Պարգևատրվել են ու էլի կպարգևատրվեն
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թքած ունի հանրային կարծիքի վրա։ Ժողովրդի իշխանության անվան տակ կարող են իրենց թույլ տալ անցնել հանրության ցանկացած կարծիքի վրայով։
Երեք տարի շարունակ հանրությունը դժգոհում է պետության գրպանից տրվող ճոխ պարգևավճարներից, բայց իշխանությունները շարունակում են անդրդվելի մնալ։ Էլի պարգևավճարներ են բաժանում։ Արդեն չեն էլ ուզում արդարանալ։
Պետությունը փող չունի սահմանները պատշաճ կահավորելու, երկրի ռազմական խնդիրները լուծելու, վիրավոր զինվորին անվճար բուժելու, անապահովներին պետպատվերի շրջանակներում սպասարկելու, գիտնականի ու մանկավարժի աշխատավարձը բարձրացնելու, թոշակառուների ու նպաստառուների հոգսերն ինչ-որ կերպ թեթևացնելու համար, բայց Ազգային ժողովի նախագահը կարող է իրեն թույլ տալ մի քանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դրամի պարգևավճար բաժանել։ Դեռ մի բան էլ հայտարարում է, որ իր համար միևնույն է, թե ուրիշներն ինչ կմտածեն այդ մասին։
«Ես ասացի՝ դա իմ որոշումն է, ես քննադատություններից չեմ վախենում ու համարում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ու այդ որոշումը տեղին եմ համարում»,- թքած ունենալով հանրային կարծիքի վրա՝ ասում է Ազգային ժողովի նախագահը:
Մարդիկ տարիներով աշխատում են, բայց պարգևավճար չեն ստանում։ Իսկ Ազգային ժողովի նախագահն ընդամենը 2 ամսվա գործունեության կամ չգործունեության համար պարգևավճար է բաժանում պատգամավորներին։ Կարծես պետությունն այլ ավելի հրատապ տեղ չուներ ծախսելու այդ գումարները։
Ազգային ժողովի պատգամավորներն ու մյուսներն իրենց արածի ու չարածի համար առանց այդ էլ քիչ չեն վճարվում։ Թող բարի լինեն բավարարվել դրանով։
Կապ չունի, անկախության 30-ամյա՞կն է, թե՞ մեկ այլ առիթ։ Այնպես չէ, որ անկախության 30-ամյակը միայն պատգամավորներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին է վերաբերում, կամ, որ նրանք ավելի շատ բան են արել այդ անկախության համար, քան մյուսները։ Իսկ ինչո՞ւ անկախության 30-ամյակին չեն պարգևատրում մանկավարժին ու գիտնականին, բժշկին ու մտավորականին, դերասանին ու արվեստագետին։ Գուցե՞ մի փոքր էլ թոշակառուներին ու նպաստառուներին բաժին հանեին։ Թե՞ նրանք ավելի ապահովված են, քան իրենք։ Երբ հարցը հասնում է մյուսներին, մեր բյուջեում միջոցներ չկան, իսկ երբ իրենց է վերաբերում, ամեն ինչ տեղը տեղին պիտի արվի։
Մեր երկիրն այն օրի չէ, որ մի հատ էլ պետական պաշտոնյաները, աշխատավարձից բացի, պիտի բարձր պարգևավճարներ ու պարգևատրումներ ստանան։
Այնքան հրատապ խնդիրներ կան լուծելու, որոնք չեն լուծվում ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով, իսկ Ազգային ժողովի նախագահը կամ կառավարության ղեկավարը կարող են իրենց թույլ տալ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ բաժանել։ Երբևէ Հայաստանում այսպիսի պարգևավճարացավ չէր եղել։ Պարգևատրումներ միշտ էլ եղել են, բայց չափի մեջ։ Վերջին տարիներին դա մասսայական է դարձել, տեղի-անտեղի պետության հաշվին գումարներ են բաժանում։
Տարբեր տվյալներով, 3 տարում պետական համակարգում 100-150 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել։ Պարզ չէ սակայն, թե ինչի համար։
Այդ ո՞ր լավ աշխատանքի դիմաց են պետական պաշտոնյաները պարգևավճար ստացել ու ստանում։ Նրա համա՞ր, որ երկիրը հասցրել են այս օրվան։
Պարգևավճար են բաժանում, երբ բյուջեում փող չկա պետպատվերով բուժսպասարկման համար։ Կառավարությունը չի էլ ուզում գումար հատկացնել, ու միակ խորհուրդը հիվանդներին այն է, թե՝ գնացեք հերթ պահեք՝ մինչև մյուս տարվա համար հատկացումներ կարվեն։ Կարևոր չէ, որ մարդիկ հրատապ բուժման կարիք ունեն ու չեն կարող այդքան սպասել։
Սա է մեր իշխանությունների վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ։
Երբ ուզում՝ իրենց պարգևատրում են, բայց չեն հիշում, թե այս համատարած թանկացումների պայմաններում ինչպես են ապրում մանկավարժներն ու գիտնականները, բժշկներն ու մտավորականները, դերասաններն ու արվեստագետները, ի վերջո՝ հասարակ քաղաքացիները կամ այն 450 հազար թոշակառուները, ովքեր 30-40 հազար դրամ թոշակ են ստանում։ Պատգամավորները դրանից 15 անգամ բարձր աշխատավարձ են ստանում ու դեռ պիտի պարգևատրվեն։ Անկախությունը միայն նրանց համար է, իսկ թոշակառուն թող սպասի՝ մինչև իշխանությունը կբարեհաճի 2-3 տարին մեկ 1000 կամ 2000 դրամով թոշակ կբարձրացնի։
Սա՞ է ժողովրդի իշխանությունը։ Ժողովրդի անունը շահարկելով՝ իրենց գործերն են առաջ տանում։
Պետությունը փող չունի, դրսից պարտք է վերցնում, ներսում իրենց պարգևատրում են։
2018թ. մինչև այժմ 2 մլրդ դոլարի նոր պարտք են կուտակել։ Դրանք եկել նստել են պետության ու բնակչության վզին, իսկ իշխանությունների վեջը չէ։
Գոնե մտածեին այդ գումարները տնտեսության զարգացումներին ծառայեցնելու մասին։ Դա էլ չեն կարողանում անել։ 2018-2020թթ. պետական պարտքն ավելացրել են 1 մլրդ դոլարով, իսկ ՀՆԱ-ն աճել է ընդամենը 350 մլն դոլարով։
Եվս 1 մլրդ դոլար են կուտակել այս տարվա ընթացքում։ Այս տարի պարտքն աճել է ավելի քան 12 տոկոսով, ՀՆԱ-ն՝ հազիվ 5 տոկոսով։ Պարտքի աճի տեմպն առնվազն կրկնակի բարձր է, քան ՀՆԱ-ինը։ Փողը բերել են ու չեն կարողացել այնպես ծախսել, որ տնտեսական արդյունքն էլ մեծ լինի, որ վաղը կարողանան վերադարձնել այդ պարտքերը։
Միակ բանը, որ ժամանակին ու տեղին անում են, իրենց պարգևատրելն է։ Թքած, թե մյուսներն ինչպես են կարողանում ապրել ու գոյատևել։ Լավ է, որ գոնե այս տարի շատերն արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն ունեցան ու դրսից ուղարկած փողերով կարողանում են հոգալ դեռևս այստեղ մնացած իրենց ընտանիքների հոգսերը։
Այսօր մեր երկիրն այն վիճակում է, որ իրեն ճոխություններ թույլ տալու իրավունք չունի։ Իսկ դա իշխանությունների կողքով չի էլ անցնում։
Կարող են միլիոններ ու միլիարդներ ծախսել՝ պարգևավճարներ տալու, անկախության 30-ամյակը նշելու կամ վարչապետի անվան հեծանվավազք կազմակերպելու համար։ Կարծես այս երկրում այլ՝ ավելի հրատապ ու առաջնային հարցեր չկան լուծելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ