Շուշիի կարևորության չափանիշը՝ ըստ Փաշինյանի և Ալիևի
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը դարձյալ շոշափել է Շուշիի կարգավիճակի և կորստի թեման՝ հայտարարելով.
«Շուշիի մասին որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել: Տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»:
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է այս հայտարարությունը և թվարկել Շուշի քաղաքում եղած թանգարանները, վարչական շենքերը, հյուրանոցները, դեպի Ղազանչեցոց՝ ձախ կողմում կառուցված համալսարանները, արհեստագործական դպրոցը:
«Եթե գնայիք դեպի Կանաչ ժամ, այնտեղ բազմաբնակարան շենքեր էին, առանձնատներ էին, կենտրոնական բանկի մասնաճյուղն էր, մանկապարտեզներն էր, մշակույթի պալատն էր, սպայական շենքեր էր և մի շարք այլ հիմնարկներ, շինություններ։ Վերջապես, պաշտոնական տեղեկություններով՝ Շուշի քաղաքում ապրում էր մոտ 4000 բնակիչ․․․»,- շարունակել է Աբրահամյանը:
Փաշինյանը հակադարձել է՝ իր ասածը վերաբերել է բացառապես բնակելի շենքերի կառուցմանը:
«Հիմա դուք նշում եք ցանկեր, այդ ցանկը, ճիշտն ասած, կարելի է տարբեր տեմպերով կարդալ, բայց եթե այդ ցանկը դնենք, կարող է մի էջի վրա չտեղավորվիայդ ձեր ասած ցանկը, և ի՞նչ ծավալ է դա։ Հարց եք բարձրացնում, իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել, լավ, եկեք հաշվենք, ի՞նչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն Բադենում, հլը տեսնենք՝ այդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես որևէ համեմատության եզր ունե՞ն»,- պնդել է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը:
Տիգրան Աբրահամյանն ի պատասխան՝ արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որ նրա այս և մյուս հայտարարությունները միմյանց հակասում են:
«Դուք իրավիճակը ներկայացնում էիք, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չի եղել, այսինքն՝ դա նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի ձևով հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես էի ներկայացնում, և այս իրավիճակին եթե գումարում ենք Շուշիի հետ կապված ձեր նախկին հայտարարությունները՝ դժգույն քաղաք է կամ մեկ այլ ձևակերպմամբ, որն ինձ համար տհաճ է արտահայտել, ապա ձեր հնչեցրած հայտարարությունները տարբեր կոնտեքստներում, որևէ ձև ոչ հասկանալի են, ոչ էլ ընկալելի»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժգույն, դժբախտ քաղաք համարել էր 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում:
«Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում»,- ասել էր Փաշինյանը:
Մինչդեռ 2020-ի մայիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, Շուշին բոլորովին էլ դժգույն քաղաք չէր:
«Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակաշրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ:
Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է, և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ»,- իր ելույթում նշել էր Փաշինյանը:
Մյուս կողմից, նույն ելույթում, խոսելով փոփոխությունների մասին, Փաշինյանը հետևյալ միտքն էր արտահայտել.
«Եվ, իմիջիայլոց, փոփոխություններ ասելով՝ մենք բոլորս սովորաբար հասկանում ենք իրականության փոփոխության ֆիզիկական հատկանիշները. կառուցված ճանապարհներ, նորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ, ջրագծեր ու զբոսայգիներ: Այս ամենը չափազանց կարևոր են: Բայց կառուցված ճանապարհը կարող է քանդվել, նորոգված շենքն ու դպրոցը՝ մաշվել, ջրագիծն ու զբոսայգին՝ դառնալ անօգտագործելի, այսպիսով ցույց տալով փոփոխության մակերեսային, ձևական բնույթը: Եվ ուրեմն, շատ ավելի կարևոր է ու տևական այն փոփոխությունը, որը տեղի է ունենում մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում, մեր մտածողության ու հոգեբանության մեջ, մեր վարքագծի ու վարվելակերպի մեջ»:
Իսկ թե ինչի հանգեցրեց այդ մտածելակերպի, հոգեբանության, վարքագծի փոփոխությունը, դրա քարոզչությունը, մենք տեսանք անցած տարի պատերազմի օրերին, երբ կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, այդ թվում՝ Շուշին, որը երբեք բանակցային սեղանին քննարկման առարկա չի եղել, ինչի մասին նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր խոսել՝ «Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել»:
Նշենք, որ 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իբր ցիտելով Սերժ Սարգսյանին, «խոստովանել» էր.
«Ձեր հարցին պատասխանել է ժամանակին Սերժ Սարգսյանը: Էդ ես պատերազմական ընթացքում իմ հարցազրույցներում ասել եմ հետևյալը` այն, ինչ որ ընդունելի է Հայաստանի համար, նույն պահին անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ավելին է ուզում: Սա 20 տարվա մեթոդաբանություն է: Հա՛, Շուշին էդ բանով հանձնեինք, գուցե ավելի շահեկան էր: Ամեն ինչ էլ… է՜, ավելի… մեծ հաշվով, կարող է մեկն էլ ասի` «ամեն ինչ հանձնեինք, զոհ չունենայինք, էդ ավելի շահեկան էր», և ոչ ոք չէր կարող ասել` «գիտե՞ք ինչ, չէ, ասի՝ լավ է զոհ ունենայինք»:
Բայց, ի վերջո, հարցը հետևյալն է` մենք մեր իրավունքների համար պայքարելու կամք ունե՞նք, թե՞ չունենք: Ուրիշ բան, որ մեր կանքը հետևողականորեն կոտրվել է, հետևողականորեն»:
Վերադառնանք Շուշիում բազմաբնակարան շենքեր կամ բնակելի շենքեր կառուցել-չկառուցելու, ներդրումների թեմային:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշել էր.
«Ազատագրումից հետո Շուշիում մեծ թափով սկսվել էր շինարարություն, իսկ վերջին տարիներին այն վերածվել էր շինհարթակի: Օրինակ, Շուշիի մշակույթի տունն ամբողջովին կապիտալ նորոգվել էր, պատերազմի ժամանակ, որ ոստիկանները մեջն էին, ու այն ռմբակոծվել էր, այդ շենքի մասին է խոսքը: Ծրագիր կար, որ Շուշիի մշակույթի տան կողքի նորակառույց շենքը վերածվեր ԱԺ շենքի: Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո եկավ այնտեղ ու ասաց, որ այդ շենքը կա՛մ ԱԺ շենքի կվերածվի, կա՛մ նախագահականի, 2022 թվականին շենքն արդեն պիտի տեղափոխվեր: Վարանդա-6 շենքը վերակառուցվում էր, որպեսզի բազմազավակներին ու զոհվածների ընտանիքներին տրամադրվեր: Ընդհանուր քաղաքն այս տարիների ընթացքում վերակառուցվել ու նորմալ քաղաքի տեսք էր ստացել: Մենք Ստեփանակերտից հետ չէինք մնում, հենց այնտեղ մի բան էր լինում, մենք մտնում էինք «մրցակցության» մեջ ու ասում էինք՝ մենք էլ անենք, այդպես տարբեր ներդրումներով ու հովանավորներով քաղաքը զարգացրել էինք: Մարդիկ իրենց բնակարանները վերանորոգում էին, պետությունը որքանով կարողանում, գումար էր տրամադրում, մնացածն իրենց միջոցներով էր»:
– 19 սեպտեմբերի, 2020– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այց է կատարում Շուշի քաղաք, իր խոսքով՝ վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով:
Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.
– բնակարանաշինություն
– Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում
խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում
շրջանային բուժմիավորման շենքի կառուցում
Շուշի տանող ճանապարհի վերանորոգում:
Այս այցի շրջանակում այդ ժամանակ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել էր, որ ավարտին են մոտենում 45 բնակելի տների աշխատանքները, ևս 4 տուն պետք է սկսեին կառուցել, իսկ մոտ ապագայում նախատեսվում էր պատվիրել ևս 100 բնակելի տների նախագծեր։
– Արցախի ներդրումային հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվություններն աչքի անցկացնելիս ևս գալիս ես այն եզրահանգման, որ Շուշի քաղաքում բնակելի շենքեր կառուցվել են՝ 64, 48 բնակարանանոց:
Գնահատելու համար, թե որքանով է սա բավարար կամ ոչ բավարար, պետք է նախ հաշվի առնել Շուշի քաղաքի կառուցվածքը, մասշտաբը, առաքելությունը:
Երկրորդ՝ Շուշի քաղաքը հանձնել-չհանձնելու մասին խոսելիս, պետք է առաջին հերթին հաշվել ոչ թե բազմաբնակարան շենքերի թիվը, այլ, թե որքանով է քաղաքը կատարել իր առաքելությունը, և նրա աշխարհագրական դիրքը:
Ամիսներ առաջ ռուսական ՌԲԿ-ն ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ հեղինակը նախ հիշեցնում է՝ Շուշին անվանել են ղարաբաղյան Երուսաղեմ, և հաշվի առնելով բերդաքաղաքի դիրքը՝ շեշտում, թե՝ «ով տիրում է Շուշիին, ամբողջ Ղարաբաղը նրա «ափի մեջ» է»: Այսինքն, ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին:
«Առանց չափազանցության, սա ամենակարևոր ռազմավարական միջնաբերդն է ամբողջ տարածաշրջանում»,- շարունակում է հեղինակը:
Սա բացարձակ ճշմարտություն է, և իզուր չէ, որ Ադրբեջանը ցանկանում է Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի» մշակութային մայրաքաղաք: Բայց որքան էլ ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ հայկական Շուշիում արդեն բնակություն են հաստատել ադրբեջանցիները, թուրքերը, կամ այն ներկայացվի՝ որպես զուտ պանթուրքական նպատակների կենտրոն, Շուշին Ադրբեջանի համար անպայման ծառայելու է որպես ռազմական հենակետ՝ Ստեփանակերտի գլխին կախված:
Բացի այս, չմոռանանք, որ Արցախի հայկական մնացած հատվածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով, և ռազմական գործողությունների սկսման դեպքում անհնարին է դառնալու այդ ճանապարհով շարժը:
Մինչդեռ փաշինյանական իշխանությունն անգամ պատերազմից հետո շարունակում է աշխարհաքաղաքական անվտանգային հարցերը կենցաղային մակարդակով գնահատել:
Իհարկե, յուրաքանչյուր քաղաքի, տարածքի բնակեցումը և վերաբնակեցումն ինքնին երկրի անվտանգության ապահովման բաղադրիչ է, բայց տվյալ դեպքում Շուշիի կարևորության գնահատման չափանիշին էր վերաբերում: