«Ուրբաթ օրը երեխեքին դպրոցից բերեցի տուն, ադրբեջանցիները սկսեցին կրակել․ մոտ 2 ժամ կրակեցին»․ Կութի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ գյուղի անմիջապես վերևի սարերում մայիսի 12-ից տեղակայված թշնամին կրկին կրակոցներ է արձակել։ Գյուղացիներից Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կրակոցները հնչել են, երբ աշակերտները դպրոցից տուն էին վերադառնում․

«Ուրբաթ օրը գնացի երեխեքին դպրոցից բերեցի տուն՝ 14։30, ադրբեջանցիները սկսեցին կրակել, մոտ 2 ժամ կրակեցին։ Երեկ էլ մի թեթև օդի մեջ են կրակել, այսօր դեռ կրակոց չկա․․․»։

Զմրուխտն ասում է՝ իշխանությունները փոխանակ մարդկանց անվտանգությունն ապահովեն, համայնքներն են խոշորացնում, բայց իրենք պայքարելու են դրա դեմ․

«Մենք չենք ուզում, որ մեր ամբողջ ժողովրդին տանեն միացնեն Վարդենիսին, որովհետև շատ դժվար է լինելու։ Ինչ-որ հարց լինի, պետք է 2000 դրամ տանք տաքսուն, որ գնանք Վարդենիս, հետո 2000 էլ տանք, որ հետ գանք։ Ես չեմ ուզում, որ մեր համայնքը խոշորացնեն․․․ Եթե ուզում են գյուղերն իրար միացնել, թող ամբողջ գյուղերի ժողովրդին տանեն մի տեղ տեղավորեն, գյուղերն էլ տան թուրքերին, պրծնենք, էդ ա մնում միայն, բայց մենք չե՛նք ուզում մեր գյուղից հեռանանք, որ այստեղ ենք ծնվել, մեծացել, ո՞նց այստեղից դուրս գանք, կամ ո՞նց գյուղերը կպցնենք իրար, այդ ժամանակ արդեն հասարակ մի տեղեկանք վերցնելու համար ժամերով պետք է գնանք քաղաքապետարանում հերթ կանգնենք։ Կութի ժողովուրդը ոչ մեկն էլ համաձայն չեն, որ մեր գյուղը միացնեն Վարդենիսին։ Հինգշաբթի, որ գյուղացիները ճանապարհ էին փակել, մարզպետը խոստացել էր գալ մեր գյուղեր, մարզպետը դեռ չի եկել մեր գյուղ»։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում նախ հաստատեց գյուղացիների փոխանցած տեղեկությունը, որ 2 օր առաջ թշնամին կրակել է Կութի ուղղությամբ, և մեր զրույցի պահին իրավիճակը հանգիստ է։

Հարցին՝ Գեղարքունիքի մարզպետը ժամանել է Գեղամասար համայնք, տեղում ծանոթացել խնդիրներին, քանի որ սեպտեմբերի 16-ին, երբ գյուղացիները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը, ավելի ուշ, մարզպետի հետ նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, Հակոբ Ավետյանը պատասխանեց․

«Մարզպետը դեռ չի եկել, և ոչ մի զանգ չկա։ Ճանապարհը փակելու օրը կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, իսկ մարզպետին դեռ սպասում ենք, հնարավոր է՝ վաղը գա, համենայն դեպս սպասում ենք, թե չէ ստացվում է՝ ակցիա արեցինք, հաշվի չառան, բան պայմանավորվեցինք, պայմանավորվածությունը չկատարեցին, դա կբերի դժգոհության ավելի մեծ ալիքի»։

Ավետյանը շեշտեց, այո՛, 2017 թվականին, երբ Գեղամասար համայնքը խոշորացվեց, բավականին դրական փոփոխություններ եղան, սակայն չի կարելի ասել, որ դա միայն այդ խոշորացման մոդելի արդյունքն էր, շատ մեծ նշանակություն ունի կառավարումը․

«Ես ասել եմ, որ խոշորացումն արդյունավետ բան է, իր դրական կողմերն ունեցել է, բայց չի նշանակում, որ եթե խոշորացրինք՝ լավ է, մի հատ էլ խոշորացնենք, մի հատ էլ խոշորացնենք, հետո էլի խոշորացնենք, բերենք Հայաստանը սարքենք մի համայնք, վերջիվերջո չափ կա, որ այդ չափի մեջ լավ է, ու նաև համայնքի ղեկավարի ֆակտորը կա, որ այդքան դրական արդյունքներ ենք ունեցել՝ չի նշանակում, որ այդ մոդելն էր, որ այդքան հաջողություններ ունեցանք։ Ես որպես համայնքի ղեկավար՝ միշտ համագործակցել եմ ավագանիների հետ, մեր մոտեցումն այնպես է եղել, որ կարողանանք բոլոր գյուղերում, ինչ-որ հարցերի լուծում տանք, ու մենք այդ հաջողությունն ունեցել ենք, բայց կարող էր նաև հակառակ պատկերը լիներ․ նույն խոշորացումը կարող էր մի տեղ դրական արդյունք տար, մի տեղ՝ բացասական։ Հիմա, եթե այս մոդելը հաջողվել է, տեսնում են, որ շատ լավ է, էլ իմաստը ո՞րն է, որ նորից այս համայնքի վրա փորձեր են ուզում անել, միացնեն Վարդենիսին, տեսնեն՝ հիմա՞ ոնց կլինի, ես կարող եմ ասել, որ շատ վատ է լինելու․․․»,- ամփոփեց կարծիքը Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Տեսանյութեր

Լրահոս