություն, թերևս, նկատի ունենալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրագործումն ու աշխարհաքաղաքական փոփոխություններ:

Նա նաև ակնարկեց, որ չեն հանդուրժի անհամարժեք պահանջներ տարածաշրջանում: Նախօրեին շատ քննարկվեց, թե ինչ ասաց Աբդոլլահիանը Մոսկվայում, սակայն ուշագրավ էր նաև Լավրովի խոսքը:

Ի տարբերություն Աբդոլլահիանի՝ Լավրովը զուսպ էր: Լավրովը նշեց, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափի ստեղծման հարցը, որը կզբաղվի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Նա նաև հիշեցրել է՝ Մոսկվան է որոշիչ դեր ունեցել ԼՂ-ում հակամարտության դադարեցման և Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ համաձայնագրի կնքման գործում, համաձայն որի՝ տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ անձնակազմ։ «Հայտարարության մեջ կային սկզբունքներ, որոնք սահմանում են կարգավորման առաջխաղացմանն ուղղված համատեղ քայլերը, ներառյալ՝ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տարածաշրջանում տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Վրաստանը։ Դրանից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ որպես այդ երեք հանրապետության ամենամոտ հարևաններ»,- ասաց Լավրովը։

Նա նաև ուղերձ հղեց բոլոր խաղացողներին՝ ՌԴ-ն դեմ է ռազմական ակտիվության մեծացմանն ու սադրիչ զորավարժություններին: Ինչպես հայտնի է, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանն իր գործընկերների հետ անցկացրել է վեցից ավելի զորավարժություններ, իսկ Իրանն առաջին անգամ զորավարժություն նախաձեռնեց Արաքսի հովտում:

Հաշվի առնելով հանգամանքը, որ Աբդոլլահիանն ասել էր, թե ակնկալում են, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ, Մոսկվայում և Ադրբեջանում շատերը կարծում են, որ Իրանը փորձում է Մոսկվային ներքաշել իր կողմ կամ պահանջում է կողմնորոշվել ստեղծված իրավիճակի հարցում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը գնահատեց, թե ինչպես հաջողվեց մոտեցումները մոտեցնել հարավկովկասյան հարցերի շուրջ նախարարներին:

Ըստ նրա, Իրանը մտնում է հարավկովկասյան «խաղի» մեջ, երբ այն արդեն ունի ձևավորված որոշակի կանոններ:

Նրա խոսքով, Իրանի ու Ռուսաստանի շահերն ակնհայտորեն հակասում են Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանը ներկայումս այս հարցում կանոնավոր և ոչ անհաջող շփումներ ունի Երևանի, Բաքվի և Անկարայի հետ:

Սակայն, Սկակովի կարծիքով, այդ հակասությունները Մոսկվան ցույց չի տալիս և համագործակցության նշաններ է ցույց տալիս:

Ավելին, նա հիշեցրեց, որ կան հետպատերազմյան հայտարարություններ, որոնցով ենթադրվում է, որ պետք է շարունակվի կարգավորումը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որտեղ Իրանը կոկրետ շահեր ունի:

«Բայց իրավիճակը շատ բարդ է, քանի որ Արևմուտքը փորձում է գործի դնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, զուգահեռաբար՝ կա Թեհրան-Բաքու լարվածություն, Թեհրանն աշխատում է տարածաշրջանում կոմունիկացիոն այլ ուղղությունների վրա, Հնդկաստանն է աշխատում, Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են այլ ճանապարհի ուղղությամբ, խոսվում է հայ-թուրքական կարգավորման մասին, Խաղաղության համաձայնագրի, դեմարկացիայի մասին, սա ահռելի բովանդակություն է տարածաշրջանի համար բազմաթիվ շահերով, շատ երկրներով, ու անկանխատեսելի է, թե ինչպես կընթանան զարգացումները, քանի որ բոլորը ցանկանում են իրենց մասնաբաժինը ստանալ:

Չեմ պատկերացնում, թե որքան արմատական կարող են լինել Իրանի գործողություններն ու քայլերը, այնուամենայնիվ, ըստ իս, դրանք կարող են լինել պայմանավորվածությունների տեսքով կոմունիկացիոն որոշ ուղղությունների շուրջ: Իրանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Երևան ու Բաքու, խոսվում են կոնկրետ պայմանավորվածությունների մասին Թեհրան-Երևան ձևաչափով: Եվ այստեղ հարցն այն է, թե որ կողմն ավելի արագ կլինի, ու մյուսն ինչ արձագանք կցուցաբերի:

Կարծում եմ, գործընթացները դեռ մի որոշ ժամանակ այս ինտենսիվությամբ կշարունակվեն, քանի որ գործ ունենք բազմակողմ բազմաթիվ բարդ հարցերի հետ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս