«Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում, սա նախապայման չէ՝ մեր դիրքորոշումն է, տեսլականը». Դավիթ Բաբայան
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել էր նաև Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, ծրագրով նախանշված քայլերին։
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամական մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում։ Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը արձանագրում ենք՝ որպես մեր երկարատև ռազմավարություն։
Հաջորդ գործոնը, որը կարող է էական ազդեցություն ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Մենք ընդգծում ենք համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և ԼՂՀ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագիրն ըստ էության որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ, այն առումով, որ մենք մեր ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահության կոչին, նախապայմաններ չենք առաջադրել, ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորվելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք, և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու միտում արտահայտված չլինի ծրագրում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթին՝ բանակցային գործընթացը վերսկսելու առանց նախապայմանների, նկատեց՝ երբ խոսվում է առանց նախապայմանների բանակցային գործընթացից, նույնը պետք է հայտարարվի նաև Ադրբեջանի կողմից։
«Բնական է, իրենք էլ չեն կարող որևէ նախապայման դնել, կարծում եմ՝ այստեղ բոլորի դիրքորոշումը պարզ է, և մերը, և Ադրբեջանինը, ասել ենք ու կրկնում եմ՝ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում, սա նախապայման չէ, սա մեր դիրքորոշումն է, տեսլականը։ Հետևաբար՝ սա կարևոր է, ինչը նշանակում է, որ մեր այս կարծիքը բոլորն էլ հաշվի առնեն, սա ամենկարևոր դիրքորոշումն է, որը մենք ունենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, իրատեսակա՞ն է, որ ՀՀ իշխանություններն Արցախի վերաբերյալ որևէ որոշում ընդունելուց առաջ հաշվի առնեն Արցախի տեսակետը, և առհասարակ, երբ բանակցությունները վերսկսվեն, դրանք ի՞նչ օրակարգով պետք է ընթանան, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Արդեն քանի տարի է՝ բանակցային գործընթացն ընթանում էր, արդյունքը եղել է այն, որ երկար պահպանվել էր կայունությունը և խաղաղությունը, սակայն հիմնախնդիրը չի կարգավորվել։ Հետևաբար՝ այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ հարցի կարգավորումից մենք շատ հեռու ենք, և այս տեսակետից, կարծում եմ՝ հիմնական շեշտը դրվելու է խաղաղության և կայունության պահպանման վրա։ Շատ կարևոր է լինելու նաև խաղաղապահ առաքելության ժամկետների երկարաձգումը, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, ռուս խաղաղապահ առաքելությունը պետք է մնա Արցախում։
Առհասարակ պատերազմը մեծ վերք է թողել, բայց արդեն նոյեմբերի սկզբին այլընտրանք չկար, եթե պատերազմական գործողությունների դադարեցման այդ հայտարարությունը չստորագրվեր, որևէ մեկը չգիտեր, թե ինչ կլիներ հիմա։ Ես ասում եմ՝ նոյեմբերի սկզբի դրությամբ։ Իհարկե, ինչպես կարող են հաշվի չառնել Արցախի կարծիքը»։
Այս համատեքստում Դավիթ Բաբայանը կարևորեց արցախահայության բարոյահոգեբանական վիճակը և տեսլականն ապագայի նկատմամբ։ Ադրբեջանի գերնպատակը, երազանքն այն է, որպեսզի արցախահայությունը հրաժարվի Արցախից, պետականությունից, կամավոր գերադասի Ադրբեջանի կազմում լինելը։
«Պետությունը, ցանկացած երկիր հզոր է լինում, երբ ազգ է ունենում, դրա համար պետության հակառակորդ երկիրն ուզում է, որ ազգը կործանվի, որը կարող է տեղի ունենալ մի քանի էտապով՝ ազգը դառնում է ժողովուրդ, ժողովուրդը դառնում է ամբոխ։ Ադրբեջանն ուզում է, որ այս շղթային Արցախի պարագայում՝ ավելանա ևս մեկը՝ցեղատեսակ, այսինքն՝ մարդիկ մտածեն միայն իրենց հացի մասին, գաղափարախոսությունը փոխարինի գաղափորախոսությանը՝ ուղղակի գոյատևելու համար հրաժարվեն ամեն ինչից։ Սա կլինի սարսափելի զարգացում, վերջը ոչ միայն մեր պետության։ Ադրբեջանի երազանքն է, որպեսզի ինքներս փակենք այդ էջը, նման բան չի լինելու։ Եթե ազգի մեջ արժանապատվություն չեղավ, այն ժամանակ արդեն անիմաստ է խոսել պետականությունից»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակմանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ պլանավորված է՝ շնորհավորել Արարատ Միրզոյանին և մաղթել նրան հաջողություն:
«Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտգործնախարարները պարտավոր են ունենալ սերտ փոխհամագործակցություն, հուսամ, այդ համագործակցությունը կշարունակվի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։