Չեմ կարծում, թե Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից է, բայց գուցե ամենակոմպրոմիսայինն է. Քաղաքագետը՝ արտգործնախարարի նշանակման մասին
Այս տարվա մայիսից թափուր մնացած արտգործնախարարի պաշտոնը, ի վերջո, համալրվեց. ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին նախարարի պաշտոնում նշանակելու համապատասխան հրամանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ այսօր ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Արտաքին գործերի դեռ չնշանակված նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի անունը շրջանառվում էր նախարարի հավանական թեկնածուների թվում: Ըստ տարածվող տեղեկությունների, սակայն, այս թեկնածությունն ընդունելի չի եղել Ռուսաստանի կողմից՝ Ա. Գրիգորյանի ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշման պատճառով: Արարատ Միրզոյանի նշանակումից հետո, ինչպես և սպասելի էր, Արմեն Գրիգորյանն արդեն վերադարձավ իր պաշտոնին:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս քաղաքական «ռակիրովկաներին»՝ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ևս հաստատեց՝ Արմեն Գրիգորյանի թեկնածությունն այնքան էլ ընկալելի չէր Ռուսաստանի կողմից, ապա մանրամասնեց.
«Ընկալելի չէր՝ ինչպես կարող է այդ պաշտոնին նշանակվել մի մարդ, որն ունի բավականին հակառուսական հետագիծ: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի գլխավոր գործընկերը, ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանն է, որի հետ կապվում են նաև ՀՀ ռեգիոնալ քաղաքականությունը, Արցախի հարցի շուրջ և հետպատերազմյան բոլոր զարգացումները, հնարավոր ընթացքը, ամեն դեպքում, Արմեն Գրիգորյանի նշանակումը հասկանալի չէր:
Եթե Նիկոլ Փաշինյանը նման ձգտումներ, պատկերացումներ ուներ, որ դա կարելի է անել, նշանակում է, այնուամենայնիվ, որ այս երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը դեռևս մինչև վերջ չի ընկալել արտաքին քաղաքականության բոլոր խութերը, նրբությունները»:
Քաղաքագետի գնահատմամբ, եթե այս պաշտոնում Նիկոլ Փաշինյանը նշանակում է Արարատ Միրզոյանին, նշանակում է՝ այն խնդիրները, որոնք կային դիվանագիտական կորպուսի և Փաշինյանի միջև, հարթված չեն, որովհետև կադրային դիվանագետ չգտնվեց, որը կարող է դառնալ արտգործնախարար.
«Դիվանագիտական կորպուսում Փաշինյանը չգտավ որևէ մեկին, որը միանշանակ կարող է վստահություն ներշնչել իրեն, մյուս կողմից՝ չի բացառվում, որ որևէ մեկը, տեսնելով վերջին տարիների նախկին երկու կադրային դիվանագետների դառը փորձը՝ թե՛ Զոհրաբ Մնացականյանի, թե՛ Արա Այվազյանի, գուցե չեն ուզում գլուխ դնել այսօրվա երկրի ղեկավարի հետ:
Սա քաղաքական նշանակում է. թիմի ներկայացուցիչ, որը, չեմ կարծում, թե այժմ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից է, բայց, այնուամենայնիվ, ամենակոմպրոմիսայինն է, գուցե և ընկալելին դրսի համար (նրանց համար, օրինակ, ովքեր չէին ընկալում Արմեն Գրիգորյանին)»:
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կաշխատի Արարատ Միրզոյանը՝ Վիգեն Հակոբյանը չբացեց փակագծերը. «Այնպես, ինչպես ԱԺ նախագահ է եղել, ինչպիսի խորհրդարանական դիվանագիտություն է ղեկավարել. որքան հաջող է ղեկավարել, այդքանով էլ, կարծում եմ, արտգործնախարար կլինի»:
«Այս կառավարման համակարգի պարագայում, երբ շատ հարցեր սպոնտան են լուծվում, և շատ դեպքերում Արտգործնախարարությունը, ինչպես արտգործնախարարներն էին պնդում, տեղյակ չի լինում որոշումների մասին, այստեղ նույնիսկ այդքան կարևոր չէ՝ ով է արտգործնախարարը»,- եզրափակեց նա: