Հանրության մտահոգություններն ու հարցերը պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքների մասին
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում նախատեսվում է օգոստոսի 25-ից անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ, որում նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
Վարժական հավաքները նորույթ չեն, դրանք սահմանված են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, սակայն նորանկախ Հայաստանում առաջին անգամ են եռամսյա վարժանքներ անցկացվում, և նաև այդ հանգամանքի պատճառով բազմաթիվ հարցեր են ծագել քաղաքացիների մոտ: Հիմնական հարցը, որ քաղաքացիները բարձրացնում են՝ ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որտեղ տեղադրված էր նախագիծը, այնպես էլ սոցիալական հարթակում, առնչվում է հարցի սոցիալական բաղադրիչին: Շատերին հետաքրքրում է, թե քաղաքացու՝ հավաքին մասնակցելու դեպքում ինչպե՞ս են կարգավորվելու նրա ու իր գործատուի միջև հարաբերությունները, արդյո՞ք հավաքին մասնակցելու ընթացքում տրված վարձատրությունը կլուծի տվյալ քաղաքացու ու նրա ընտանիքի կարիքները, արդյո՞ք գործատուն, հատկապես՝ մասնավոր ոլորտում, պատրաստ է 3 ամիս սպասել ու պահպանել տվյալ աշխատողի տեղը:
Քաղաքացիներից Արտիկ Արզաքանցյանը, օրինակ, առաջարկել էր քաղաքացիների տնտեսական ու սոցիալական վիճակին առավել հարմարեցված տարբերակ: Մարինե Կուրոյանի կարծիքով էլ՝ նման երկարաժամկետ հավաքները կարող են արտագաղթի առիթ դառնալ:
«Նման ծավալի ռեսուրսներ խլող հավաքները շատ վատ են անդրադառնալու ոչ միայն գործատուների, տնտեսության, հավաքներին մասնակցող մարդկանց ընտանիքների բարեկեցության վրա, այլ նաև ուղղակիորեն խթանելու են արտագաղթը, դրդելու են գործատուներին խուսափել տղամարդկանց աշխատանքի վերցնելուց, հավաքներ հայտարարելուց հետո աշխատողներին ազատել, և այլն: Երեք ամսով հասուն, ընտանիք ունեցող մարդկանց տանել բանակ, դա ընդունելի չի, այն էլ՝ երկրի այսպիսի սոցիալ-տնտեսական վիճակում և համավարակի պայմաններում: Դա նաև խթանելու է ինչ-որ ձևերով հավաքներից խուսափելը, առաջացնելու է կոռուպցիոն ռիսկեր և այլն: Դրա փոխարեն կարելի է կազմակերպել, օրինակ, վեց ամիսը մեկ երկշաբաթյա հավաքներ՝ ըստ առանձին զինվորական մասնագիտությունների, որոնց մասնակցողներն այդ ընթացքում կօգտագործեն իրենց տարեկան արձակուրդի մի մասը, դրա փոխարեն կվճարվեն այդ արձակուրդայինների չափով կամ կստանան այլ ժամանակահատվածում լրացուցիչ արձակուրդ: Այս դեպքում դա չի առաջացնի նկատելի ազդեցություն պետական ֆինանսական միջոցների վրա, չի խթանի արտագաղթը, հատկապես՝ որակյալ կադրերի, չի բարդացնի մասնակցողների ընտանիքների սոցիալ-տնտեսական ու նաև բարոյահոգեբանական վիճակը»,- գրել էր քաղաքացի Մարինե Կուրոյանը:
Ի պատասխան քաղաքացիների առաջարկությունների՝ նախագծի հեղինակ ՊՆ-ն նշել է, թե առաջարկությունների հիմքով «փոփոխություններ կատարված չեն», այսինքն՝ չեն ընդունվել քաղաքացիների առաջարկները:
Ֆեյսբուքյան մի օգտատեր թեմայի քննարկման ժամանակ գրել էր, թե ճանաչում է մի մարդու, ում գործատուն ասել է, թե 3 ամսով գնացողը կարող է հետ չգալ:
Քննարկմանը մասնակցած ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ գրել էր՝ խոսքը ոչ թե հավաքի, այլ առաջնագծում դիրքեր պահելու մասին է:
«Տանում են դիրքեր պահելու առաջնագծում, ի՞նչ վարժանք»:
Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ գրել էր ֆեյսբուքյան հարթակում. «Առնվազն իրազեկման, հասարակության հետ աշխատանքներ պետք է տարվեր, մարդկանց բացատրվեր կարևորությունը, դերը և նշանակությունը այդ վարժանքների։
Այն էլ այս մթնոլորտում, որ բանակի հանդեպ վստահության խնդիր կա, էլ չեմ ասում ընդհանուր պետության հանդեպ վստահության պակասը և միևնույն ժամանակ նախկին դիլետանտների ներկայությունը պետական կառավարման ապարատում»:
Հանրությանը հետաքրքրող այս ու նման այլ հարցերի պատասխաններ ինչ-որ չափով տրված են ՊՆ հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ վարժական հավաքներն արվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով: Հենց այս հայտարարությամբ հաստատվում է, որ պահեստազորայինները նաև դիրքեր են պահելու այդ ընթացքում:
«Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության…
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հ.Գ. Քաղաքացիներին հետաքրքրող այս հարցերին պատասխաններ կփորձենք ստանալ նաև պաշտպանության գերատեսչությունից ու ներկայացնել հանրությանը: