Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողներին հեռացրել են․ lragir.am
Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից օրերս Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Գյուղի սահմանները ներկայում անպաշտպան են, իսկ Եղցահողի բնակելի տները շփման գծից հեռու են ընդամենը 1,5 կմ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերը պատերազմից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Ավելի վաղ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի սահմաններից էին հանվել հայկական զինծառայողները, իսկ օրերս՝ նաև Եղցահողի սահմաններից։ «Ինչ-որ պայմանավորվածություն կա՝ զորքերը հետ քաշելու։ Սկզբում մեր տղաներին մեր դիրքերից հանեցին, պայմանավորվածություն կա, որ այսօր կամ վաղվա ընթացքում պետք է ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն, դեռևս սպասում ենք։ Այսինքն՝ առաջինը զորքերը մենք քաշեցինք, իրենք այս պահի դրությամբ դեռ իրենց տեղում են»,- ասաց Եղցահողի համայնքապետը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները եկել են ու տեղեկացրել, որ իրենք են պահելու այդ դիրքերը։ «Բայց գիշերային հերթապահություն չկա, մենակ ցերեկային պարեկային հսկողություն են անելու, որին բնակչությունն ընդհանրապես դեմ է։ Դեռ սպասում ենք, տեսնենք ինչ է կատարվում։ Պարեկային ծառայությունը ենթադրում է, որ երբ իրենց պետք լինի, կգան այն դիրքեր, որոնք մեր տղաները 100 տոկոսով պահում էին։ Ռուս խաղաղապահները այսօր կարող են գալ, վաղը չգալ, այսինքն՝ ցանկացած պահի հնարավոր է թուրքերի առաջխաղացումը, ինչը իրենցից սպասելի է»,- նշեց Արտակ Հակոբյանը։
Հարցին, թե ի՞նչ է պարզաբանվել պաշտոնապես, ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հանվեին, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Հստակ բան չեն ասել, ասել են՝ ռուս խաղաղապահները պետք է պահեն։ Մեր ներկայությամբ հայկական ներկայացուցիչները պնդեցին, որ մեր զորքերը պետք է մնան, բայց ինձ թվում է՝ վերադասի հետ պայմանավորվածություն է եղել»։
Եղցահող գյուղում այսօր բնակվում է 45 ընտանիք՝ 145 անդամով։ Նախքան պատերազմը գյուղը 200 բնակիչ է ունեցել։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմի օրերին Եղցահողի բնակիչները գրեթե չեն լքել գյուղը։ Հակոբյանի խոսքով՝ անգամ Շուշիի գրավման օրը Եղցահողի բնակիչները իրենց երեխաների հետ միասին մնացել են գյուղում։ Պատերազմից հետո գյուղը նաև մի քանի նոր ընտանիքներով է վերաբնակեցվել։
«Հրադադարից հետո մեր զորքը կանգնած էր սահմանին, հիմա եկել հանել են։ Մի անգամ էլ էին նման փորձ կատարել, ժամկետ էին տվել, բայց մեր կողմից կոշտ պատասխանի էին արժանացել, մեր կողմից մեծ կուտակումներ էին եղել, իրենք ձայները կտրել էին։ Բայց էսօրվա դրությամբ ես չեմ հասկանում ինչ-ինչ պատճառներով շատ ափալ-թափալ այսպես կազմակերպված մեր դիրքերից դուրս եկանք։ Այս պահի դրությամբ արդեն սահման գոյություն չունի, մեր տղաների կանգնած դիրք չունենք»,- ասաց նա։
Արտակ Հակոբյանի խոսքով՝ այսպիսով անվտանգության լուրջ խնդիրներ են ստեղծվում գյուղի համար։ «Յուրաքանչյուր պահի սպասելի է, որ թուրքերը կգան գյուղ, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է թուրքի խաբեբայության վրա։ Սա իմ լուծելու հարցը չէ, վերադասը պետք է լուծի։ Ինչ հարց բարձրացնում ենք, վերադասն ասում է՝ քննարկման մեջ է, իրենք հետ են քաշվելու։ Բայց չի եղել նման փորձ, որ առաջինն իրենք հետ քաշվեին, նոր մենք այդ քայլը կատարեինք։ Ես երեկ նույն հարցը մեր վերադասին ու ռուս խաղաղապահներին եմ տվել՝ ինչո՞ւ ամեն անգամ մենք։ Միևնույն է, հարցս անպատասխան մնաց»,- հավելեց նա։