«Հա՛, Շուշին հանձնեինք, գուցե ավելի շահեկան էր». Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացումը նախկինների քննադատելով՝ պատերազմում պարտության պատասխանատվությունը նախկիններին վերագրող Նիկոլ Փաշինյանը ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խնդրանքով անդրադարձավ 2020թ․ հոկտեմբերի 19-ի հրադադարի հնարավորությանը:
«Մենք գիտենք, Դուք պարզաբանեցինք, որ Շուշին պիտի վերադառնար, այդ պատճառով Դուք չեք ընդառաջել այդ առաջարկին: Ամեն դեպքում կուզենայի, եթե հնարավոր է, մի քանի… ավելի մանրամասնեք, որովհետև տպավորություն կա, որ միգուցե դա ավելի շահեկան հնարավորություն էր»,- Փաշինյանին դիմեց Սերգեյ Բագրատյանը:
«Ձեր հարցին պատասխանել է ժամանակին Սերժ Սարգսյանը: Էդ ես պատերազմական ընթացքում իմ հարցազրույցներում ասել եմ հետևյալը` այն, ինչ որ ընդունելի է Հայաստանի համար, նույն պահին անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ավելի է ուզում: Սա 20 տարվա մեթոդաբանություն է: Հա՛, Շուշին էդ բանով հանձնեինք, գուցե ավելի շահեկան էր: Ամեն ինչ էլ… է՜, ավելի… մեծ հաշվով, կարող է մեկն էլ ասի` «ամեն ինչ հանձնեինք, զոհ չունենայինք, էդ ավելի շահեկան էր», և ոչ ոք չէր կարող ասել` «գիտե՞ք ինչ, չէ, ասի՝ լավ է զոհ ունենայինք»: Բայց, ի վերջո, հարցը հետևյալն է` մենք մեր իրավունքների համար պայքարելու կամք ունե՞նք, թե՞ չունենք: Ուրիշ բան, որ մեր կանքը հետևողականորեն կոտրվել է, հետևողականորեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի «լկտի պահվածքին, ցինիկ հայտարարություններին», Փաշինյանն ասաց, թե Ալիևը միշտ է նման հայտարարություններով հանդես եկել` «2007թ., 2008թ., 2009թ., 2010թ., 2011թ., անընդհատ»:
«Հիմա նոր ոգևորություն է մտել և, իմ կարծիքով, որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, և այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ` որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում, հոգե… Եվ նույնիսկ կարծում եմ, որ ոչ թե պետք է ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու որպես Ադրբեջանից հնչած արտահայտությունների պատասխան՝ բանաստեղծություն ուղղեց Ալիևին:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում