«Եթե ճանապարհը փակ մնա, պետք է պարբերաբար հաց ու սնունդ տանեն գյուղ, չգիտեմ՝ ճանապարհը կբացե՞ն, թե՞ ոչ, որևէ մեկը չի կարող ասել». Շուռնուխի գյուղապետ
Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Գորիս-Որոտան ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Թշնամին օգոստոսի 25-ի երեկոյան փակել է այդ ճանապարհները։ Բացելու համար տեղի են ունեցել բանակցություններ, սակայն դրանք ավարտվել են անարդյունք։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցություններն ավարտվել են, սակայն ճանապարհները չեն բացվել։
Ինչ վերաբերում է Բարձրավան գյուղին, որը ճանապարհները փակելու հետևանքով հայտնվել է մեկուսացման մեջ, Հակոբ Արշակյանն ասաց, որ մարզպետարանը կազմակերպել է և ԱԻՆ մեքենայով գյուղ հաց, սնունդ են հասցրել։
«Եթե ճանապարհը փակ մնա, պետք է պարբերաբար հաց ու սնունդ տանեն գյուղ, ըստ գրաֆիկի՝ ԱԻՆ մեքենան օրը երկու անգամ պետք է գյուղ մտնի։ Ես չգիտեմ, ի վերջո այդ ճանապարհը կբացե՞ն, թե՞ ոչ, որևէ մեկը չի կարող ասել»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի երկու հայկական համայնքների անուններն ադրբեջաներենով ասում, Հակոբ Արշակյանն ասաց, որ Փաշինյանի ասածը վերաբերում է ոչ թե Շուռնուխ, Կարմրաքար բնակավայրերին, այլ Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածին։
Նշենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում ճանապարհների փակմանը՝ այսպես հիմնավորեց պատճառը, թե քանի որ Ազգային ժողոովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին էր, դրա համար առաջացավ արդեն հայտնի իրադրությունը։
«Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից՝ մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- https://168.am/2021/08/27/1569407.html ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։