«30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք՝ այդպես չի կարելի». Շուշիի քաղաքապետ

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի տարածքների մեծ մասին, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը՝ նշեց, թե՝ որ այդքան ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել:

168.amԱրցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե կոնկրետ Շուշիում ի՞նչ ներդրումներ են արվել, և պատերազմից առաջ ի՞նչ վիճակում էր քաղաքը:

«1992  թվականին, երբ ազատագրվեց Շուշին, այն վերածված էր ավերակների, տները վառված էին: Այն ժամանակ, երբ մարդիկ փայտ չունեին վառելու, այդ փլուզված տներից փայտ էին հանում ու վառում էին, այսինքն՝ այդ ժամանակ քաղաքն ահավոր վիճակում էր: Վերջին 7 տարիներին ես եմ եղել քաղաքապետ ու տեսել եմ՝ ինչ ներդրումներ է արվել քաղաքում: Ազատագրումից հետո Շուշիում մեծ թափով սկսվել էր շինարարություն, իսկ վերջին տարիներին այն վերածվել էր շինհարթակի: Օրինակ, Շուշիի մշակույթի տունն ամբողջովին կապիտալ նորոգվել էր, պատերազմի ժամանակ, որ ոստիկանները մեջն էին, ու այն ռմբակոծվել էր, այդ շենքի մասին է խոսքը: Թաղամասեր կային, որոնք լուսավորություն չունեին, լուսավորել էինք, ասֆալտապատել էինք բոլոր շենքերի բակերը»,- նշեց Շուշիի քաղաքապետը:

Նա նաև հավելեց, թե այս տարիների ընթացքում քաղաքում բազում մանկապարտեզներ են բացվել, վերանորոգվել է դպրոցը։ Վերջին 5-6  տարիներին արդեն ջուրը մշտական էր: Արդեն ստեղծվել էր ֆիլտրման կայան, որի բացումը նախատեսված էր հունվարին:

«Շուշիում հիմնվել և գործում էր սկզբում՝ ագրարային, հետո՝ տեխնոլոգիական համալսարանը, արհեստագործական ուսումնարանը, այն զրոյից կառուցվել էր, աշակերտների թիվն էլ շատ մեծ էր: Գործող երաժշտական դպրոց ունեինք: Ծրագիր կար, որ Շուշիի մշակույթի տան կողքի նորակառույց շենքը վերածվեր ԱԺ շենքի: Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո եկավ այնտեղ ու ասաց, որ այդ շենքը կա՛մ ԱԺ շենքի կվերածվի, կա՛մ նախագահականի, 2022 թվականին շենքն արդեն պիտի տեղափոխվեր: Վարանդա-6 շենքը վերակառուցվում էր, որպեսզի բազմազավակներին ու զոհվածների ընտանիքներին տրամադրվեր: Ընդհանուր քաղաքն այս տարիների ընթացքում վերակառուցվել ու նորմալ քաղաքի տեսք էր ստացել: Մենք Ստեփանակերտից հետ չէինք մնում, հենց այնտեղ մի բան էր լինում, մենք մտնում էինք «մրցակցության» մեջ ու ասում էինք՝ մենք էլ անենք, այդպես տարբեր ներդրումներով ու հովանավորներով քաղաքը զարգացրել էինք:

Մարդիկ իրենց բնակարանները վերանորոգում էին, պետությունը որքանով կարողանում, գումար էր տրամադրում, մնացածն իրենց միջոցներով էր: Շուշիում կյանքը փոխվել էր: Հիմա ադրբեջանցիներն էլ են զարմանում, ասում են՝ այսքան տո՞ւն է նորոգվել, այն էլ այդպես ճաշակով: Հիմա թշնամին սկսել է սեփական տները քանդել, 6 բարձրահարկ շենք են քանդել, հիմա էլ սեփական տները, վերևի թաղամասից քանդելով գալիս են, երևի ուզում են հայկական հետքը վերացնեն»,- հավելեց նա:

Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ 30 տարիների ընթացքում ամեն տարի երևում էր, որ Շուշիում կյանքը նորմալանում է, աշխուժանում, այդ թվում՝ մշակութային կյանքը:

Քաղաքում գործում էր հինգ թանգարան՝ Գորգերի, Կերպարվեստի, Երկրաբանական, Պատմության և Դրամի: Մեծ թվով հյուրանոցներ կային, որոնք ակտիվ գործում էին, այսինքն՝ կար այն ամենը, ինչ անհրաժեշտ էր քաղաքային կյանքը կազմակերպելու համար:

«Ես միշտ ասում էի, որ Շուշին շատ ուրախ քաղաք է, ամեն օր քաղաքում պսակադրություն էր կատարվում, երաժշտությամբ մտնում էին քաղաք ու դուրս գալիս: Մեծ թվով սպաներ էին ապրում Շուշիում: Մենք այսօր չպետք է դադարենք լռել մեր հողերի մասին, ծննդավայր ենք կորցրել, կորցրել ենք այն ամենը, ինչ ունեցել ենք այս ընթացքում, հիշողություններ ենք կորցրել:

Առհասարակ սովորություն ունեի ամեն մի առիթ նկարահանել ու որպես հիշողություն պահել՝ հարսանիքներ, մկրտություն, ընտանեկան հավաքույթներ, այդ բոլոր հիշողություններս այժմ չկա, մնացել է Շուշիում: Չգիտեմ՝ ինչ ասեմ այն մարդկանց, որոնք այդքան շուտ են հողը մոռանում, դրանք մեր տարածքներն են, 11 եկեղեցի ունեցող քաղաքն ինչպե՞ս կարող է ադրբեջանական լինել: Մեր հողից հրաժարվելը հանցագործություն է, թշնամություն հայրենիքի հանդեպ: 30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք, այդպես չի կարելի: Որքան հնարավոր էր, այնքան ներդրումներ եղել են, ու ամենաշատը Շուշիում են եղել ներդրումներ: Հիմա ես չեմ հուսահատվում, թող Ադրբեջանը սարքի, մեկ է՝ ուշ թե շուտ այդ սարքածները մեզ են մնալու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս