«Ի՞նչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն Բադենում, որևէ համեմատության եզր ունե՞ն». Փաշինյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունից մի հատված, որը վերաբերում էր Շուշի քաղաքին։

«Շուշիի մասին որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, տրամաբանությունը, ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»,- Փաշինյանի խոսքերը ուղիղ մեջբերեց Տիգրան Աբրահամյանը։

Ապա ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շարունակեց իր հարցը նախաբանով, որ արցախյան առաջին պատերազմից հետո Շուշի քաղաքում չվնասված որևէ շինություն չի եղել, ոչ բնակելի, ոչ էլ այլ հասարակական նշանակության շինություններ, սակայն յուրաքանչյուր ոք, ով պատերազմից հետո գնացել է Շուշի, ականատես է եղել բազմաթիվ նոր շինությունների․

«Յուրաքանչյուր մարդ, նաև այս խորհրդարանից ովքեր գնացել են Շուշի, մուտքի մոտ աջ կողմում տեսել են թանգարաններ, ձախ կողմում վարչական շենքեր, դիմացը հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալուց՝ ձախ կողմում, եղել են համալսարաններ, արհեստագործական դպրոցը, եթե գնայիք դեպի Կանաչ ժամ, այնտեղ բազմաբնակարան շենքեր էին, առանձնատներ էին, կենտրոնական բանկի մասնաճյուղն էր, մանկապարտեզներն էր, մշակույթի պալատն էր, սպայական շենքեր էր և մի շարք այլ հիմնարկներ, շինություններ։ Վերջապես պաշտոնական տեղեկություններով Շուշի քաղաքում ապրում էր մոտ 4000 բնակիչ․․․»։

Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք նա արցախյան առաջին պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում, եթե այո, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասն ինքը թվարկեց․

Փաշինյանը նախ ասաց, որ Տիգրան Աբրահամյանը ճիշտ մեջբերեց իր հայտարարությունը, խոսքը եղել է բնակելի շենքերի մասին, ապա շարունակեց․

«Էն, ինչ որ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար, և այն, ինչ-որ ասել եմ, բնականաբար այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող։ Քանի որ այսօր հարց հնչեց Իջևանի մասին, կարող եմ ասել, որ այսօր Իջևանում կառուցվում և ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 45-50 տարի ոչ ասֆալտապատվել են, ոչ էլ ընդհանրապես որևէ տիպի նորոգման են տրվել։ Ինչ վերաբերում է Լիտվայում արած իմ հայտարարություններին, իմ այդ հայտարարությունները հրապարակվել են, և ավելացնելու որևէ նոր բան չունեմ»։

Տիգրան Աբրահամյանն արձագանքելով հնչեցրած պատասխանին՝ ասաց, որ իր համար անհասկանալի է, եթե Փաշինյանը շրջել է Շուշիում և տեսել իր նկարագրած շինությունների գոնե մի մասը, ապա տարօրինակ է Լիտվայում արված հայտարարությունը, քանի որ Փաշինյանն այնտեղ իրավիճակն այլ կերպ էր ներկայացնում․

«Դուք իրավիճակը ներկայացնում էիք, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չի եղել, այսինքն՝ դա նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի ձևով հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես էի ներկայացնում, և այս իրավիճակին եթե գումարում ենք Շուշիի հետ կապված ձեր նախկին հայտարարությունները՝ դժգույն քաղաք է կամ մեկ այլ ձևակերպմամբ, որն ինձ համար տհաճ է արտահայտել, ապա ձեր հնչեցրած հայտարարությունները տարբեր կոնտեքստներում, որևէ ձև ոչ հասկանալի են, ոչ էլ ընկալելի»։

Ի պատասխան պատգամավորի արձագանքին, Փաշինյանը կրկին ասաց, որ իր ասածը վերաբերել է բացառապես բնակելի շենքերի կառուցմանը․

«Ի՞նչ կա ոչ հասկանալի, ես խոսում եմ բնակելի շենքերի կառուցման մասին։ Հիմա դուք նշում եք ցանկեր, այդ ցանկը, ճիշտն ասած, կարելի է տարբեր տեմպերով կարդալ, բայց եթե այդ ցանկը դնենք, կարող է մի էջի վրա չտեղավորվի,այդ ձեր ասած ցանկը, և ի՞նչ ծավալ է դա։ Հարց եք բարձրացնում, իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել, լավ, եկեք հաշվենք, ի՞նչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն Բադենում, հլը տեսնենք այդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես որևէ համեմատության եզր ունե՞ն։ Ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով, ձեզ թվում է միայն դո՞ւք եք եղել Շուշիում և միայն ե՞ս եմ եղել Շուշիում, էլ մարդիկ չե՞ն եղել, այն մյուս տարածքներում մարդիկ չե՞ն եղել, չե՞ն տեսել՝ ինչ իրավիճակ է այնտեղ տիրում։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում։ Այո, այն, ինչ որ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս