Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախո՞ւմ… Կարեն Սարգսյանը հոխորտաց ընդդիմության վրա

Ազգային ժողովում արտահերթ նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝  Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ: Նախագծի համաձայն, ինչպես ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ՝ պայմանավորված կլիմայով: Եվ որպեսզի ընդհանուր 2021թ.-ի համար ջրի դեֆիցիտը չկազմի 97.53 մլն խորանարդ մետր, առաջարկվում է 2021թ. ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանել 245 մլն խորանարդ մետր՝ լճից լրացուցիչ 75 մլն խորանարդ մետր ծավալով ջրբացթողում իրականացնելով:

Նախագիծը ներկայացնելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ելույթներով ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ Կառավարության ներկայացրած նախագծում բացակայում են փաստական տվյալները, հետազոտությունները, ու Սևանից լրացուցիչ քանակով ջրառ իրականացնելու միակ հիմնավորումը նշվում է շոգն ու եղանակային անբարենպաստ պայմանները:

Եվ ինչպես պարզ դարձավ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի եզրափակիչ ելույթից, ընդդիմադիրների դիտարկումները նրան բավականին վրդովվեցրել էին:

Կարեն Սարգսյանը հակադարձեց պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աննա Մկրտչյանի, Թադևոս Ավետիսյանի ելույթներին՝ հոխորտալով և ընդդիմադիր պատգամավորներին որպես հիշեցում՝ տեղեկացնելով, որ ինքը 44-օրյա պատերազմի օրերին իր մեքենայով վիրավորների և զոհերի է տեղափոխել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, օրինակ, կառավարության նախագիծը մանիպուլյատիվ էր որակել:

«Ամեն ինչ նույնն է, նույն մանիպուլյացիայով, կառավարվում է նույն ձևով՝ կեղծ, սուտ և այլն: Ո՞րն է այստեղի մանիպուլյացիան: Ասում են, որ «ջուր ա պետք, բա ջուր չտա՞նք», շատ լավ, «որտեղի՞ց տանք, եթե անձրև չկա, տարին չորային է, ապա պիտի տանք Սևանից»: Այս տրամաբանությամբ շարունակելով, եթե այսպես ջուրը տվեցիք Սևանից, մի օր էլ Սևանը չեղավ, ոնց որ հիմա, օրինակ, Հադրութն ու Շուշին հայկական չեն, այսպիսի պարագայում հետո ումի՞ց պիտի ջուր վերցնեք կամ ո՞ւմ մեղադրեք»,- ասել էր Ավետիսյանը:

Ջրային կոմիտեի նախագահն այս ելույթին զայրացած հակադարձեց.

«Էն մեր մյուս գործընկերը, էն, որ խոսում էր Հադրութի մասին, Ավետիսյան: Պարոն Ավետիսյան, սեպտեմբերի 28-ից եղել եմ ռազմի դաշտում, նոյեմբերի 13-ին նոր հետ եմ վերադարձել: Երբ որ էն ժամանակ Դուք վախենում էիք Քարվաճառով մտնել, որովհետև երկու ճանապարհները ռմբակոծում էին, ես իմ անձնական մեքենայով վիրավորների և զոհվածների էի հանում Քարվաճառից: Էս ի՞նչ հանձնելու մասին եք խոսում, հիմա էլ Սևանը հանձնելու: Ու պլյուս դրան, ես չեմ ասել, որ մենք կբացառենք… կապ չունի, կապ չունի, ինքն էլ ինձ չճանաչելով՝ նման հայտարարություն արեց: Այսինքն՝ ո՞ւմ չեմ ճանաչում, ի՞նչ պիտի ճանաչեի… Ես ոչ մեկի չեմ ճանաչում, ինձ են վիրավորել, ինձ են վիրավորել, ես դրա համար եմ ուզում դրան անդրադառնալ:

Չմոռանանք, որ իմ ընտանիքում ես առաջին պատերազմում կորցրել եմ հորեղբոր տղա:  14թվին, այ էն դիվերսանտները, որոնք որ գնացին, մեր գերիները հետ եկան տուն, իմ եղբորը սպանողներն էին, մայոր Աբրահամյանին սպանողներն էին, բայց մենք համաձայն ենք եղել, որ էդ նույն դիվերսանտները գնան, ու մեր գերի ընկերները հետ գան տուն: Նաև այս պատերազմին հորեղբորս թոռն է զոհվել: Էդ ինչի՞ մասին եք խոսում, չհասկացանք: Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախո՞ւմ, չգիտեմ՝ ինչ ենք անում: Մի հատ վերցրեք, ուշադրություն դարձրեք, թե մենք ինչքան ջուր ենք վերցնում, վերցրեք, ուշադրություն դարձրեք էն տարիների համեմատ, երբ որ 20% ա եղել սակավաջրությունը, ինչի՞ համար եք էդքան ջուր վերցրել: Էսօր 40-60% սակավաջրություն կա, բայց ձեզանից ուզում ենք ուղիղ էն քանակությամբ, ինչքան որ գետը մեզ պակաս ջուր ա տվել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս